Ինչպէ՞ս պետութիւնն ու դուք սեպ խրող դարձաք․ Պատասխան Արարատ Միրզոյեանին

Ինչպէ՞ս պետութիւնն ու դուք սեպ խրող դարձաք․ Պատասխան Արարատ Միրզոյեանին

Անի Աբաղեանն Արցախից է, արտգործնախարար Արարատ Միրզոյեանի ասուլիսին բարձրացրած հարցն էլ իր մասին էր, իր երազած վերադարձի մասին։

Եւ մինչեւ ԱԳ նախարարը բորբոքւում եւ Անիին ու նրա բախտակից հարիւր հազարաւոր արցախցիներին էր մեղադրում Երեւան գալով Արցախ վերադարձի մասին խօսելու համար, Անին շարունակում է անել իր՝ լրագրողի մասնագիտական գործը։ Հարցազրոյցներ է վարում մասնագէտների, փորձագէտների, հանրային ու քաղաքական գործիչների, դիւանագէտների հետ, որոնք հիմնաւորում են, որ Արցախ հաւաքական վերադարձը հնարաւոր է, անհրաժեշտ է ամրացնել պետութեան դիրքերը, փոխել բանակցային օրակարգն ու բանակցողին։

Անին իր կեանքի 22 տարում հասցրել է 2 անգամ բռնել գաղթի ճանապարհը, ոչ իր կամքով, ոչ էլ իր մեղքով․ 2020-ին Հադրութից, իսկ 2023-ին Ստեփանակերտից դուրս եկած Անին անգամ գաղթի ճանապարհին էր աշխատում ու եօյս տալիս․․․ բոլորիս։

Օրինակ` ռեպորտաժ էր պատրաստում գաղթի ճանապարհին հաց թխող ու բախտակիցներին կերակրող արցախցի կանանց մասին։ Արցախի հայաթափումը, հայրենազրկումն ու տեղահանութիւնը նաեւ դիւանագիտութեայ՛ն ձախողում էր։ Դիւանագիտութիւն, որը տեսանելի ոչինչ չարեց ամիսներ շարունակ փակուած կեանքի ճանապարհը բացելու ու մեր հայրենակիցներին անհայրենիք ու թշուառական չթողնելու համար։

Արցախը յանձնելու համար արցախցիներին, Արցախի նախկին ու գործող ղեկավարներին մեղադրելու, Արցախի էջը վերջնականապէս փակելու փոխարէն ՀՀ թիւ մէկ դիւանագէտի համբաւն ունեցող Միրզոյեանը, լաւ կ’անի՝ աշխատի։ Թէկուզ փակ դռների հետեւում, թէկուզ գաղտնի խորհրդակցելով աւելի փորձառու դիւանագէտների, կոմպետենտ մասնագէտների հետ։ Ի վերջոյ արցախցիների վերադարձի մասին պարբերաբար խօսում են նաեւ միջազգային ամպիոններում՝ Էմանուէլ Մաքրոնից եւ ֆրանսիացի դիւանագէտներից, մինչեւ Միջազգային քրէական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենօ Օ’ Գամպօ կամ ամերիկացի սենատորներ։

Արցախցիների վերադարձի մասին խօսողներին «շուտասելուկ ասողներ» կոչող Միրզոյեանն ո՞ւմ է ակնարկում, այս պաշտօնեաների՞ն, վերադարձի մասին երազող արցախցիների՞ն, իրեն հակադրուող հայ դիւանագէտների՞ն, ո՞ւմ։

Թւում է՝ արցախցիների հաւաքական վերադարձի, արցախցիների իրաւունքների ու խնդիրների մասին բոլորն աւելի շատ են խօսում, քան մարդիկ, որոնք ի պաշտօնէ պարտաւոր են ոչ միայն խօսել, այլեւ՝ գործել։

Յիշո՞ւմ էք այն ժամանակները, պարոյ՛ն Միրզոյեան, երբ առիթը բաց չէիք թողնում Ձեր խօսքով՝ Ձեր սիրելի Արցախ այցելելու համար, երբ Արցախեան շարժումը ու ազատամարտը Հաեօց պատմութեան ամենապանծալի էջն էիք համարում, երբ լուսանկարներ էիք հրապարակում Հաեօց Արեւելից Կողմերի հոգեւոր կենտրոն Գանձասարից ու խօսում 13-րդ դարում Հասան Ջալալեանների պայքարի մասին, երբ նշում էիք, որ ոչ ոք չի կարող սեպ խրել Հայաստանի եւ Արցախի միջեւ։ Ի՞նչ փոխուեց, ինչպէ՞ս պետութիւնն ու դուք սեպ խրող դարձաք։

Ստացւում է՝ Արցախի կորստի ու հայաթափման համար մեղաւոր են բոլորը՝ բացի Արցախի անվտանգութեան երաշխաւոր, բայց Արցախն ատրպեճանի մաս ճանաչած Հայաստան պետութեան՝ ի դէմս ձեր իշխանութեան, որի տապալած դիւանագիտութիւնը յանգեցրեց ՀՀ անվտանգային համապարփակ համակարգի փլուզման։ Մեղաւոր են բոլորը՝ բաքուի բանտերում պահուող ռազմաքաղաքական ղեկավարներից (որոնցից ոմանց հետ, ի դէպ, Դուք ժամանակին յաճախ էիք հանդիպում, իսկ Ռուբէն Վարդանեանի IDeA հիմնադրամում` աշխատում), մինչեւ ատրպեճանական ագրեսիայից մազապուրծ եղած արցախցիներ, Ռուսաստան, գուցէ՝ Իրան, ԱՄՆ, Չինաստան, եւ, ի հարկէ, բոլորը՝ «նախկիններից» մինչեւ ձեր ապաշնորհ քաղաքականութիւնը չհասկացող «ներկաներ»: Բոլորը՝ բացի ձեզնից։ Իսկ գուցէ սեփական անկարողութիւնն ընդունելն ու ժամանակին հեռանալը կ՝օգներ կանխել Արցախի հայաթափումն ու անկումը, գուցէ հիմա էլ ուշ չէ՝ հաւաքական վերադարձն իրականութիւն դարձնելու համար։

Մարիա Կարաթորոսեան

ABC media

Share