Նոր հայկուների գրքի ներկայացում

Նոր հայկուների գրքի ներկայացում

Գլենդեյլ, Քալիֆորնիա – Բանաստեղծ եւ տեսողական արուեստագէտ,՝ Կարէն Ղարսլեանը ներկայացնելու է նոր հրատարակուած՝ «Ոչ մի ուրիշ բառ՝ Հայկուներ» գիրքը` Կիրակի, 26 Յունուար, 2025, երեկոյեան ժամը 5:00ին, Center for Armenian Arts հաստատութեան մէջ՝250 N. Orange St., Glendale, CA: Այս առիթով Ղարսլեան նաեւ ներկայացնելու է յատուկ բանախօսութիւն՝ «Հայ հայրենասիրական պօէզիայի էւոլիւցիան 19-րդ դարից մինչեւ 21-րդ դար» Բացման խօսքեր են կատարելու՝ Դոկտ. Թամար Մ. Պօեաճեանն ու Հայկ Մախմուրեանը։ Մուտքը ազատ է: Միջոցառումը կազմակերպում է Ապրիլ Գրատունը:
Կարէն Ղարսլեանի «Ոչ մի ուրիշ բառ» գիրքը Եղիշէ Չարէնցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծութեան մէջ գործածուած բառերից կազմուած հայկուների փորձարարական ժողովածու է: Զսպագրի տեխնիկայի կիրառմամբ կերտուած հայկուների միջոցով Ղարսլեանը երկխօսում է Չարէնցի հետ` մերթ կատակելով ու խայթելով, մերթ ծանր հարցեր բարձրացնելով ժամանակակից խնդիրների, ինքնութեան, թարմ պատերազմների ու սիրոյ վերաբերեալ:

Կարէն Ղարսլեան (ծնվ. 1979)՝ բանաստեղծ, տեսողական արուեստագէտ, թարգմանիչ եւ բանասիրական գիտութիւնների թեկնածու է, ինչպէս նաեւ ՓԵՆ-Հայաստանի «Գրողներ հանուն խաղաղութեան» յանձնախմբի նախագահը: Հեղինակել է վեց գիրք, որոնց թւում են «Ոչ մի ուրիշբառ» (հայկուների ժողովածու, Գրանիշ, 2024), «Լեզուի ծայրին» (բանաստեղծութիւնների ժողովածու, Գրանիշ, 2022) եւ «Ատէրազմա» (տպագրական ֆիլմ-վէպ, Ինկնագիր, 2016): Նրա թարգմանութեամբ լոյս է տեսել Քեթի Աքերի «Բղջախոհութիւն» վէպը (Ինքնագիր 2015): Նրա երկերը ընդգրկուել են բազմաթիւ անթոլոգիաներում մի քանի լեզուներով, ներառեալ անգլերեն, իսպաներէն եւ ֆրանսերէն: «Ատէրազմայ» գրքի կատարողական դասախօսութիւններով Ղարսլեանը հանդէս է եկել Կոիմբրայի համալսարանում (2018) եւ Միչիգանի համալսարանում (2022): Նրա տեսողական արուեստի գործերը ներառում են ֆլիփբուքեր եւ տեսաֆիլմեր, որոնք ներկայացուել են կինօյի եւ արուեստի փառատօներում: 2024 թ. արժանացել է Գրանիշի «Լաւագոյն արձակ», իսկ 2021 թ.՝ «Լաւագոյն պօէզիայ» մրցանակներին: 2004 թուականին ստացել է «ՆՓԱԿ»-ի Երիտասարդ արուեստագէտի մրցանակը, իսկ 2003 թ. ՀՀ Հանրային հեռուստաընկերութեան կողմից ճանաչուել է «Տարուայ սկանդալային գրող»: Ծնուել, մեծացել է Հայաստանում, ներկայում բնակւում է Վիսկոնսին նահանգում:

Share