«Իրական Հայաստանի» փոխարէն վերջապէս ճանաչել «իրական Ադրբեջանը»

«Իրական Հայաստանի» փոխարէն վերջապէս ճանաչել «իրական Ադրբեջանը»

Արայ Այվազեան
Համահայկական դիւանագիտական խորհրդի համահիմնադիր
ՀՀ նախկին արտգործնախարար

Էսկալացիոն ճանապարhով չգնալու հիմնաւորումով` Հայաստանի իշխանութիւնները խուսափեցին արձագանքել Ալիեւի` վերջերս արած յայտարարութիւններին, որոնցում նա մեր երկիրը որակեց «ֆաշիստական պետութիւն» եւ «սպառնալիք տարածաշրջանի համար», հերթական վերջնագիր ներկայացնելով, որ «Ֆաշիզմը պէտք է ոչնչացուի. այն կկործանի կայ´մ Հայաստանի ղեկավարութիւնը, կամ` մենք, այլ ելք չկայ»: Փոխարէնը նշուեց, թէ պէտք է հասկանալ` ինչո՞ւ է Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակութիւններում իրար հանդէպ նման կարծիք ձեւաւորուել: Պաշտօնական Երեւանն անդրդուելիօրէն հաւատում է հարեւան երկրի հետ խաղաղութեան հասնելու հնարաւորութեանը, մի կողմ դնելով, թէ ի´նչ տեսակի պետութեան հետ գործ ունենք եւ, ըստ այդմ, ի՞նչ խաղաղութիւն է ցանկանում Բաքուն եւ ի՞նչ գին պէտք է վճարէն Հայաստանն ու հայ ժողովուրդը:

Որպէս յիշեցում. Ադրբեջանի ղեկավարն ինքն է խոստովանել, որ իր կեանքի առաքելութիւնն է եղել պատերազմում յաղթելը, ոչ թէ՝ քաղաքական կարգաւորումը: Սանձազերծելով պատերազմ եւ յաղթելով ռազմադաշտում՝ նա խուսափեց քաղաքական գին վճարելուց, քանի որ հասկացել էր, որ ուժի գործոնը կրկին որոշիչ է դառնում միջազգային յարաբերութիւններում, հետեւաբար՝ պատերազմն առաջուայ պէս չի որակուելու անբարոյական եւ չի դիտուելու որպէս միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտում: 2020 թուականից ի վեր «Երկաթեայ բռունցքը» վերածուել է ադրբեջանցիների ազգային հպարտութեան աղբիւր եւ խորհրդանիշ, ինչն աներկբայօրէն ի ցոյց է դնում, որ ուժն է մնում հարեւան երկրի ռազմավարական նպատակներին հասնելու ամենանախընտրելի միջոցը: Ալիեւի հետեւողական յայտարարութիւններ-պահանջագրերը կասկածի քիչ տեղ են թողնում, որ արդէն իսկ ձեռք բերածը նրան ոգեւորում է՝ բարձրացնել ռազմական եւ պատերազմական խաղադրոյքները:

Պատէրազմի նման ֆետիշացումը մէզ յիշեցնում է Չարլզ Դարուինի 1859թ. էւոլիւցիայի տեսութիւնը, որով նա ներդրեց «ուժեղագոյնների գոյատեւման» հայեցակարգը: Էվոլիւցիայի հիմնական գաղափարից առաջացած ահռելի ոգեւորութեան մէջ անխուսափելի էր, որ «ուժեղագոյնների գոյատեւման» հասկացութիւնը տարածուեր այլ ոլորտներում: Այսպէս զարգացաւ «սոցիալ-դարուինիզմը», որը ենթադրում էր, որ վերապրում են ա´յն հասարակութիւնները կամ ազգերը, որոնք առաւել պիտանի են գոյատեւելու համար: Իսկ պիտանիութեան աւելի ակնյայտ ի՞նչ չափանիշ կարող է լինել, քան՝ պատերազմներ վարելու եւ յաղթելու՝ ցուցադրուած կարողութիւնը: Սոցիալ-դարուինիզմը յանգեցրեց նոր, տարբերուող եւ վտանգաւոր գաղափարի առաջացմանը, որ ազգային հասարակութիւնները պատերազմում ունեն իրենց իսկական արժէքը ցուցադրելու բացառիկ հնարաւորութիւն: Գերմանական միլիտարիզմի եւ ապա ֆաշիզմի ակունքները գալիս են հէնց այստեղից: Օրինակի համար, դիտարկէնք հետեւեալ հաստատումները.

 «Հաւերժական խաղաղութիւնը երազանք է, ընդ որում՝ ոչ գեղեցիկ: Պատէրազմում բացայայտւում են մարդու ամենավեհ առաքինութիւնները» (Ականաւոր զօրավար, պրուսական բանակի Գլխաւոր շտաբի պետ ֆելդմարշալ Հելմուտ ֆոն Մոլտկէ),
● «Պատէրազմն առաջնային կարեւորութեան կենսաբանական անհրաժեշտութիւն է» (պրուսացի գեներալ եւ մինչեւ Առաջին աշխարհամարտն ամենաընթերցուած ռազմական պատմաբան Ֆրիդրիխ ֆոն Բերնհարդի),
● «Մարդկութիւնն ուժեղացել է յաւէրժական պայքարներում, եւ նա կկործանուի միայն յաւէրժական խաղաղութեամբ» (Ադոլֆ Հիտլեր):

Վերադառնանք մեր օրեր: Մինչեւ ատամները զինուած Ադրբեջանը, որն օր ու գիշեր թխկթխկացնում է զէնքը, պահանջում է Հայաստանի ամբողջական ապառազմականացում, զրկելով նրան պաշտպանողականութեան եւ դիմադրողականութեան որեւէ իմունիտետից՝ իր գիշատիչ նպատակների կենսագործման համար: Տասնամեակներ շարունակ հայերի նկատմամբ ատելութիւն քարոզող, պատերազմներ եւ ռազմական յանցագործութիւններ իրականացրած, նացիստական Ռեյխի ազգային խտրականութեան «լաւագոյն փորձը» իւրացրած ու էթնիկ զտումներ եւ ցեղասպանական ոճրագործութիւններ իրականացրած Ադրբեջանը պահանջում է Հայաստանի դէնացիֆիկացիայ, հակառակ պարագայում, եթէ չասենք՝ ցանկացած պարագայում, սպառնում եւ պատրաստւում է նոր պատերազմի: Նման երկիրը, որի բերանն է ընկել հայերի նկատմամբ ռազմական յաղթանակի խենթացնող համը, ամենամեծ վտանգն է տարածաշրջանի կայունութեան համար:

Ուստի, «պատմական» թէ «իրական» Հայաստանի հակադրման փոխարէն հանրութեանը պէտք է ներկայացնել «իրական Ադրբեջանը», որը չի ցանկանում խաղաղուել: Մինչդեռ գրեթէ ամենօրեայ ռեժիմով տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ հետզհետէ յանգեցնելով մեր ժողովրդի բարոյական-գաղափարական զինաթափմանը: Վերջին դրուագն էր Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ «դատողութիւնների» շրջանառումը, որը ոչ այլ ինչ է, քան՝ ժխտողականութեան քաղաքականութեան որդեգրումն ու մեր ազգային ողբերգութեան ուրացման մեկնարկը: Մեր հաւաքական ինքնագիտակցութիւնն ու մտածելակերպն արհեստականօրէն փոխակերպելու փոխարէն պէտք է առերեսուել դառը ճշմարտութեանը. այս տեսակ հակառակորդի հետ ոչ մի փաստաթուղթ կամ պայմանաւորուածութիւն չէն բերելու խաղաղութիւն: Ամէն գնով հնարաւոր չի չեղարկել պատերազմը, քանի որ պատերազմից խուսափելը շատ անգամ բերում է միայն յետաձգուած պատերազմի: Այլընտրանքը չի նշանակում հռետորաբանութեան արմատական կոշտացում, ոչ էլ՝ իրավիճակն անկառավարելի հուն տեղափոխելը: Մեր նպատակը պէտք է լինի իրատեսական՝ զսպման արդիւնաւետ մեխանիզմների ձեւաւորման միջոցով ապահովել տանելի կայունութիւն, որը հիմնուած կը լինի ռազմավարական նոր հաւասարակշռութեան վրայ:

Յաջորդը. անպատժելիութեան հետեւանքներն անդրադառնում են նաեւ այն դերակատարների վրայ, որոնք իրենց նպատակների հետապնդման արդիւնքում աչք են փակել Բաքուի յանցաւոր ինքնահաստատման վրայ եւ այսօր ստանում են իրենց վարած քաղաքականութեան առաջին պտուղները: «Ուժեղագոյնների գոյատեւման» հասկացութեան, ինչպէս նաեւ միլիտարիզմի, նացիզմի եւ ֆաշիզմի թոյնը միշտ կգտնի պարարտ հող եւ ժամանակի ընթացքում կը դառնայ անուէրահսկելի՝ հակազդեցութեան բացակայութեան պայմաններում:

Մի քանի ամսից լրանալու է Մեծ Յաղթանակի 80-ամեակը: Որեւէ մէկը չի կարող ուրանալ այն փաստը, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը մեծ եւ անհերքելի ներդրում են ունեցել ֆաշիզմի ջախջախման գործում: Որեւէ մէկը չի կարող անտեսել, որ այսօր առերեսւում ենք ֆաշիզմի նորանոր դրսեւորումների: Կարող է թուալ, որ ինչպէս անցած դարում Սուդէտը եւ ապա Չեխօսլովակիան, այնպէս էլ Արցախն ու Հայաստանն այսօր կարող են զոհաբերուել հանուն ինչ-ինչ նպատակների: Այդուհանդերձ, 1938 թ. Միւնխենի այսպէս կոչուած «հանդարտեցման» ողբերգական դասէրը հէնց մեր ժամանակների համար լաւագոյն յիշեցումն ու նախազգուշացումն են:

Share