ՀՅԴ ԳՄ եւ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամները Բանակի օրուայ առթիւ այցելել են Եռաբլուր

ՀՅԴ ԳՄ եւ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամները Բանակի օրուայ առթիւ այցելել են Եռաբլուր

Յունուարի 28-ին՝ բանակի օրուայ առթիւ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամները այցելել են «Եռաբլուր» զինուորական պանթէոն եւ ծաղիկներ զետեղել հերոսների շիրիմներին:

«Մեր բանակը փառաւոր ճանապարհ է անցել, այն ձեւաւորուել է հայ ժողովրդի համար շատ բարդ, օրհասական, դժուարագոյն պահին, երբ մենք կերտում էինք Հայաստանի անկախութիւնը եւ Արցախի ինքնորոշումը շրջափակման, մէզ պարտադրուած պատերազմի, երկրաշարժի պայմաններում, բայց Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան շնորհիւ մենք կարողացանք կերտել այդ բանակը, ունենալ յաղթանակներ»,-լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, գեներալ-գնդապետ, ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Սեյրան Օհանեանը։

Նա ընդգծեց, որ Հայոց բանակը տարիներ ի վեր պատուով կատարել է իր առջեւ դրուած խնիրը։

«Այսօր էլ Հայաստանի տարբեր սահմանային հատուածներում բանակը պատուով կատարում է իր առջեւ դրուած խնդիրը»,- ասաց նա։

Սեյրան Օհանեանը համոզմունք է յայտնել, որ եթէ ժողովուրդը ոտքի կանգնի, կը վերականգնուի բանակի երբեմնի փառքը, բանակը դեռ իր հուժկու հարուածը կը տայ մեր հայրենիքի պաշտպանութեան համար։

«Այսօր հասել ենք այնտեղ, որ Լեմկինի անուան Ցեղասպանութեան ինստիտուտն է ասում, որ ՀՀ իշխանութիւնները մերժողական, ժխտողական քաղաքականութիւն են վարում Ցեղասպանութեան վերաբերեալ»,- Եռաբլուրում, լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիելեանը։

«Սա աբսուրդ է, մենք ստիպուած ենք մեր երկրում պայքարել մեր ինքնութիւնը, հայկականութիւնը պահելու համար։ Ոչ թէ պայքարել թուրքերի կամ ադրբեջանցիների դէմ, այլ պայքարել մեր երկրում հայ մնալու համար», – ասաց նա:

Share