Ամենակարեւոր հաստիքը թափուր է

Ամենակարեւոր հաստիքը թափուր է

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Իշխանութիւնը կորցրել է իր սոցիալական բազան։ Բայց որպէսզի սոցիալական բազայի կորստի քաոտիկ պրոցեսը վերածուի քաղաքական մերժման, երկրում պէտք է լրացուի մի շատ կարեւոր հաստիք, որը թափուր է։ Դա միջնորդի, մոդերատորի հաստիքն է։

Մարդ, ով ազդեցիկ խմբերի, հանրային ակտիւի, մարզային էլիտաների, քաղաքական միաւորների, եկեղեցու, բիզնես էլիտաների, քաղաքացիական հասարակութեան եւ այլ շրջանակների հետ համբերատար կ’աշխատի եւ հակաիշխանական տրամադրութիւններից, ասել է թէ՝ փոփոխութիւններ պահանջող քաոսից կը ստանայ-կձեւակերպի նոր իշխանութիւն ունենալու կոնսենսուս։

Սա պատմական ամենակարեւոր հաստիքն է։ Սա կոնկրէտ աշխատանք է, սեւ աշխատանք, ի դէպ՝ բարդ, բայց սա է ամենակարեւոր գործը, եթէ կուզեք՝ պատմական այս փուլի իսկական հերոսը։

Միւս տարբերակն աւելի հեշտ է՝ սպասել-յօրինել լիդերի։ Բայց
լիդերի ծնունդը հնարաւոր է միայն ու միայն մոդերացիայի փուլից յետոյ։ Այսօրուայ միջավայրը լիդեր չի ծնելու։ Յենց մոդերացիայի արդիւնքում ձեւաւորուի փոփոխութիւնների հանրային կոնսենսուս եւ ձեւաւորուի այդ գաղափարը սպասարկող մեքենան, մէկը միւսի հետեւից կձեւաւորուեն անհատներ, ովքեր լուրջ յայտ կը ներկայացնեն նոր լիդերութեան։ Պրոցեսն այնքան սահուն կգնայ, որ զարմացած կը հարցնենք «բա էս մարդիկ մեր կողքի՞ն էին, ո՞նց չէինք հասկանում»։
Մեզ հիմա միջնորդ է պէտք։ Ներքին պրոցեսների միջնորդ։ Մենք իրար էլ չենք լսում. թայֆաների, լսարանների ենք բաժանուած, ու դիմացինին, կողքինին չենք լսում։
Մեր պետական դեգրադացիան այնքան խորն է, որ վերածուել ենք Լիբիայի նման մի բանի, որտեղ քաղաքական համակարգերի, ինստիտուտների փոխարէն կան խմբեր, շքախմբեր, ցեղախմբեր եւ այլն, որոնց պէտք է բերել կոնսենսուսի՝ ինչ-որ հարց լուծելու համար։ Մենք մէզ գէշ խաբում ենք, թէ ունենք քաղաքական ինստիտուտներ, կուսակցութիւններ, կուսակցական կեանք, կամ ընդհանրապէս՝ քաղաքականութիւն։

Որպէս առաջին քայլ՝ պէտք է սկսենք իրար լսել։ Սա կը բերի երկրի ներսում դեէսկալացիայի, որը կտրուկ կբարձրացնի մեր պետական դիմադրողականութիւնը։ Չանենք՝ մի օր ինչ-որ տեղից անհասկանալի հրոսակներ կմտնէն մեր երկիր ու կը մնան այստեղ ընդմիշտ։ Այնքան սրընթաց կը լինի, որ չենք էլ հասկանայ, թէ ինչ կատարուեց։

Այնպէս որ, մոդերացիան 2025-ի ամենակարեւոր գործն է, իսկ մոդերատորը՝ իրական հերոսը, ով չպէտք է ունենայ որեւէ անձնական շահ այդ գործում։ Ոսկէ տառերով է գրուելու այն մարդու (կամ մարդկանց խմբի) անունը, ով կ’անի ներհայկական, ներհայաստանեան միջնորդութիւնը։

Share