Գերիների վերաբերեալ Փաշինեանի յայտարարութիւնը մեծ դէմագոգիայ է եւ ստախօսութիւն. Զուրաբեան

Գերիների վերաբերեալ Փաշինեանի յայտարարութիւնը մեծ դէմագոգիայ է եւ ստախօսութիւն. Զուրաբեան

ՀԱԿ փոխնախագահի խօսքով` Ադրբեջանը վախենում է եւ հասկանում է, որ որեւէ լուրջ մեղադրանք չի կարող ներկայացնել Արցախի լիդերներին, դրա համար դատավարութիւնը փակ է անցկացնում, իսկ ՀՀ իշխանութիւնները, չխօսելով դրա մասին, այդ բոլոր ապօրինութիւնները լեգիտիմացնում են։

 Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութիւնը, թէ Ադրբեջանում 16 հայ պատանդների նկատմամբ իրականացուող «դատաւարութեան» վերաբերեալ հրապարակային քննադատութիւնները կարող են վնասել գործին, լիակատար դէմագոգիայ է եւ ստախօսութիւն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբեանը։

Նշէնք, որ յունուարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ԱԺ–ում կառավարութեան հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի հարցին, թէ ինչ է արել կամ անելու պաշտօնական Երեւանը Բաքւում «դատուող» հայ գերիների մասով, նշել էր, որ մտահոգիչ է 16 հայ պատանդի նկատմամբ իրականացուող «դատավարութիւնը», բայց պէտք չէ հրապարակային յայտարարութիւններով վնասել գործին։

«Փաշինեանը նմանատիպ յայտարարութիւններով փորձում է մեր հանրութեան աչքերում արդարացնել ոչ թէ իր անտարբերութիւնը, այլ չկամութիւնն այդ մարդկանց նկատմամբ։ Մեր կառավարութեան պահուածքը ցոյց է տալիս, որ իրենք ուղղակի ուրախանում են, որ այն մարդիկ, ովքեր կարող էին շատ բաներ ասել եւ անել, այսօր գտնւում են Ալիեւի ձեռքում, խոշտանգւում են եւ պահւում այնտեղ»,–ասաց Զուրաբեանը։

Նրա խօսքով` այդ մարդկանց Փաշինեանն ընդունում է որպէս իր քաղաքական հակառակորդներ եւ Ալիեւի հետ «դաշինք է կնքել»` նրանց հալածելու, խոշտանգելու գործում։

Զուրաբեանը նշում է` իրականութիւնն այն է, որ Բաքուի բանտերում նստած լիդերները բաւականին լեգիտիմ կարգավիճակ ունէին, քանի որ 1992 թուականից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդունեց մի կարեւոր բանաձեւ, որ նրանք կարող են մասնակցել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման բանակցութիւններին։ Այդ պահից Մինսկի խմբի համանախագահները ԼՂ ղեկավարներին համարել են լեգիտիմ գործընկեր, նրանց հետ հանդիպել են, բանակցել են։

«Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լռութիւնն ինչ–որ ձեւ պայմանաւորուած է ՀՀ իշխանութիւնների լռութեամբ։ ՀՀ իշխանութիւնները ոչ մի ձայն չէն բարձրացնում, չէն ներկայացնում նրանց ազատումը որպէս հայ–ադրբեջանական խաղաղութեան հաստատման օրակարգի կարեւորագոյն բաղադրիչ։ Հարց է առաջանում` այդ դէպքում ինչու դրանով պէտք է զբաղուեն Ֆրանսիան, ՌԴ–ն կամ ԱՄՆ–ն»,–նշեց նա։

ՀԱԿ փոխնախագահի խօսքով` Ադրբեջանն այնքան է վախենում, այնքան է հասկանում, որ որեւէ լուրջ մեղադրանք չի կարող ներկայացնել Արցախի լիդերներին, որ դատավարութիւնը փակ է անցկացնում, իսկ ՀՀ իշխանութիւնները, չխօսելով դրա մասին, այդ բոլոր ապօրինութիւնները լեգիտիմացնում են։
Խոսելով հանրութեան արձագանքի մասին` Զուրաբեանն ընդգծեց` ժողովուրդը պէտք է իշխանութիւններից պահանջի հրաժարուել Ադրբեջանին օգնելու ուղղուց։ «Ալիեւին որեւէ կերպ չբարկացնելու ՀՀ իշխանութիւնների վախկոտ մօտեցումները որեւէ լաւ տեղ չէն տանում։ Որքան հայ ժողովուրդը գնայ լռելու, զիջելու այդ ճանապարհով, այնքան աւելի ագրեսիւ է դառնալու Ալիեւի ռեժիմը»,–ասաց նա։

Նշէնք, որ յունուարի 17-ին եւ 21-ին Ադրբեջանում տեղի է ունեցել ապօրինի պահուող 16 հայ պատանդների գործով «դատավարութիւնը»։ Նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչներն են` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբէն Վարդանեանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեանը, Արցախի նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանը, Բակոյ Սահակեանն ու Արայիկ Յարութիւնեանը։
Նախկին պետնախարար եւ բարերար Ռուբէն Վարդանեանի գործը քննւում է առանձին վարոյթով: Չնայած գործի նիւթերը միւսների հետ միաւորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:

Share