Ինչո՞ւ հէ՛նց դեռահասութիւն

Ինչո՞ւ հէ՛նց դեռահասութիւն

Ժուլիեթ Դաւթեան

Ժուլիեթ Դաւթեանը ներկայիս պաշտօնավարում է ԱՄՆ Արդարադատութեան -ներգաղթեալների վերանայման գործադիր գրասենեակում, անցկացնելով իր թեկնածուական (PhD) հետազոտութիւնը ընկերային/մշակութային հոգեբանութեան ոլորտում Հայաստանի Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական համալսարանում


Եթէ մանկութիւնը կարևոր նշանակութիւն ունի մարդու զարգացման համար, քանի որ այն ուղեղի արագ աճի և զարգացման շրջան է, որտեղ հիմնական հմտութիւնները՝ ճանաչողական, ընկերային (սոցիալական), զգացմունքային և ֆիզիքական կարողութիւնները կազմւում են էապէս ձևաւորելով անձի ապագայ ուսումնառութիւնը, վարքը և որպէս մեծահասակի ընդհանուր բարեկեցութիւնը՝ դեռհասութիւնն անկասկած արագ փոփոխութիւնների և անձի զարգացման համար ճգնաժամային շրջան է, որը կարող է տևական ազդեցութիւն ունենալ անհատի կեանքի վրայ։  Այս ժամանակահատուածում արագ ճանաչողական աճ ապահովելու համար, ուղեղի կառուցուածքի և ուղեղի միացման կենսաբանական փոփոխութիւնները փոխազդում են փորձի, գիտելիքի և ընկերային (սոցիալական) փոփոխութիւնների և պահանջների վրայ: Կեանքի այս շրջանում զարգացած մտքերը, գաղափարները և հասկացութիւնները մեծապէս ազդում են անհատի ապագայ կեանքի վրայ և մեծ դեր են խաղում բնաւորութեան և անհատականութեան ձևաւորման մէջ:

Դեռահասութեան տարիքային սահմանները հեշտ չէ սահմանել՝ հաշուի առնելով այն բարդ կենսաբանական և հոգեընկերային (հոգեսոցիալական) զարգացման գործընթացները, ինչպէս նաև տարբեր մշակոյթներում մանկութիւնից հասունութիւն տեղափոխուելու երկարատև անցումը: Նոյնիսկ դեռահասութեան սկզբի սահմանումները շատ տարբեր են հաստատութիւնների և հոգեբանական դպրոցների միջև: «Առողջապահութեան Համաշխարհային Կազմակերպութիւն»ը (WHO) դեռահասութիւնը համարում է կեանքի փուլ մանկութեան և հասունութեան միջև՝ 10-ից մինչև 19 տարեկան: Հոգեբանութեան տարբեր տեսութիւններ և դպրոցներ դեռահասութեանը տարբեր սահմանումներ են տուել, այսուհանդերձ «Ամերիկեան Հոգեբանական Ընկերակցութիւն»ը (APA) դեռահասութiւնը սահմանում է 10-ից 18 տարեկանի միջև: Աւելին, «Ամերիկեան Մանկաբուժութեան Ակադեմիա»ն (AAP) գտնում է դեռահասութեան երեք փուլ հիմնուած ֆիզիքական և մտաւոր/յուզական փոփոխութիւնների վրայ՝ 10-ից 13 տարեկան՝ վաղ պատանեկութիւն, 14-ից 17 տարեկան՝ միջին պատանեկութիւն, 18-ից 21 տարեկան՝ վերջնագոյն պատանեկութիւն։

Դեռահասութեան ընթացքում հոգեընկերային (հոգեսոցիալական) փոփոխութիւնների ֆիզիքական հիմքերը պարզելու և տարիքի հետ կապուած սահմաններ գծելու համար այստեղ կը փորձենք ամենամատչելի և դիւրըմբռնելի ձևով ուսումնասիրել ուղեղի փոխակերպումները և դրանց խոր ազդեցութիւնը անձի զարգացման վրայ:

Երեխաների ուղեղը ամենագլխաւոր աճն է արձանագրում, երբ նրանք դեռ շատ փոքր են: Դեռ 6 տարեկանում, նրանց ուղեղն արդէն չափահասների ուղեղի չափի մօտ 90-95%-ն է կազմում: Վաղ տարիները ուղեղի զարգացման համար ճգնաժամային ժամանակաշրջան է, բայց ուղեղը դեռ շատ փոխակերպումների միջով է անցնում, որպէսզի կարողանայ որպէս չափահասի ուղեղ աշխատել: Հէնց դեռահասութեան շրջանում է, որ  ուղեղի այս փոխակերպումը սաստկօրէն տեղի են ունենում ՝ շարունակելով մինչև 25 տարեկան:

Ուղեղի փոփոխութիւնը կախուած է դեռահասների տարիքից, փորձառութիւնից և հորմոնների փոփոխութիւններից: Հիմնական փոփոխութիւնն այն է, որ անհատի ուղեղի մտածողութեան և մշակման մասում չօգտագործուած կապերը (connections) անհետանում են: Միևնոյն ժամանակ, ուղեղի այլ կապերն ամրապնդւում են, ինչը օգնում է բացատրել, թէ ինչու դեռահասները աւելի արագ են տեղեկատւութիւնը մշակում, քան երեխաները: Սա ուղեղի աւելի արդիւնաւետ դառնալու ձևն է:

Միւս հիմնական փոփոխութիւններից մէկը, որը տեղի է ունենում դեռահասութեան շրջանում, ուղեղի առջևի հատուածի զարգացումն է՝ նախաճակատային կեղևը, որը պատասխանատու է այն բանի համար, ինչ գիտնականներն անուանում են «բարձրակարգ ճանաչողութիւն»: Նախաճակատային կեղևը պատասխանատու է գործողութիւնների հետևանքները մշակելու և երեխայի մտածելու ունակութեան, խնդիրներ լուծելու և զգացմունքները վերահսկելու համար: Ուղեղի այս հատուածում փոփոխութիւնները շարունակւում են մինչև 20-ականների սկիզբը: Մէկ այլ ոլորտ, որը շարունակում է զարգանալ դեռահասութեան շրջանում, լիմպիկ համակարգն է: Լիմպիկ համակարգում ընդգրկուած կառուցուածքներից մէկը «ամիգդալա»ն է՝ ուղեղի մէկ համկարգային հատուածը, որը պատասխանատու է յոյզերի և յուզական արձագանքների համար:

Լիմպիկ համակարգը ներառում է նաև «հիպոթալամուս»ը, որը, ի թիւս այլ բաների, կարգաւորում է մարմնի հորմոնային (կամ էնդոկրին) համակարգը:  Նախաճակատային կեղևի հետ միասին, որն օգնում է կարգաւորել մեր զգացմունքները, այն փաստը, որ «ամիգդալա»ն և «հիպոթալամուս»ը դեռևս զարգանում են դեռահասութեան տարիներին, օգնում են բացատրել, դեռահասների դիւրազգացութիւնը կամ  յուզական պոռթկումները։ Ուղեղը զգալի փոփոխութիւններ է կրում դեռահասութեան շրջանում՝ մօտաւորապէս 11-ից 25 տարեկան հասակում, սակայն ամենաուշագրաւ փոփոխութիւնները տեղի են ունենում 13-ից 15 տարեկանում:

Յատկանշական է նաև նշել, որ ուղեղի նախաճակատային կեղևի հասունացման ընթացքի և յոյզերի համար պատասխանատու լիմպիկ համակարգի աւելի աշխոյժանալու հետևանքով անձի մօտ հոգեկան/մտայյին առողջութեան հետ կապուած խնդիրները յաճախ առաջանում/աճում են հէնց դեռահասութեան շրջանում։

Դեռահասութիւնը կարևոր ժամանակաշրջան է անձի արժէհամակարգը ձևաւորելու համար, քանի որ այդ ժամանկաշրջանը  ինքնաբացայայտման բուռն շրջան է, որտեղ անձը աշխուժութեամբ, ձևաւորում է իր ինքնութիւնը, իր արժէքները՝ դարձնելով այն մեծահասակ դառնալու հիմնարար տարր: Այս ընթացքում նրանք աւելի ընկալունակ են ուսումնասիրելու և ամրապնդելու իրենց համոզմունքները ճիշտի և սխալի վերաբերեալ, ինչը կարող է էականօրէն ազդել նրանց ապագայ որոշումների և կեանքի գործողութիւնների վրայ:

Դեռահասութեան շրջանում արժէքային համակարգի և բարոյական զարգացման գործընթացը ոչ միայն օգնում է դեռահասներին ներգրաուել հասարակութեան մէջ, այլ նաև նպաստում է ազնիւ մարդ և ամենալաւ առողջութիւնն ապահովելուն:

Share