ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը գուժում է հաւատաւոր դաշնակցական, ՀՀ ԱԺ պատգամաւոր, ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ ընկեր Մհեր Սահակեանի ողբերգական մահուան լուրը։
Սկզբունքային եւ անմնացորդ հայրենասէրի իր կերպարով Մհեր Սահակեանը մշտապէս եղել է մեր Հայրենիքի պաշտպանութեան առաջնագծում, Հայաստանի պետականութեան կայացմանն ուղղուած քաղաքական պայքարի կիզակէտում։
Ցաւակցում ենք Սահակեան ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու մտէրիմներին անգնահատելի կորստի համար։ Բոլորի հետ կիսում ենք անդառնալի կորստի ցաւը։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
13.01.2025թ.
Խորը ցաւով յայտնում ենք «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ Մհեր Սահակեանի ողբերգական մահուան լուրը։
Մեր ցաւակցութիւնն ու զօրակցութիւնն ենք փոխանցում Սահակեան ընտանիքին։ Բոլոր հարազատների, մտէրիմների ու ընկերների հետ կիսում ենք կորստի ցաւը:
Կորցրեցինք հայրենասէր, սկզբունքային, նուիրեալ քաղաքացու եւ գործընկերոջ։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութիւն
13.01.2025թ.
ՆԳՆ-ի յայտարարութեան համաձայն, յունուարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում Երեւան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատուածում՝ ձորում նկատուել է շրջուած վիճակում գտնուող «Հոնդայ» մեքենայ։ Մեքէնայում եղել է ՀՀ ԱԺ պատգամաւոր Մհեր Սահակեանը, նա մահացել է: