Փաշինեանն ուզում է լուծարե՞լ բանակը. Ռազմական ոլորտի փորձագէտի դիտարկումը

Փաշինեանն ուզում է լուծարե՞լ բանակը. Ռազմական ոլորտի փորձագէտի դիտարկումը

Ինչպիսի՞ կերպափոխուած բանակ է ուզում տեսնել Փաշինեանը, երբ յայտարարում է, թէ վերջերս անվտանգութեան խորհրդի նիստում իրենք քննարկել եւ հաւանութիւն են տուել բանակի կերպափոխման հայեցակարգին: Ռազմական փորձագէտ Հայկ Նահապետեանի համոզմամբ՝ այն, ինչ անում ու յայտարարում են Փաշինեանն ու իր թիմակիցները՝ բանակի լուծարման գործընթացին է միտուած, որն, ի դէպ, պահանջում է Ադրբնեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Փորձագէտը մտավախութիւն ունի, որ 2022 թուականին Պրահայում Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների եւ Եւրոպական խորհրդի նախագահի հետ առաջին հանդիպման ընթաքում Փաշինեանն պարտաւորութիւն է վերցրել… կը լուծարի ՀՀ ԶՈՒ-ն: «Այն, ինչ անում է Փաշինեանն, ըստ իս, ուղղուած է մէկ նպատակի՝ մեր բանակից պէտք է ընդամէնը ստորաբաժանում մնա: Այդ ստորաբաժանումը պիտի դառնայ ՆԱՏՕ-ին օժանդակող կամ ՆԱՏՕ-ի կազմում որոշակի առաքելութիւն իրականացնող ստորաբաժանում»,- ասաց փորձագէտը:

«Արդէն 2 տարուց աւելի է ասում եմ, որ Փաշինեանը հաւաքական Արեւմուտքի՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդութեամբ, հայկական բանակը փորձում է բերել ՆԱՏՕ-ի ստանդարտներին: Այդ դէպքում բանակի առջեւ չի դրուելու մարտական խնդիր՝ դիմադրել արտաքին ագրեսիային: Աւելին ասեմ՝ այդ դէպքում բանակը չի դիմադրելու նաեւ Ադրբեջանի հնարաւոր յարձակմանը: Ուստի «կերպափոխում» եւ կամ նմանատիպ արտայայտութիւնները բառախաղեր են» ,- ասաց փորձագէտն ու մէկ այլ, աւելի ուշագրաւ փաստի վրայ ուշադրութիւն հրաւիրեց: «Բանակի մարտունակութեան հիմքում մի քանի չափորոշիչներ կան. առաջինը՝ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն է՝ մօտիւացին, այսինքն՝ որքանո՞վ սպան կամ զինծառայողը կը կարողանայ կատարել հրամանը՝ զոհասեղանին դնելով իր կեանքը: Նման դէպքերի օրինակներ բազմիցս տեսել ենք եւ՛ 44-օրեայ պատերազմի, եւ՛ Քառօրեայ պատերազմի ընթացքում: Երկրորդը՝ զինանձնկազմի մասնագիտական ունակութիւններ են:

Երրորդ կէտ էլ կայ՝ զօրատեսակների միջեւ ներդաշնակումը: Այս չափորոշիչները փորձում են վարժարաններում: Եթէ մենք զօրավարժութիւններ չենք անում, ապա ինչպե՞ս կը կարողանանք գնահատել մեր բանակի ուժերը ռազմի դաշտում »,- ասաց ռազմական փորձագէտն ու մէկ այլ կարեւոր կէտ առաջ բերեց՝ 2020 թուականից յետոյ Ադրբեջանը տարուայ կտրուածքով նուազագոյնը 10 մեծ զօրավարժութիւն է անցկացնում՝ ներգրաւելով ամենատարբեր երկրների ԶՈՒ-երի (Թուրքիայ, Վրաստան, Պակիստան), իսկ Հայաստանի ԶՈՒ-ի զօրավարժութիւնները…

«Այս ամէնի համատեքստում եկեք յիշէնք, թէ իրեն գերագոյն գլխաւոր հրամանատար հռչակած անձնաւորութիւնը քանի՞ զօրավարժութիւն է իրականացրել 2020թ.-ից սկսած մինչեւ հիմա: ՀՀ-ում քանի՞ անգամ է զօրավարժութիւն անցկացուել՝ այլ պետութիւնների ներգրաւմամբ: Սա կարեւոր հանգամանք է, քանի որ փորձը կրկնապատկւում է, երբ շփումներ են լինում այլ դաշնակից պետութիւնների ԶՈՒ ներկայացուցիչների հետ»: «ՀԱՊԿ-ը, միայն ՀՀ-ում, երեք զօրավարժութիւն պիտի անցկացներ, որոնցից հրաժարուեց գերագոյն գլխաւոր հրամանատարը: Յիշեցնեմ նաեւ, որ ՀԱՊԿ-ն իր անդամ երկրների տարածքում 6 զօրավարժութիւն պիտի աներ: ՀՀ-ն այդ զօրավարժութիւններին եւս չգնաց ու չմասնակցեց»,- յիշեցրեց փորձագէտը: Աւելին՝ կառավարութեան նիստում Փաշինեանը յայտարարել է, թէ բանակը խաղաղութեան օրակարգի մէջ պիտի տեղաւորուի, իսկ միակ խնդիրը, որ կայ, ՀՀ միջազգայնօրէն ճանաչուած տարածքային ամբողջականութեան պահպանումն է: Այս յայտարարութիւնով մի՞թէ Փաշինեանը եւս մէկ անգամ մոռանում է Արցախի ու թշնամու կողմից 2022 թուականից մինչեւ օրս ՀՀ-ի մի շարք հատուածները օկուպացուած պահելու մասին: Նահապետեանի դիտարկմամբ՝ Փաշինեանը պատրաստւում է հայրենիքից մի շարք տարածքներ յանձնել թշնամուն:

Փորձագէտը յիշեցրեց այն դէպքերը, երբ խաղաղ պայմաններում թշնամուն յանձնուեցին մի շարք բնակավայրեր: «Այս մարդը Հայաստանը դէպի մեծ անդունդն է գլորում: Այստեղ ընդամէնը մի խնդիր կայ. Հայաստանի քաղաքացիները Փաշինեանին ու իր խմբակին ժամ առաջ պիտի ուղարկէն քաղաքական աղբանոցը»,- եզրափակեց փորձագէտը:

Սիլուի Մուրադեան

Երկիր Օրաթերթ

Share