Յունուարի 17-ից մեկնարկելու է Ադրբեջանում պահուող 23-ից 16 հայ պատանդների, ներառեալ՝ Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարների ապօրինի դատավարութիւնը։ Բոլորի համար պարզ է, որ այդ շինծու դատաւարութեան հիմնական նպատակը քաղաքական է, որի միջոցով Ադրբեջանի բռնակալ պետութիւնը փորձելու է ճնշում բանեցնել Հայաստանի Հանրապետութեան վրայ, վարկաբեկել Արցախի պետականութիւնը։
Դատաւարութեան ապօրինի ընթացքը եւ մարդու տարրական իրաւունքների խախտումն ու անտեսումը անուիճարկելի են։ Մեզ համար պարզ է, որ բազմաբնոյթ ճնշումների ներքոյ կորզուած հաւանական ցուցմունքները չէն կարող հանդիսանալ որեւէ փաստական հիմք՝ Արցախի պետականութիւնն ու նրա գոյութեան փաստը հարցականի տակ դնելու համար։
Հստակ է, որ թշնամու կողմից պատանդառուած գերիներն ու ռազմաքաղաքական ղեկավարները եղել են Արցախի պետականութեան պահապանն ու կերտողը։
2023 թուականի սեպտեմբերի իրադարձութիւններն ապացուցեցին ռազմաքաղաքական ղեկավարների յանձնառու կեցուածքը Արցախի ժողովրդի անվտանգութեան նկատմամբ։ Այդ արժանապատուօրէն իրացուած պատասխանատու կեցուածքն ապացուցուեց մինչեւ վերջին պահը ժողովրդի կողքին մնալով եւ անձնական ազատութիւնը ստորադասելով, ինչի հետեւանքով նրանք յայտնուեցին Բաքուի բանտում։
Արցախի պետականութիւնը հիմնուել է հայ ժողովրդի կամքի թելադրանքով եւ հազարաւոր ազատատենչ հաեորդիների պայքարի ու արեան գնով։ Հետեւաբար, թշնամու դատարանում դատուողը ոչ միայն պատանդառուածներն են, այլեւ իւրաքանչիւր հայ, ով ցանկանում է Հայրենիք ունենալ եւ ազատութեան համար մաքառել։
ՀՅԴ Արցախի ԿԿ
15 յունուար, 2025թ