Թրամփը խաղաղութիւն է խոստացել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. Նա կարող է սկսել այստեղից.

Թրամփը խաղաղութիւն է խոստացել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. Նա կարող է սկսել այստեղից.

Դեյուիդ Իգնաթիուս «Washington Post»

Աշխարհում այնքան տառապանք կայ, որ անյատական դէպքերը նկատելի չէն: Բայց ես ուզում եմ բացատրել Ռուբէն Վարդանեան անունով մի մարդու ծանր վիճակը։ Նա Ադրբեջանում դատուող քաղբանտարկեալ է, նրան սպառնում է ցմահ ազատազրկում եւ նրա դէպքն աւելի մեծ ուշադրութեան է արժանի:

Վարդանեանի յանցանքը, եթէ կարելի է դա այդպէս անուանել, այն է, որ նա սատարել է հայկական դիմադրութեանը Լեռնային Ղարաբաղում՝ Կովկասի հեռաւոր տարածաշրջանում, որն իրաւաբանօրէն Ադրբեջանի կազմում է, բայց որի բնակչութիւնը ժամանակին մեծամասամբ հայ էր եւ ինքնաւար։ Այլեւս այդպէս չէ. տարածաշրջանի 120,000 հայերը փախան 2023 թուականի սեպտեմբերին, երբ ներխուժեց ադրբեջանական զօրքը: Վարդանեանը ձերբակալուեց, երբ փորձում էր հատել Հայաստանի սահմանը։

Վարդանեանը նահատակի կերպար չունի։ Նա գործարար է, որը հետխորհրդային Ռուսաստանի յախուռն սկզբնական շրջանում գումար է վաստակել որպէս ներդրումային բանկիր, այնուհետեւ սկսել է այն տրամադրել բարի նպատակների համար: 2014-ին նա միջազգային դպրոց հիմնեց Հայաստանի Դիլիջան քաղաքում՝ իր փոքրիկ ու փխրուն երկիրը աշխարհի հետ կապելու համար։ Իսկ 2015-ին նա համահիմնադրեց «Աւրորայ մարդասիրական նախաձեռնութիւն» կոչուող իրաւապաշտպան խումբը, որի աջակիցների թւում են այնպիսի աստղեր, ինչպիսին Ջորջ Քլունին է:

Աւրորայի կարգախօսն է «Երախտագիտութիւնն՝ ի գործ»: Վարդանեանի գաղափարն էր մեծարել աշխարհի այն մարդկանց, ովքեր անձնուրաց օգնում են ուրիշներին մեր ժամանակներում՝ ճիշտ այնպէս, ինչպէս պարկեշտ մարդիկ փրկեցին նրա նախապապին՝ Հմայակ Վարդանեանին, 1915 թուականի Հաեօց ցեղասպանութեան ժամանակ։ Այդ սարսափելի իրադարձութիւնը զայրոյթով յիշելու փոխարէն Վարդանեանը ցանկանում էր յոյսով նայել ապագային եւ հանդիսաւորութեամբ պատուել մարդկային ոգու լաւագոյն դրսեւորումը:

Պետք է պարզաբանեմ, որ ես Վարդանեանի դէպքի չէզոք դիտորդ չեմ։ Նա արդէն տաս տարի իմ ընկերն է, եւ ես 2016 թուականից «Աւրորայի» ամենամեայ մրցանակաբաշխութեան արարողութեան անվճար հանդիսաւարն եմ: Առիթը անձնական է. հօրս ընտանիքը հայեր են, եւ «Աւրորայ»-ին օգնելով ես ուզում էի երախտագիտութիւնս յայտնել նրանց, ովքեր փրկել են իմ նախնիներին Օսմանեան կայսրութեան օրօք:

«Աւրորայ»-ի աշխատանքի մասին պատկերացում կազմելու համար ահա այն մարդկանց կարճ բնութագիրը, որոնք մեծարուել են 2016 թուականից ի վեր. Բուրունդիում ապրող թութսի կին, որը փրկել է հութու զոհերին, ամերիկացի բժիշկ Սուդանի Նուբայ լեռներում, որը բուժում էր հիւանդներին այդ հեռաւոր սպանդանոցում, ռոհինջայ մուհմեդական փաստաբան, որը պաշտպանել է իր ժողովրդին Մեանմարում սպանդի ժամանակ, եզդի ակտիւիստ, որը փրկել է ազգակիցներին «Իսլամական պետութեան» կողմից սպանուելուց, երկու սոմալեցի կին, որոնք փրկել են Մոգադիշոյում սեռական բռնութեան զոհերին, Կոնգոյից կին ակտիւիստ եւ բժիշկ, որոնք փրկել են բռնաբարութեան զոհերին:

Ես յիշում եմ այս մարդկանցից իւրաքանչիւրին, երբ նրանք բեմ էին բարձրանում «Աւրորայ» մրցանակաբաշխութեան ժամանակ: Նրանք յաճախ կաշկանդուած էին, հանրութեան մէջ խօսելու քիչ փորձ ունէին, սովոր չէին իրենց աշխատանքի համար գնահատուելու: Ամէն տարի ես հեռանում էի այս արարողութիւնից՝ երախտապարտ մարդկային ոգու մնայուն, անբացատրելի բարութեան համար, որը ծնում է նման հերոսների: Վարդանեանը եւ «Աւրորայ»-ի միւս երկու համահիմնադիրները՝ «Carnegie Corp.»-ի հանգուցեալ նախագահ Վարդան Գրեգորեանը եւ «Moderna»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյեանը, միշտ խոնարհ էին այս մարդասէրների առջեւ:

Վարդանեանի դատավարութիւնը սկսուել է մէկ շաբաթ առաջ Բաքւում։ Ադրբեջանը նրան 46 մեղադրանք է առաջադրել՝ ահաբեկչութիւնից մինչեւ կազմակերպուած յանցագործութիւն։ Բայց նրա խնդիրը իրականում այն է, որ նա 2022 թուականին որոշեց տեղափոխուել Ղարաբաղ եւ դարձաւ անջատողական կառավարութեան աւագ նախարար, ինչպէս նաեւ հայ բնակչութեան բացայայտ պաշտպան: Այս յորձանուտի մէջ նետուելը վտանգաւոր էր։ Բայց Վարդանեանն իր դստէրն ասել էր, որ չի կարողանայ հաշտուել ինքն իր հետ, եթէ չփորձի օգնել հայրենակիցներին, որոնք իրենց պատմութեան մէջ այդքան ողբերգութիւններ են տեսել։ Դա երախտագիտութիւն էր՝ ի գործ:

Հետեւեց աղէտը. 2022-ի դեկտեմբերին Ադրբեջանը շրջափակեց Ղարաբաղը՝ զրկելով դեղորայքից, վառելիքից եւ առաջին անհրաժեշտութեան այլ պարագաներից։ Հայերը փորձում էին պաշտպանել իրենց տները, ընտանիքներն ու եկեղեցիները։ Բայց երբ 2023-ի սեպտեմբերին ներխուժեցին ադրբեջանցի զինուորները, նրանք փախան՝ տարածաշրջանը թողնելով էթնիկապէս «մաքրուած»: Այդ ժամանակուանից Վարդանեանը Ղարաբաղի երեք նախկին նախագահների հետ ադրբեջանական բանտախցում է։

«Ռուբենը տոգորուած էր Ղարաբաղի հայկական բնոյթը փրկելու գաղափարով եւ իր ազատութեամբ վճարեց այդ նուիրման համար», — ասում է նրա ընկեր Վահան Զանոյեանը՝ էներգետիկայի ոլորտի ամերիկահայ խորհրդատու, որն այժմ ապրում է Հայաստանում։ Ադրբեջանի ներխուժումից 10 օր առաջ Զանոյեանը զանգահարեց եւ յորդորեց Վարդանեանին հեռանալ։ Նա հրաժարուեց։ Զանոյեանը կրկին հաղորդագրութիւն ուղարկեց նրան, երբ ադրբեջանական զօրքերը մտել էին Ղարաբաղի մայրաքաղաք։ Այդ ժամանակ արդէն ուշ էր։

Amnesty International-ի պաշտօնեան անցած ամիս ասաց, որ Վարդանեանի գործը «լուրջ մեղադրանքներ է առաջացրել մարդու իրաւունքների խախտումների մասին, ներառեալ դաժան վերաբերմունք կալանավայրում, գործի կեղծուած նիւթերը ստորագրելու հարկադրանք եւ պաշտպանութեանը նախապատրաստուելու հնարաւորութեան մերժում»: Արեւելեան Եւրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրէն Մարի Ստրութերսի յայտարարութեան մէջ ասւում է. «Միջազգային հանրութիւնը պէտք է ուշադիր հետեւի այս աղմկահարոյց գործին, որպէսզի ապահովի Ռուբէն Վարդանեանի արդար դատաւարութեան իրաւունքը եւ արդարութիւնը»:

Ամերիկացի յայտնի իրաւապաշտպան Ջարեդ Գենսէրին, որը ներկայացնում է Վարդանեանին, թոյլ չէն տուել այցելել իր պաշտպանեալին բանտում։

«Դատավարութիւնը քաղաքական շոու է,- ասաց նա ինձ, — պատճառը նրա կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաղաքական իրաւունքների պաշտպանութիւնն է»։

Ամերիկացիների մեծ մասը շատ բան չգիտի Հայաստանի, էլ չասած՝ ղարաբաղեան հակամարտութեան մասին։ Բայց ահա մի կարեւոր փաստ. Հայաստանն աշխարհում առաջինն էր, որ ընդունեց քրիստոնէութիւնը եւ թանկ վճարեց իր հաւատքի համար գերակշռող մուսուլմանական տարածաշրջանում: Վարդանեանն ինքը հաւատացեալ հայ ուղղափառ քրիստոնեայ է, բայց հոգով միշտ էկումենիկ է եղել։ Եւ իրօք՝ «Աւրորայ» մրցանակի արժանացած մարդասէրներից շատերը մահմեդականներ են:

Վարդանեանի դատավարութիւնը շարունակւում է, բայց գուցէ նա ընկեր ունենայ Վաշինգտօնում։ Նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին Truth Social հարթակում արուած գրառման մէջ ասել էր. «Երբ ես նախագահ լինեմ, ես կը պաշտպանեմ հալածուող քրիստոնեաներին, կը փորձեմ դադարեցնել բռնութիւնն ու էթնիկ զտումները, եւ մենք կը վերականգնենք ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

Ահա՛ հնարաւորութիւն կատարելու այդ խոստումը, պարոյ՛ն նախագահ, օգնելով պարկեշտ մարդուն խուսափել հետապնդումից:

Թրգմ՝ Մարիա Սադոյեան

Share