ՊՆ-ն, ինչպէս 44-օրեայի զոհերի դէպքում, չի տրամադրել 2024-ին զոհուածների ամբողջական թիւը

ՊՆ-ն, ինչպէս 44-օրեայի զոհերի դէպքում, չի տրամադրել 2024-ին զոհուածների ամբողջական թիւը

Պաշտպանութեան նախարարութիւնը Yerkir.am-ի գրաւոր հարցմանն ի պատասխան՝ չի  տրամադրել 2024 թուականի ընթացքում ոչ մարտական գործողութիւնների ընթացքում զոհուած զինծառայողների յստակ թիւը, անուն-ազգանունները, տարիքը, զինուորական կոչումը եւ զոհուելու հանգամանքները` նշելով, որ «ՀՀ զինուած ուժերում մարտական եւ ոչ մարտական պայմաններում զոհուած (մահացած) զինծառայողների վերաբերեալ ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը տարածել է պաշտօնական հաղորդագրութիւններ, իսկ նրանց մահուան հանգամանքների վերաբերեալ տեղեկատուուեւթիւնն ստանալու համար անհրաժեշտ է դիմել վարոյթ իրականացնող մարմիններին»:

Փաստենք, որ Փաշինեանի իշխանութիւնը, հակառակ մեր տասնեակ հարցումների, ջանքերի ու քայլերի, յամառօրէն թաքցրեց ու ոչ մի կերպ չտրամադրեց 44-օրեայ պատերազմում զոհուածների ամբողջական անուանացանկը, զոհերի կոչումների, ծննդավայրի, զոհուելու վայրի եւ հանգամանքների մասին տեղեկութիւնները: Պատասխանը գրեթէ միշտ նոյնն էր ու համանման. հետեւէ՛ք պաշտօնական տեղեկատուութեանը եւ պարբերաբար արուած հրապարակումներին: Միայն այդքանը, եւ վերջ:

Ելնելով դրանից՝ կարող ենք թէ՛ չհաւատալ Փաշինեանի հրապարակած թուերին, թէ՛ կասկածել, որ զոհերի իրական թիւը բոլորովին այլ է: Իսկ թէ Փաշինեանի իշխանութեան այս վերաբերմունքը հայրենիքի պաշտպանների հանդէպ որքանո՞վ է բարոյական, արդեօ՞ք դա նաեւ Փաշինեանի իշխանութեան՝ Արցախի հետքերը, հայ ժողովրդի գոյապայքարի տարեգրութիւնը ջնջելու քաղաքականութեան մի մասը չէ, թող դատի հասարակութիւնը:

Երկիր Օրաթերթ

Share