Ցեխարձակման անյաջող փորձ դեռ չգումարուած ՀՅԴ ընդհանուր ժողովին

Ցեխարձակման անյաջող փորձ դեռ չգումարուած ՀՅԴ ընդհանուր ժողովին

Ռոբերտ Մարգարեան

Ցաւով նկատեցի, որ hraparak.am-ը երէկ հրապարակել է Նիւ Եորքից Դաւիթ Թորոսեան անունով ինչ-որ անծանօթ հեղինակի (ասում եմ անծանօթ, քանի որ չկարողացայ նրա մասին որեւէ տեղեկութիւն գտնել) «ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովին ընդառաջ. ՀՅԴ-ն դուրս կը գա՞յ ճահիճից, թէ՞ կը շարունակի առաջնորդուել նոյն հնամաշ լոզունգներով» խորագրով յօդուածը:

Թէ ի՞նչ բովանդակութիւն է պարունակում ու ի՞նչ նպատակ է հետապնդում յօդուածը յայտնի է արդէն խորագրից:

Նպատակ ունէի ընդարձակ կամ առնուազն նոյն ծաւալով գրութեամբ պատասխանել այդ յօդուածում տեղ գտած սխալ, երբեմն վիրաւորական ու երբեմն էլ ծիծաղելի տեղեկութիւններին:

Յետոյ մտածեցի փաստերն աւելի խօսուն կարող են լինել քան հռետորական ոճի երկարաշունչ պատասխանը:

Եթէ յօդուածագիրը հարց է ուղղում այն մասին, թէ արդեօք ՀՅԴ-ն դուրս կը գայ ճահիճից դա նշանակում է, որ նրա համոզմամբ այս պահին Դաշնակցութիւնը պիտի յայտնուած լինի ճահիճում: Բայց արդեօ՞ք դա համապատասխանում է իրականութեանը: Այսինքն այս պահին ՀՅԴ-ն՝ Հայաստանում ու Սփիւռքում գտնւում է ճահիճում:

Պատասխանեմ հարցին հիմք ընդունելով վերջին վեց տարիների կտրուածքով մի շարք փաստէր:

-Մինչեւ 44-օրեայ պատերազմ՝ 2019 թուականի նոյեմբերին, Հայաստանի գործող իշխանութիւնների վարած ապազգային քաղաքականութեան դէմ առաջինը բարձրաձայնել ու բողոքի հրապարակային ակցիայ է կազմակերպել Դաշնակցութիւնը երկու շաբաթ նստացոյց անցկացնելով ԿԳՄՍ նախարարութեան դիմաց:

-44-օրեայ պատերազմից յետոյ ձեւաւորուել են երեք խոշոր շարժումներ՝ «Հայրենիքի փրկութեան շարժում», «Դիմադրութեան շարժում» եւ «Սրբազան շարժում: Երեք շարժումներում էլ կամ գլխաւոր դերակատարը եւ կամ հիմնական շարժիչ ուժը եղել է ու շարունակում է մնալ ՀՅԴ-ն:

-2021 թուականին ՀՅԴ-ն «Հայաստան» դաշինքի կազմում մասնակցել է ԱԺ ընտրութիւններին եւ որպէս գլխաւոր ընդդիմադիր ուժ անցել է խորհրդարան: Այս պահին «Հայաստան» դաշինքի 29 պատգամաւորներից 15-ը դաշնակցականներ են: Այլ խօսքով թէեւ «Հայաստան» դաշինքի կազմում, սակայն կուսակցական ներկայացուածութեան տեսակէտից ՔՊ-ից յետոյ ՀՅԴ-ն համարւում է ՀՀ ԱԺ-ի երկրորդ կուսակցութիւնն, ինչն աննախադէպ է Հայաստանի Հանրապետութեան աւելի քան 33-ամեայ պատմութեան ընթացքում:

-Հայաստանում իշխանութիւնը զաւթած խմբի ու նրանց պարագլխի գիշերային սարսափելի երազների ու առօրեայ վախերի կիզակէտում շարունակում է մնալ ՀՅԴ-ն: Հետեւէք ԱԺ-ի հերթական նստաշրջաններում ՔՊ-ական պատգամաւորների ելոյթներին, civic.am-ների ու նմանատիպ այլ ԶԼՄ-ների հրապարակումներին եւ արդար դատող մարդու համար պարզ կը դառնայ թէ ինչ տեսակի ու մակարդակի վախերի ու սարսափների մասին է խօսքը:

-Չորս տարի է ինչ Սփիւռքի տարբեր համայնքների դռները փակ են Նիկոլ Փաշինեանի ու նրա իշխանութեան բոլոր ներկայացուցիչների դիմաց: Այցերի ժամանակ նրանք չունեն ժողովրդի հետ ուղղակի շփուելու համարձակութիւն: Դաւաճան ու հայրենիքը վաճառած իշխանութիւնների ներկայացուցիչների այցերը տեղի են ունենում խիստ գաղտնիութեան պայմաններում, իսկ հանդիպումները լաւագոյն կերպով փակ ձեւաչափով ու ընտրեալ հրաւիրեալների մասնակցութեամբ: Վկան՝ Նիկոլ Փաշինեանի վերջին շրջանում Շուեցարիայ, Վաշինգտոն ու Ֆրանսիա կատարած այցերը: Վկան՝ Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը, որ արդէն 6 տարի այդ պաշտօնը զբաղեցնելուց յետոյ դեռ չի կարողացել Երեւանից օդային ճանապարհով մէկ ժամ հեռաւորութեան վրայ գտնուող Իրանի հայկական համայնք այցելել: Եթէ որեւէ մէկին թւում է, թէ այս ամէնը պատահաբար է ստացուել, խիստ սխալւում է: Չժխտելով հանդերձ սփիւռքեան այլ ընդդիմադիր կառոյցների դերակատարութիւնը, կարելի է հաստատ արձանագրել նաեւ այս ուղղութեամբ Սփիւռքում գլխաւոր աւանդական կառոյցի՝ ՀՅԴ-ի, դերակատարութիւնը:

-Այս ամբողջին գումարէք թէ 44-օրեայ պատերազմի ժամանակ եւ թէ նրանից յետոյ արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան ու նաեւ Ցեղասպանութեան պաշտօնապէս ճանաչման հարցով ՀՅԴ-ին կից Հայ Դատի յանձնախմբերի հսկայական աշխատանքը:

Նման ծաւալի աշխատանք իրականացրած ու արդիւնք արձանագրած կուսակցութեանը ճահիճի մէջ համարողը կամ ուղեղի հետ կապուած լուրջ խնդիր պիտի ունենայ կամ էլ Հայաստանի դաւաճան իշխանութիւնների հետ համահունչ լծուած պիտի լինի Նիկոլ Փաշինեանի ու նրա ուսապարկերի կողմից Հայաստանի պետականութեան վերջնական կործանմանն ընդդիմացող գլխաւոր պատնէշներից մէկին՝ ՀՅԴ-ին հարուածելուն, ինչն ի դէպ տասնեակ տարիներից ի վեր եղել է նախ Թուրքիայի ու այսօր նաեւ Ադրբեջանի երազանքը:

Share