Ստորև Իրանի փոխնախագահ, Իրանի նախկին արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջաւադ Զարիֆի՝ The Economist պարբերականում հրապարակուած A new Iranian approach to regional security and prosperity յօդուածի թարգմանութիւնը:
Որպէս միջազգային յարաբերութիւնների մասնագէտ, որը տասնամեակներ շարունակ համաշխարհային դիւանագիտութեան առաջնագծում է, ես գրում եմ այդ յօդուածը ոչ թէ որպէս Իրանի կառավարութեան ներկայացուցիչ, այլ բացառապէս իմ անձնական կարգավիճակով:
Փորձս ինձ սովորեցրել է, որ Արեւմտեան Ասիայում, մասնաւորապէս, Պարսից ծոցի տարածաշրջանում, կայունութեան հասնելու համար անհրաժեշտ է աւելին, քան պարզապէս ճգնաժամի կառավարում: Այն պահանջում է համարձակ, հեռատես նախաձեռնութիւններ: Ես առաջարկում եմ ստեղծել Մահմեդական Արեւմտեան Ասիայի երկխօսութեան ասոցիացիայ “Muslim West Asian Dialogue Association” (MWADA) ՝ որպէս այս վերափոխման հասնելու մեխանիզմ:
MWADA-ն հրաւիրում է Արեւմտեան Ասիայի բոլոր հիմնական մահմեդական երկրներին՝ Բահրեյնին, Եգիպտոսին, Իրանին, Իրաքին, Յորդանանին, Քւուեյթին, Լիբանանին, Օմանին, Քաթարին, Սաուդեան Արաբիային (դրա ապագայ կառավարութեանը), Սիրիային, Թուրքիային, Արաբական Միացեալ Էմիրութիւններին եւ Եմենին համապարփակ բանակցութիւններ վարել։ Կարող են մասնակցել նաեւ ՄԱԿ-ի համապատասխան բանագնացները: Այս նախաձեռնութիւնը պէտք է հիմնուած լինի մեր ընդհանուր կրօնի՝ իսլամի վեհ արժէքների եւ ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան, չմիջամտելու եւ հաւաքական անվտանգութեան սկզբունքների վրայ։ Mwada-ն (ինչը նշանակում է «բարեկամութիւն» արաբերէնով՝ մեր հաւաքական աղօթքների լեզուով) պէտք է նպատակաուղղուած լինի խաղաղ գոյակցութեան եւ հաւասար գործընկերութեան խթանմանը:
Հիմնական առաջնահերթութիւնը Գազայում, Լիբանանում, Սիրիայում եւ Եմենում կայուն, մշտական հրադադարի անյապաղ հաստատումն է։ MWADA-ն՝ պետութիւնների միջեւ չյարձակման պայմանագիրը, զուգորդուած հաւաքական տարածաշրջանային մոնիտորինգով, կօգնի ինստիտուցիոնալացնել կայունութիւնը եւ պաշտպանել տարածաշրջանը արտաքին միջամտութիւնից, ինչպէս նաեւ ներքին բախումներից:
Տնտեսական ինտեգրումը նոյնպէս կենտրոնական տեղ է զբաղեցնում այս տեսլականում: Արեւմտեան Ասիայում փոխկախուածութեան բացակայութիւնը բխում է մասնատուած առեւտրային ցանցերից, անբաւարար ուշադրութիւնից ներտարածաշրջանային բանկային եւ վճարային մեխանիզմների զարգացմանը, քաղաքական մրցակցութիւնից եւ արտաքին շուկաներից կախուածութիւնից:
Առաջարկուող MWADA Զարգացման հիմնադրամը կֆինանսաւորի կարեւոր ենթակառուցուածքային ծրագրերը, յատկապէս աւերուած հետկոնֆլիկտային շրջաններում: Բացի այդ, Սիրիայում կառավարման բարեփոխումները, որպէս տնտեսական աջակցութեան հիմք, կխթանէն հաշուետուողականութիւնը եւ հիմք կդնէն անվտանգ եւ կայուն երկրի համար, որտեղ կբարգաւաճէն կանայք ու փոքրամասնութիւնները:
Սիրիան Ասադից յետոյ մեծ մարտահրաւէր է բոլորիս համար։ Իսրայելի անզուսպ ագրեսիան, որն արհամարհում է Սիրիայի ինքնիշխանութիւնը, արտաքին միջամտութիւնը, որը խաթարում է Սիրիայի տարածքային ամբողջականութիւնը, բռնութեան ու դաժանութեան սարսափելի տեսարանները, որոնք յիշեցնում են «Իսլամական պետութեան» վայրագութիւնը, էթնիկ եւ աղանդաւորական բռնութիւնը, որոնք կարող են յանգեցնել մեծ քաղաքացիական պատերազմի, պէտք է լինէն MWADA-ի անյապաղ ուշադրութեան կենտրոնում։
Հումանիտար աղէտը Պաղեստինում նոյնպէս կարեւոր է տարածաշրջանային կայունութեան համար: MWADA-ն պէտք է առաջնահերթութիւն տա պաղեստինցիների ինքնորոշմանը եւ աջակցի արդար լուծումներին՝ յարգելով ժողովրդի ձգտումները: Պետք է լինէն ոչ միայն քաղաքական լուծումներ, այլեւ տնտեսական հնարաւորութիւններ եւ պաղեստինցիների իրաւունքների ճանաչում։
MWADA-ն պարարտ հող կապահովի ենթակառուցուածքային նախագծերի համար՝ տրանսպորտից մինչեւ էներգէտիկ խողովակաշարեր ու հեռահաղորդակցութեան ցանցեր: Դրանք հեշտացնում են ոչ միայն ապրանքների տեղաշարժը, այլեւ էներգիայի, տեղեկատուութեան եւ ծառայութիւնների փոխանակումը։ Մենք՝ Արեւմտեան Ասիայում ապրողներս, պէտք է հասկանանք, որ անկախութիւնը միահիւսուած է համաշխարհային աւելացուած արժէքի շղթայում երկրի մասնաբաժնի հետ:
Էներգէտիկ անվտանգութեան երաշխիքները փոխադարձ կախուածութեան եւս մէկ հնարաւորութիւն են տալիս։ Տարածաշրջանային էներգէտիկ համաձայնագրերը պէտք է ուղղուած լինէն երթուղիների պաշտպանութեանը եւ կայուն էներգէտիկ ռեսուրսների հետազօտմանը: Իրանական բարձրաւանդակը եւ MWADA համայնքի այլ տեղանքները, որոնք վիթխարի չօգտագործուած ներուժ ունեն արեւային էներգիայի եւ հողմակայանների տեսանկիւնից, տնտեսապէս իրագործելի են դարձնում մաքուր էներգիայի ոլորտում համագործակցութիւնը տարածաշրջանում եւ նոյնիսկ դրանից դուրս:
MWADA-ն կարող է նաեւ ազդարարել նոր տարածաշրջանային համագործակցութիւն ազատ նաւագնացութեան ոլորտում, ներառեալ համատեղ ծովային անվտանգութեան պարեկութիւնը: Տարածաշրջանում են ռազմավարական կարեւորագոյն կէտէրը՝ Հորմուզի նեղուցը, Սուեզի ջրանցքը եւ Բաբ ալ-Մանդաբ նեղուցը: Իրանը՝ իր աշխարհագրութեամբ եւ անվտանգութեան փորձով, եզակի դիրք ունի՝ նպաստելու Հորմուզի նեղուցի նման ջրային ուղիների անվտանգութեանը: Միւսները կարող են առաջատար դեր խաղալ Սուեզի եւ Բաբ ալ-Մանդաբի ապահովման գործում: Շուրջ հինգ տարի առաջ Իրանի կողմից ներկայացուած «Հորմուզի խաղաղութեան առաջարկը» կամ յոյսը տարածաշրջանային նախաձեռնութեան նշանակալից օրինակ էր, որն ուղղուած էր Հորմուզ համայնքում խաղաղութեան եւ կայունութեան ամրապնդմանը` միաւորելով բազմաթիւ պետութիւններ: MWADA-ն կարող է նոր կեանք հաղորդել այդ առաջարկին՝ առաջին հերթին Իրանի, ԱՄԷ-ի եւ Սաուդեան Արաբիայի միջեւ այսօր բարելաւուած յարաբերութիւնների շնորհիւ: Իրանի եւ Սաուդեան Արաբիայի՝ տարածաշրջանի ամենաազդեցիկ տէրութիւններից երկուսի միջեւ համագործակցութիւնը վճռորոշ դեր կխաղայ: Շիայ եւ սուննի մահմեդականների միջեւ միասնութիւնն ու եղբայրութիւնը խթանելով՝ մենք կդիմակայենք ծայրայեղականութեանը եւ աղանդաւորական հակամարտութիւններին, որոնք մշտապէս ապակայունացրել են տարածաշրջանը:
Միջուկային զէնքից զերծ տարածաշրջանի ուղղութեամբ աշխատելը եւ Իրանի միջուկային համաձայնագրի (ՀԳՀԾ) վերակենդանացումը այս տեսլականի կարեւոր բաղադրիչներն են: Այս մօտեցումը ոչ միայն պէտք է անդրադառնայ միջուկային զէնքի տարածմանը, այլեւ ամրապնդի խաղաղութեան եւ կայունութեան հաւաքական յանձնառութիւնը: MWADA-ի շրջանակը պէտք է նաեւ առաջնահերթութիւն տա համագործակցութեանը մշակութային փոխանակումների, ջրի կառավարման, հակաահաբեկչութեան եւ մեդիայ արշաւների ոլորտում, որոնք նպաստում են համակեցութեանը:
Իրանի դերը
Ինչպէս միւս մասնակիցները, Իրանն էլ անփոխարինելի դեր կ’ունենայ։ Անցած 45 տարիների ընթացքում իմ երկիրը ցուցաբերել է զգալի ճկունութիւն եւ ինքնաբաւութիւն անվտանգութեան եւ պաշտպանութեան ոլորտում՝ գոյատեւելով եւ նոյնիսկ զարգանալով ոչ միայն առանց արտաքին աջակցութեան, այլ ի հեճուկս արտատարածաշրջանային տէրութիւնների ճնշմանը։
Համատարած կարծիքը, որ Իրանը կորցնում է իր ուժը տարածաշրջանում, հիմնուած է սխալ ենթադրութեան վրայ, որ Իրանը հովանաւորչական յարաբերութիւններ է ունեցել դիմադրութեան ուժերի հետ: Դիմադրութեան արմատները Իսրայելի կողմից արաբական հողերի օկուպացիան եւ իսլամական սրբավայրերի պղծումն է, ապարտեիդը, ցեղասպանութիւնը եւ հարեւանների դէմ մշտական ագրեսիան: Այն գոյութիւն ունէր մինչեւ 1979 թուականի Իրանի յեղափոխութիւնը եւ կը շարունակուի այնքան ժամանակ, քանի դեռ կան դրա հիմնական պատճառները: Այն Իրանին վերագրելու փորձը նպաստում է հանրային կապերի քարոզարշաւի, բայց կխոչընդոտի խնդրի լուծմանը:
Ինչպէս բոլոր ազգերը, Իրանը բախուել է մարտահրաւէրների եւ սխալ քայլեր արել: Իրանի ժողովուրդը, գնալով զգալի զոհողութիւնների, այժմ պատրաստ է համարձակ քայլեր ձեռնարկելու՝ տոկունութեամբ եւ վստահութեամբ։ Անցումը սպառնալիքներից դէպի հնարաւորութիւնների վրայ հիմնուած հեռանկարը համահունչ է նախագահ Պեզեշքիանի (եւ իմ) տեսլականին, որն ուրուագծուել է անցեալ ամառ Իրանում նախագահական քարոզարշաւի ժամանակ:
MWADA-ն մէզ կը ստիպի տարածաշրջանը տեսնել ոչ որպէս մարտադաշտ, այլ որպէս «մուադայի»՝ բարեկամութեան եւ կարեկցանքի կենտրոն, որը բնութագրւում է ընդհանուր հնարաւորութիւնների եւ հաւաքական բարգաւաճման ձգտումով: Կարեւոր է ներգրաւուել բովանդակալից եւ անկեղծ խօսակցութեան մէջ, որոնք թոյլ կը տան կերտել ապագայ, որը սահմանւում է համագործակցութեամբ, համատեղ եւ կայուն զարգացմամբ, սոցիալական արդարութեամբ, բարեկեցութեամբ եւ նոր յոյսով:
Արեւմտեան Ասիան խաղաղութեան եւ համագործակցութեան փարոսի վերածելը իդէալիստական ձգտում չէ. դա եւ՛ ռազմավարական հրամայական է, եւ՛ իրագործելի նպատակ, որը պահանջում է միայն յանձնառութիւն, երկխօսութիւն եւ ընդհանուր տեսլական: MWADA-ն կարող է վերափոխման հարթակ դառնալ: Եկէ՛ք օգտուենք այս հնարաւորութիւնից՝ կառուցելու կայուն, բարգաւաճ եւ խաղաղ Արեւմտեան Ասիայ, որտեղ կարեկցանքը, փոխըմբռնումը եւ համագործակցութիւնը կփոխարինէն տարաձայնութիւններն եւ պառակտումը:
Մեր կառավարութիւնների ներկայացուցիչները պէտք է օգտուէն հնարաւորութիւնից եւ սկսէն նայել դէպի ապագան, ոչ թէ մնալ անցեալի գերին: Գործելու ժամանակը հիմա է: