Նիկոլ Փաշինեանն այսօր դարձեալ նենգաբար փորձել է մոլորեցնել հայ ժողովրդին, պնդելով թէ «1994 թուականից ի վեր, այսինքն հրադադարից յետոյ, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»:
Այս պնդումը բացարձակ սուտ է։ Ինքը, Փաշինեանը, դեռեւս 2020 թուականի յունուարի 25-ին Կապանում կայացած իր «մեծ ասուլիսի ժամանակ» (տեւել է 5 ժամ 15 րոպէ ) յղում է կատարում 2018 թուականի յունուարին հակամարտութեան կողմերին ներկայացուած մի փաստաթղթի վրայ, որն ընդունուած է կոչել «կրակովեան սեւագիր»։ Համաձայն այդ փաստաթղթի «Կողմերի միջեւ համաձայնեցուած ժամկէտներում ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքոյ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչութեան ազատ կամարտայայտութիւնը հանդիսացող համընդհանուր քուէարկութեան անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշումը, որը կը լինի իրաւական առումով պարտադիր եւ կը համապատասխանի միջազգային իրաւունքի նորմերին եւ սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քուէարկութեանը դրուած հարցը կամ հարցերը չպէտք է սահմանափակուեն եւ կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները»: Ուշադրութիւն դարձրեք՝ կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները, ԲՈԼՈՐ։ Սա ինքն է կարդացել, ես չէ։ Իր խօսքերն են, իր մէջբերումն է իր ժառանգած բանակցային գործընթացի մասին, կարգաւորման առաջարկի մասին։ Հրաժարբեց, գնաց Ալիեւի հետ սեպարատ գաղտնի բանակցութիւնների ու ունենք, ինչ որ ունենք․․․․
Փաստաթղթից հեռանանք, դիմենք պարզ տրամաբանութեանը։ Եթէ Հայաստանի Հանրապետութիւնը եւ Արցախի Հանրապետութիւնը համաձայուել էին, որ Արցախի լինի Ադրբեջանի կազմում, բա 1996-ից մինչեւ 2018 ի՞նչ էին բանակցում։ Ադրբեջանը, որտեղ նստում ու վեր էր կէնում Արցախին առաջարկում էր «ինքնաւարութեան բարձրագոյն աստիճան»։ Բա եթէ հայկական կողմերը դրան համաձայն էին, ինչու՞ խաղաղութեան համաձայնագիր չկնքուեց։ Հիմնաւորումը մէկն է, Փաշինեանը ստում է։ Լեւոն Տեր-Պետրոսեանի լիսաբոնեան տապալումից հետ, 1998-ին արդէն Ադրբեջանում հայկական ինքնաւարութեան առաջարկ չի եղել։ 2001-ին Մեղրիով միջանցք/ճանապարհի դիմաց (որը չէր խոչնդոտելու Իրանի հետ հաղորդակցութիւնը, ի տարբերութիւն սրանց «խաղաղութեան խաչմերուկի») Լեռնային Ղարաբաղն ու Լաչինի շրջանն անցնում էին Հայաստանին։ Ու վերջապէս 2006-ին մշակուած Հիմնարար կամ «մադրիդեան» սկզբունքները ենթադրում էին, որ Արցախի ժողովուրդը ստանալու էր իր քաղաքական ճակատագիրը քուէարկութեամբ որոշելու իրաւունք։ Եւ այդ իրաւունքը ոչնչով սահմանափակուած չէր, վկան Փաշինեանի մէջբերած թուղթը։
Ինքը եկաւ, կործանեց ողջ բանակցային գործընթացը։ Նոյնիսկ Տեր-Պետրոսեանին պարտադրած կարգաւորումն աւելի լաւ էր, քան այն ինչ մենք ունենք այսօր։ Այսօր, Փաշինեանի օրօք, թուրքերն են Արցախում։ Դա է իր գործունէութեան հետեւանքը։ Ու թող չփորձի պատմութիւնը խեղաթիւրելով, հայրենիքի համար պայքարած մարդկանց մեղադրելով, արդարացնի այս յանցագործութիւնը․․․․․։
Արթուր Խաչատրեան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր