Արցախցի պատգամաւորները անընդունելի են համարում ԵԱՀԿ Մինսկի Խմբի  լուծարման վերաբերեալ Փաշինեանի մտադրութիւնը

Արցախցի պատգամաւորները անընդունելի են համարում ԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարման վերաբերեալ Փաշինեանի մտադրութիւնը

«ԵԱՀԿ ՄԽ-ն չպէտք է լուծարուի. դա ՀՀ իշխանութիւնների լիազօրութիւնների մէջ չի մտնում։ Այս մասին «Ժողւուրդ» օրաթերթի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան վտարանդի խորհրդարանի պատգամաւորը:

Յունուարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ֆեյսբուքեան իր էջում 12 առաջարկ էր ներկայացրել Բաքուին, որոնցից մէկով առաջարկում էր լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Փաստօրէն, այս հարցում եւս Նիկոլ Փաշինեանն ու Ալիեւը համախոհներ են։ Ադրբեջանի նախագահն էլ է պահանջում, որ խաղաղութեան պայմանագրի ստորագրման համար Հայաստանը համաձայնութիւն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առաջարկին։

«Ժողւուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ Արցախի ԱԺ խմբակցութիւններն այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչութիւնում հանդիպում-քննարկում են նախաձեռնել։ Արցախի խորհրդարանը նոր յայտարարութիւն է մշակում, որով անընդունելի են համարելու ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Փաշինեանի մտադրութիւնը։ Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Գալստեանը «Ժողւուրդ» օրաթերթի հետ զրոյցում նշեց. «Փաշինեանի անհեթեթութիւնն անարձագանք չի մնալու, առաջիկայ օրերին յայտարարութեամբ հանդէս կը գանք»։

Իսկ ինչ եւ ինչի համար է ԵԱՀԿ Մինսկի խումբը. այս կառոյցը 1992 թուականին Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կոնֆերանսի (ԵԱՀԽ) կողմից ստեղծուեց, որն այժմ Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութիւնն է (ԵԱՀԿ): Այն կոչուած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտութեան խաղաղ, բանակցային լուծման տարբերակներ գտնելուն: ԵԱՀԿ ՄԽ-ն բաղկացած է 9 անդամներից` Բելառուս, Գերմանիայ, Իտալիայ, Շուեդիայ, Ֆինլանդիայ եւ Թուրքիայ, Հայաստան եւ Ադրբեջան, ինչպէս նաեւ համանախագահող եռեակ անդամ երկրներից՝ Ռուսաստան, Ֆրանսիայ եւ ԱՄՆ։ Թեեւ Ադրբեջանը հիմա պահանջում է լուծարել այս կառոյցը, իսկ Հայաստանն էլ ամենեւին դէմ չէ դրան, բայց այս կառոյցը ֆորմալ առումով դեռ գործում է»:

Share