Հայ քաղաքական բանտարկեալների եւ գերիների շինծու եւ ցուցադրական դատավարութիւն

Հայ քաղաքական բանտարկեալների եւ գերիների շինծու եւ ցուցադրական դատավարութիւն

Այսօր սկսեց Բաքուի մէջ, մօտաւորապէս 16 ամիսներից կամ 500 օրերից ի վեր ապօրինի կերպով պահուող հայ քաղաքական բանտարկեալների եւ գերիների շինծու եւ ցուցադրական դատավարութիւնը։ Անօրէն դատարանի միջոցով ընթացք առած այս ներկայացումը հայ գերիների մարդկային եւ քաղաքացիական տարրական իրաւունքների անհերքելի ոտնահարումն  է։

Ադրբեջանի այս կեղծ բեմադրութիւնը ողորմելի մի «ներկայացում» է իր ստրկացած ժողովրդին զբաղեցնելու եւ ի հեճուկս մեր ազգային շահերին Հայաստանի Հանրապետութեան վրայ յաւելեալ ճնշում բանեցնելու և յաւելեալ զիջումներ խլելու նպատակով։

Բաքուն այս միջոցով միտում է վերջնական լուծում տալ Արցախի հարցին, մինչ  շարունակում է Հայաստանին սպառնալ նոր բռնարարքներով եւ յարձակումներով ու բոլոր միջոցներով վարկաբեկել Արցախի Հանրապետութիւնը, չէզոքացնել Արցախի հայութեան ինքնորոշման իրաւունքը եւ հայութեան ազգային գիտակցութիւնից ջնջել արդարութեան ու ազատութեան սկզբունքները։

Մենք մերժում ենք հայութեան նկարագիրը փոխելու եւ արդարութեան հասնելու մեր ջանքերը ոտնահարելու այս փորձերը։

Բաքուի մէջ իբրեւ պատանդ պահուողների մէջ կան Արցախի Հանրապետութեան օրինական ղեկավարները, որոնք իրենց պարտականութիւններին գիտակից և  ի գին ամէն տեսակի զոհողութիւնների Ստեփանակերտի մէջ իրենց ժողովրդի կողքին մնացին։ Վրանք հաւատարիմ մնացին Արցախին, իսկ այսօր,  նստած են Բաքուի բանտերի մէջ՝ ճշմարտութիւնը եւ ազատութիւնը պաշտպանելնու համար։

Ծանօթացէք նրանց անուններին, հետևէք նրանց եւ նեցուկ կանգնէք ու ամեն ջանք թափէք ազատութեան եւ անկախութեան հասնելու համար։

Կոչ են ուղղում աշխարհի կառավարութիւններին, ներառեալ՝ Հայաստանի Հանրապետութեան եւ Միացեալ Նահանգների, որ հաշուետւութեան կանչեն Ադրբեջանին իր պատերազմական ոճիրների եւ մարդկային իրաւունքների ոտնահարման համար, որ երաշխաւորեն Բաքուի մէջ պահուող բոլոր հայ քաղաքական բանտարկեալների եւ պատանդների ազատ արձակումը ու այս առաջնահերթութիւնները մաս դարձնեն իրենց դիւանագիտական քննարկումներին, ներառեալ՝ Միացեալ Նահանգներ-Հայաստան ռազմավարական գործընկերութեան համաձայնութեան։

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէ

Share