Շարունակելու եմ պայքարի ընկերոջս՝ Մհերի գործը. նորընտիր պատգամաւոր

Շարունակելու եմ պայքարի ընկերոջս՝ Մհերի գործը. նորընտիր պատգամաւոր

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ԿԸՀ-ն Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից ընտրուած եւ լիազօրութիւնները վաղաժամկէտ դադարած ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Մհեր Սահակեանի մանդատը տուել է նոյն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական յաջորդ թեկնածու Արմինէ Սամուելի Խերանեանին։

Արմինէ Խերանեանը ծնուել է 1983 թ. Արարատի մարզի Այնթապ գիւղում: 2004 թ. աւարտել է ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուլտետի  բակալաւրիատը, 2006 թ.՝ նոյն ֆակուլտետի մագիստրատուրան։ Եղել է նոյն ֆակուլտետի հայցորդ։ 2007 թուականից առ այսօր դասաւանդում է «Քուանտ» վարժարանում, 2021 թուականից առ այսօր՝ Վ. Բրիւսովի անուան պետական համալսարանում: 2017 թուականից ՀՅ Դաշնակցութեան անդամ է:

Yerkir.am-ը կարճ հարցազրոյց ունեցաւ նորընտիր պատգամաւորի հետ.

Տիկին Խերանեան, նախ ինչպիսի՞ զգացումներով եք ստանձնում պատգամաւորական մանդատը, հաշուի առնելով, որ Մհեր Սահակեանը Ձեր կուսակցական ընկերն էր:

— Չափազանց ծանր ապրումներով. Մհերն իմ կուսակցական եւ գաղափարական ընկերն է, իմ պայքարի ընկերը, եւ ես ԱԺ չեմ գնում լրացնելու Մհերի տեղը, որն իրականում անհնար է լրացնել. դա մեծ եւ երբեք չլրացուող բաց է մեր ողջ կուսակցական ընտանիքի, «Հայաստան» դաշինքի եւ ինձ համար։ Ես պարզապէս օրէնքի ուժով ստանձնում եմ իմ պարտաւորութիւններն Ազգային ժողւում

— Ինչպիսի՞ տրամադրուածութեամբ եք գնում Ազգային ժողով: 

— Գնում եմ համալրելու իմ թիմի կազմը եւ շարունակելու այն պայքարը, որը միաւորել է մէզ։ Իմ գաղափարական ընկերոջ՝ Մհերի մանդատը վերցնելը մեծ ցաւի հետ մէկտեղ նաեւ պարտաւորեցնող է։ Փորձելու եմ պատուով անցնել այդ ճանապարհը՝ ընկերներիս հետ շարունակելով Մհերի գործը:

— Յատկապէս ո՞ր ոլորտներում եք ակտիւութիւն ցուցաբերելու:

— Ամէն ինչ այնքան յանկարծակի եղաւ, որ այժմ դժուարանում եմ անգամ այդ մասին խօսել: Ինքս ուսուցիչ եմ, դասախօս, ինձ համար հարազատ է յատկապէս կրթութեան ոլորտը: Առաջիկայում կը յստականայ ամէն ինչ: 

Share