ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ԼՂ-ի նախկին ղեկավարներին եւ միւս բոլոր հայերին

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ԼՂ-ի նախկին ղեկավարներին եւ միւս բոլոր հայերին

Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունած բանաձեւում Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական պաշտօնեաներին եւ միւս հայերին: Այս մասին նշուած է ԵԽԽՎ-ի տարածած յայտարարութեան մէջ։ 

Բանաձեւն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինի եւ շինծու մեղադրանքներով անազատութեան մէջ պահուող Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ներկայացուցիչների եւ այլ անձանց՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել այդ մարդկանց։

«Վեհաժողովը շարունակում է հետեւել Լեռնային Ղարաբաղի եւ բոլորի կալանաւորուած անձանց եւ ռազմագերիների հետ կապուած իրավիճակին, որոնք ներկայում գտնւում են Ադրբեջանում՝ վերահաստատելով նրանց ազատ արձակելու իր կոչը»,-նշուած է բանաձեւում։

Վեհաժողովը նաեւ խիստ մտահոգութիւն է յայտնել Ադրբեջանում ժողովրդաւարութեան, օրէնքի գերակայութեան եւ մարդու իրաւունքների վատթարացման առնչութեամբ։ 

«Վեհաժողովը շարունակում է լրջօրէն մտահոգուած լինել Ադրբեջանում ժողովրդաւարութեան վատթարացման, քաղաքական եւ քաղաքացիական հասարակութեան ակտիւիստների, լրատուամիջոցների ներկայացուցիչների եւ իշխանութեան այլ քննադատների նկատմամբ բռնութիւնների առնչութեամբ»,-նշուած է բանաձեւում։ 

Բանաձեւը կոչ է անում Ադրբեջանի իշխանութիւններին դադարեցնել հետապնդումները եւ անյապաղ ազատ արձակել բոլոր նրանց, որոնք կալանաւորուել են քաղաքական դրդապատճառներով։ 

Այն իշխանութիւններին կոչ է անում փոփոխութիւններ կատարել «Կուսակցութիւնների մասին» եւ «Լրատուամիջոցների մասին» օրէնքում եւ ՀԿ-ներին վերաբերող համապատասխան օրէնսդրութեան մէջ՝ համաձայն Վենետիկի յանձնաժողովի առաջարկութիւնների։  

Բանաձեւում նաեւ նշւում է, որ Ադրբեջանում 2024 թուականին կայացած նախագահական ընտրութիւնները չէն համապատասխանել ժողովրդավարական ընտրութիւնների միջազգային չափանիշներին եւ կայացել են խօսքի, հաւաքների ազատութեան սահմանափակումների պայմաններում: 

Ադրբեջանը հաստատում է իր մօտ 23 հայ գերիների առկայութիւնը։ Նրանց թւում են նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչները, որոնք ապօրինի ձերբակալուել եւ Բաքու են տեղափոխուել 2023 թուականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դէմ  ռազմական ագրեսիայից յետոյ։ Այս օրերին Բաքւում ընթանում են հայ գերիների նկատմամբ շինծու դատավարութիւնները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ Հայաստանը հետախուզական տուեալներ ունի, որ Ադրբեջանում պահուող հայ գերիների դատավարութիւնների ընթացքում նրանց նկատմամբ կիրառւում են արգելուած միջոցներ, որպէսզի կորզէն ցուցմունքներ, որոնք կօգտագործեն Հայաստանի դէմ։ 

Share