Վնասուած փշալար ու ոտնահետքեր. ենթադրեալ սահմանահատման դէպքը Ռանչպարի հատուածից

Վնասուած փշալար ու ոտնահետքեր. ենթադրեալ սահմանահատման դէպքը Ռանչպարի հատուածից

Հայ-թուրքական սահմանի Արարատի մարզի Ռանչպար գիւղի հատուածից է տեղի ունեցել ենթադրեալ սահմանահատման դէպքը։ Վնասուած փշալարն ու ոտնահետքերն են կասկածներ յարուցել, որ Թուրքիայից Հայաստան ներթափանցման փորձ է եղել։ Առայժմ, սակայն, յստակ չէ՝ ով կամ ովքեր են եղել, ու արդյօք յաջողուել է մտնել Հայաստան։ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը երէկ միայն հաղորդեց, որ օպերատիւ միջոցառումներ է իրականացնում։

Սահմանի այս հատուածում ռուս սահմանապահներն են կանգնում։ Նրանք այսօր արգելեցին տարածքը նկարահանել։ Ռանչպարի վարչական ղեկավար Վահան Վարդանեանն «Ազատութեանն» այսօր ասաց՝ ենթադրեալ սահմանահատման մասին ռուս սահմանապահներն են յայտնել. — «Ամբողջ խօսակցութիւնը սկսուել է այն պահից, երբ դեկտեմբերի 10 ի լոյս 11 ի առաւօտեան ուղեկալը նկատել է կտրուած փշալար ու ինչ-որ ոտնահետքեր, բայց դա չի նպաստել, որ գիւղում ինչ-որ խուճապ լարուածութիւն, առաւել եւս արտառոց ոչինչ չունենք գրանցած»։

Տեղացիներից ոմանք միջադէպի մասին դպրոցից են տեղեկացել, զանգել են, կանչել՝ երեխաներին տուն տանելու։

azatutyun.am

Share