Ադրբեջանի դատախազները Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի նկատմամբ շուրջ 45 յօրինուած նոր մեղադրանքների փաթեթ են առաջադրել, որի մասին հաղորդում է նրա պաշտպանական թիմը: Այդ մեղադրանքներով Վարդանեանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը։
Ռուբէն Վարդանեանի դէմ ներկայացուած նոր մեղադրանքներն առնչւում են Ադրբեջանի Քրեական օրէնսգրքի 20 տարբեր յօդուածների յատկանիշներին։ Շինծու ապացոյցները ներկայացուած են 100 հատորով, ընդհանուր ծաւալը կազմում է մօտ 25 հազար էջ, ամբողջը՝ ադրբեջաներէն:
Ենթադրեալ «ապացոյցներն» ամբողջութեամբ թաքցուել են թէ Ռուբէն Վարդանեանից, թէ հանրութիւնից՝ այն պատճառաբանութեամբ, թէ այդ մեղադրանքներն առնչւում են «Ադրբեջանի ազգային անվտանգութեանը»: Ադրբեջանական կողմը, միեւնոյն ժամանակ, հրաժարուել է Վարդանեանին եւ նրա փաստաբանին տրամադրել «ապացոյցների» պատճէնները։ Նրանց թոյլատրւում է նիւթերին ծանօթանալ առանց պատշաճ թարգմանութեան, սահմանափակ ժամկէտներում, սակայն «ազգային անվտանգութեան նկատառումներով»՝ նրանք սահմանափակուած են որեւէ նշում կատարելու հնարաւորութիւնից: Վարդանեանն ու նրա փաստաբանը սահմանափակուած են իրենց իրաւունքներում, որպէսզի դատաւարութեան ժամանակ պատրաստ լինէն պաշտպանութեան։
«Այս մեղադրանքները Ադրբեջանի ստանձնած միջազգային իրաւական պարտաւորութիւնների կոպտագոյն խախտում են։ Մեղադրանքների այդ երկար շարանը՝ ակնյայտ ցինիկ փորձ է Ռուբէն Վարդանեանին մեղադրելու այն ամէնի մէջ, ինչ ադրբեջանական ռեժիմն արել է Լեռնային Ղարաբաղում։ Աւելին, Ադրբեջանի մերժումը՝ հանրային դարձնելու եւ ծանօթացման ներկայացնելու Վարդանեանի դէմ ուղղուած բոլոր մեղադրանքներն ու այսպէս կոչուած ապացոյցները, վերահաստատում է, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն: Ռեժիմը նաեւ գիտակցում է, որ ցանկացած անկախ դիտորդ կնկատի, որ ներկայացուած մեղադրանքներում որեւէ արժանահաւատ ապացոյց չկայ ու չի սատարի նրանց մերկապարանոց մեղադրանքները: Այս մօտեցումը յստակօրէն ծրագրուած է, որպէսզի Ալիեւը կարողանայ արդարացնել գաղտնի դատաւարութեան անցկացումը, որը կը լինի ո՛չ անկախ, ո՛չ էլ անաչառ»,- ասել է Վարդանեան ընտանիքի միջազգային իրաւախորհրդատու Ջարեդ Գենսէրը։
Ռուբէն Վարդանեանի ընտանիքը կոչ է անում ժողովրդաւար աշխարհին՝ ցոյց տալ, որ նման աղաղակող խախտումներն այլեւս չէն կարող հանդուրժուել, եւ ապահովել, որ միջազգային կազմակերպութիւններն ու լրատուամիջոցները ներկայ լինէն դատաւարութեանը։
«Հորս դէմ ներկայացուած այս վերջին մեղադրանքներն արդարադատութեան ծաղր են եւ COP29-ի ձախողումների համար հատուցում։ Ռուբէն Վարդանեանը երեք ամիս եղել է Լեռնային Ղարաբաղի պետնախարար, որտեղ նա փորձում էր սոցիալական կենսական ծրագրերի միջոցով բարելաւել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կեանքը: Ցաւօք, սրա դիմաց նա կանգնել է ցմահ ազատազրկման սպառնալիքի առջեւ՝ աշխարհի ամենակոռումպացուած ռեժիմներից մէկի կողմից։ Նրա ձերբակալութիւնը եւ առաջադրուած կեղծ մեղադրանքները ազդանշան են ամբողջ աշխարհի հայերի համար, որ ոչ ոք ապահով չէ: Աւելի քան երկու տարի է, ինչ ընտանիքը չի կարողանում տեսնել նրան։ Մենք մտավախութիւն ունենք, որ հնարաւոր է այլեւս չկարողանանք նրան տեսնել, եթէ ժողովրդաւար աշխարհը միջոցներ չձեռնարկի այս անհեթեթութեանը վերջ տալու համար»,- ասել է Ռուբէն Վարդանեանի որդին՝ Դաւիթ Վարդանեանը: