Հայոց բանակն է այս տարածաշրջանում մեր կենսունակութեան, անկախութեան եւ խաղաղ ապագայի երաշխիքը

Հայոց բանակն է այս տարածաշրջանում մեր կենսունակութեան, անկախութեան եւ խաղաղ ապագայի երաշխիքը

Հայոց պետականութոան անվտանգութեան գլխաւոր երաշխաւոր՝ ՀՀ Զինւած ուժերը նշում են կազմաւորման 33-ամեակը։

ՀՀ ԶՈՒ ակունքներում Արցախեան ազատամարտը փառքով նշանաւորած կամաւորական ջոկատների ներդրումն է, նաեւ՝ ողջ հայութեան Հայոց բանակ ունենալու նւիրական երազանքը։ Այն ամրակուռ եւ մարտունակ կառոյց դարձաւ՝ անցնելով 1992-94թթ․ Արցախի ազատագրական պայքարի հերոսական ուղին, յաղթահարելով բազում փորձութիւններ ու մարտահրաւէրներ՝  հակառակորդին պարտադրելով խաղաղութիւն ու տեւական զինադադար։

Նորանկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մէկը՝ Հայոց բանակը, զինւած ուժերի, զինւորականի անկոտրում կամքի եւ անմնացորդ նւիրումի շնորհիւ երկար տարիներ կարողացաւ ապահովւել Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների անվտանգութիւնը։

Ցաւօք, օրւայ իշխանութիւնների ազգադաւ ու աւերիչ քաղաքականութեան հետեւանքով ՀՀ Զինւած ուժերն ու Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակը մենակ մնացին թուրք-ադրբեջանական  ահաբեկչական տանդեմի սանձազերծած  44-օրեայ անհաւասար պատերազմում։

Խոնարհւում ենք բոլոր նրանց յիշատակի առջեւ, ովքեր Հայոց բանակի կազմում իրենց կեանքը զոհաբերեցին յանուն Հայրենիքի եւ Հայոց պետականութեան։

Յատուկ խոնարհում եւ գնահատանք Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակին, որը, թէեւ դաւաճանւեց թիկունքից, սակայն բացառիկ անձնազոհութեամբ  կարելին արեց դիմագրաւելու 2023թ. սեպտեմբերյան ցեղասպանական ագրեսիան։

Շնորհաւորելով ՀՀ Զինւած ուժերին, կրկին վերահաստատում ենք՝

հերոսը Հայաստանի անվտանգութիւնն ու պաշտպանունակութիւնը երաշխաւորող հայ զինւորն է, երկրի սահմանները պահող զինւորականը,

ՀՀ Զինւած ուժերը կարիք ունեն իրական, արմատական բարեփոխումների, որոնց առանցքում մարտունակութեան բարձրացումն է, սոցիալական, կենցաղային պայմանների բարելաւումը։

ՀՀ Զինւած ուժերը քաղաքական իշխանութեան ինքնահաստատման եւ ինքնագովազդի հարթակը չեն, այլ երկրի մարտունակութիւնն  ու պաշտպանունակութիւնը  երաշխաւորող կառոյց, որին զերծ պէտք է պահել դիլետանտիզմից, ցնցումներից ու նսեմացումից։

ՀՀ Զինւած ուժերը կենսականօրէն  կարիք ունեն ոգու, յաղթողի հոգեբանութեան վերադարձի, որը հնարաւոր է ներազգային համերաշխութեամբ, ազգային-պետական ուղեգծի հաստատումով։

Մենք պարտաւոր ենք համախմբւել  ազգային-պետական իդէալների ու շահերի շուրջ՝  մերժելով մեզ պարտադրւող նւաստացածի ու պարտւածի խարանը։

Հայոց բանակն է այս տարածաշրջանում մեր կենսունակութեան, անկախութեան եւ խաղաղ ապագայի երաշխիքը։

Շնորհաւոր տօնդ, Հայո՛ց բանակ, յաղթանակներ դեռ լինելու են:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

28.01.2025թ., Երեւան

Share