Հայ ազգը ունի ապագայ առանց կործանարար զիջումների եւ չունի ապագայ այդպիսի զիջումներով

Հայ ազգը ունի ապագայ առանց կործանարար զիջումների եւ չունի ապագայ այդպիսի զիջումներով

ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, Աժ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանի ելոյթը «Հայաստան-Թուրքիայ յարաբերութիւններ. սպառնալիք, թե՞ հնարաւորութիւն» խորագրով միջազգային խորհրդաժողովին.

Հայաստան-Թուրքիայ յարաբերութիւնները վերաբերում են մեր ժողովրդի համար կէսական նշանակութեան հարցերին եւ իրենց բնոյթով դուրս են զուտ երկկողմանի ձեւաչափից, ունեն աւելի լայն տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական տարողութիւն:

Սպառնալիք է դա, թե՞ հնարաւորութիւն՝ կախուած է նրանից, թէ որքանով ենք կարողանում բացառել Հայոց պետականութեան եւ հայ ժողովրդի շահերը, լինելիութիւնն ու առաջընթացը վտանգող զիջումները եւ պաշտպանել մեր անժամանցելի իրաւունքները:

Ակնյայտ է, որ Թուրքիան ոչ այնքան շահագրգռուած է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորմամբ, որքան այդ գործընթացը օգտագործել իր եւ Ադրբեջանի պահանջները բաւարարելու համար:

Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի նկատմամաբ վարում են էթնիկ ազգակցութեան եւ ուժի կիրառման սպառնալիքի վրայ կառուցուած քաղաքականութիւն՝ «Շուշիի հռչակագրով» ամրագրուած հակահայկական նպատակներին ու պանթուրանական ծրագրերին համահունչ:

Այս ռազմաւարութեան բուն իմաստը «Մեծ Թուրանի» գաղափարով թուրքալեզու երկրների համախմբումն է, իսկ աշխարհաքաղաքական այդ տարածքում գտնուող միւս երկրների թուրքացումն է՝ այսպէս կոչուած «փափուկ ուժի» մարտաւարութեան միջոցով:

Հետեւողականօրէն շարժուելով այդ ռազմաւարութեամբ՝ թուրք- ադրբեջանական տանդէմը արդէն հասցրել է հայաթափել Արցախը եւ պատրաստում է հայ ժողովրդի հայրենազրկումն ու Հայաստանի թուրքացումը:

Թուրքացումը ինչ-որ գեղարուեստական արտայայտութիւն չէ, այլ կոնկրէտ նշանակում է Թուրքիայից Հայաստանի քաղաքական անվտանգային, տնտեսական եւ ընդհանրապէս բազմամակարդակ եւ բազմաբնոյթ կախուածութեան վիճակ: Սա այն է, երբ Հայաստանը կենսական զիջումների արդիւնքում վերածւում է իրաւական առումով առերեւոյթ գոյութիւն ունեցող, սակայն փաստացի Թուրքիայից լիովին կախեալ, կցորդ միաւորի՝ շատ բանով նման Աջարիային:

Թուրքացումն իհարկէ մէկ օրում չի կատարուելու, այլ դրսեւորուելու է հանգրուանային կենսական զիջումների, ի յայտ գալով հիմնականում չորս մակարդակներում՝ աշխարհաքաղաքական, իրաւաքաղաքական, տնտեսական եւ հոգեւոր, մշակութային, տեղեկատուական, կրթական:

1. Աշխարհաքաղաքականը, երբ ինքնիշխանութեան սահմանափակումների եւ տարածքային զիջումների հետեւանքով Հայաստանը կորցնի իր աշխարհաքաղաքական նշանակութիւնը:

2. Իրաւաքաղաքական մակարդակում, երբ չեղարկուեն մեր համազգային իղձերն ու նպատակներն ամրագրող փաստաթղթերը եւ իրաւապայմանագրային հաստատում ստանայ սերունդների իրաւունքներից մեր հրաժարումը:

3. Տնտեսական մակարդակում, երբ տեղի ունենայ թուրքական կապիտալի եւ տնտեսութեան ներխուժմամբ Հայաստանի տնտեսութեան մասնակի կամ ամբողջական կլանում:

4. Հոգեւոր մշակութային, տեղեկատուական եւ կրթական մակարդակներում, երբ խաթարուի հոգեւոր-մշակութային եւ գիտակրթական անվտանգութիւնը եւ տեղի ունենայ ազգային ինքնութեան ու արժեհամակարգի աստիճանական արժեզրկում:

Այս պայմաններում, երբ էթնիկ ազգակցութեամբ նոյնացած Թուրքիան եւ Ադրբեջանը հանդէս են գալիս մէզանից կենսական զիջումներ պահանջող վերջնագրերով, պաշտօնական Երեւանի ամէն գնով խաղաղութեան հասնելու ձգտումները միայն մի դէպքում կարող են իրականութիւն դառնալ՝ թուրք-ադրբեջանական պահանջները ամբողջութեամբ բաւարարելու պարագայում:

Եւ բոլորովին պատահական չէ, որ այս իշխանութիւնները ձեռնամուխ են եղել այդ պահանջները հիմնաւորելուն եւ կատարելուն:
Փաստացի այս վարչախումբը լծուել է թուրք-ադրբեջանական շահերը պաշտպանելու գործին, որովհետեւ այլ կերպ չի պատկերացնում հաշտեցումը նրանց հետ:

Սրա ամենավերջին վկայութիւններից մէկը, Փաշինեանի ինքնաբացայայտումն էր, կապուած անկախութեան հռչակագրի վերաբերեալ իր համոզումների հետ:

Ոչ աւել, ոչ պակաս յայտարարում է, որ մեր հիմնարար փաստաթուղթը մեր պետութիւն չունենալու մասին է, քանի որ այն կոնֆլիկտներ է առաջացնում հարեւանների հետ: Իսկ քանի որ հայ ժողովուրդը իր շահերն ու իղձերն է արտացոլել այդ փաստաթղթի մէջ, ուրեմն ըստ այդ անձի մեր շահերը պաշտպանելը սպառնալիք է մեր գիւթեանը, որովհետեւ դրանք կոնֆլիկտածին են:

Ուստի իր ենթադրեալ լուծումը մէկն է՝ հրաժարուել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խնդիր առաջացնող մեր շահերից եւ այդպիսով ազատուել նրանց հետ ունեցած կոնֆլիկտներից:

Սա է իր խաղաղութեան բանաձեւը: Սակայն ինչպէս ասում են «շան գլուխը հէնց այստեղ է թաղուած», որովհետեւ հարցերի հարցն իրականում հետեւեալն է. Կոնֆլիկտը արդյօք միայն մեր շահերը ձեակերպելու հետ է կապուած, որը դիմացինը փորձում է ներկայացնել որպէս ոտնձգութիւն իր նկատմամբ, թէ հէնց մեր հայկական ինքնութեան, որի պահպանման բնական մղումից ինքնին ծագում են թէ մեր արդար եւ անօտարելի իրաւունքները եւ թէ մեր տեսակի յարատեւութիւնն ապահովող կենսական շահերը:

Պատմութիւնը բազմիցս ցոյց է տուել, որ հէնց մեր ազգային, կրօնական, մշակութային ինքնատիպութիւնն է, որ միշտ անընդունելի եւ վտանգաւոր է համարուել թուրք- ադրբեջանական տանդէմի համար: Եւ այդ կոնֆլիկտի լուծումն էլ նրանք տեսել են հայի ու ամէն հայկականի վերացման միջոցով: Սա է կատարուել Արեւմտեան Հայաստանում եւ կատարւում է հիմա բռնազաւթուած Արցախում, որտեղ հետեւողականօրէն վերացւում է ամէն հայկական հետք:

Հետեւաբար, մեր անժամանցելի իրաւունքներից եւ կենսական շահերից հրաժարուելու՝ թէ դրսից պարտադրուող, թէ ներսից քաջալերուող գործընթացը ոչ այլ ինչ է, եթէ ոչ մեր ինքնութիւնը ոչնչացնելու դաւադիր ծրագիր:

Միայն թէ այս վարչախմբի ասածը եւ արածը եթէ պատկերաւոր ձեւակերպենք հետեւեալն է՝ եթէ ընդդիմանանք՝ միեւնոյնն է մեր ինքնութիւնը անկարող ենք պահել, աւելի լաւ է դրանից ինքներս ազատուենք աւելի անցաւ եղանակով՝ էֆթանազիայի միջոցով:

Այս տրամաբանութեամբ, թէ դրսից, թէ ներսից տեղի է ունենում մեր արդար իրաւունքների եւ պահանջների նախ չէզոքացում՝ դրանց իբր անիրատեսական եւ դիմացինի կողմից հակադարձելի լինելու հիմնաւորումներով, ապա նաեւ դրանցից իսպառ հրաժարում՝ հանուն կարծեցեալ հաշտեցման:

Այս ամէնը արդէն ընթացքի մէջ է, մասնաւորապէս.

արցախահայութեան վերադարձին հակադրում են ադրբեջանցիների վերադարձով, Արեւմտեան Հայասատանը համեմատւում եւ նոյնացւում է Արեւմտեան Ադրբեջանի հետ, յաջորդ զուգահեռը չի բացառւում, որ տարուի Հայոց ցեղասպանութեան եւ Խոջալուի եւ այլ տեղէրում իբր ադրբեջանցիների ցեղասպանութեան միջեւ եւ այսպէս շարունակ:

Խորքային իմաստով սա հէնց թուրքացումն է գործողութեան մէջ: Ուստի դժուար չէ կռահել, թէ մօտաւորապէս ինչ այսպէս կոչուած «ռազմավարական գործարք» կարող էր առաջարկել Փաշինեանն Ալիեւին: Ամենայն հաւանականութեամբ դրա վերջնարդիւնքը Հարաւային Կովկասում քիրուայութեան եւ էթնիկ համակեցութեան քօղի տակ ձեւաւորուած թուրքական տան մէջ այս տարածաշրջանի երեք պետութիւնների միաւորումն է:

Կասկածից վեր է, որ այս վարչախմբի փառաբանած խաղաղութեան երաշխաւորը Թուրքիան է լինելու: Քանզի հէնց Թուրքիան է այսօր ստեղծուած աշխարհաքաղաքական վերադասաւորումներից օգտուելով յաւակնում դառնալ տարածաշրջանային նոր անվտանգութեան համակարգի գլխաւոր ճարտարապետը:

Ըստ այդմ, նկատի ունենալով, մի կողմից Թուրքիայի ակնկալիքները հասնելու իրենց բնոյթով հակահայկական վերոնշեալ նպատակների իրագործումը, միւս կողմից՝ բարիդրացիական յարաբերութիւններ հաստատելու գործընթացում մեր ազգային պետական շահերի գերակայութիւնը, անհրաժեշտ է առաջնորդուել կենսական զիջումները բացառող եւ հայութեան հաւաքական կամքն արտայայտող նպատակադրումներով:

Առ այդ, Հայաստան-Թուրքիայ յարաբերութիւնների կարգաւորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով՝ որպէս մեկնակէտ ընդունելով դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը: Յետագայ յարաբերութիւնները պէտք է կառուցուէն համաձայն հետեւեալ հիմնարար սկզբունքների.

1.Հայաստանի կողմից ձեռնարկուող քայլերը՝ նախատեսուող պարտաւորութիւնների ստանձման եւ դրանց կատարման ուղղութեամբ, անհրաժեշտաբար պէտք է ներդաշնակ լինէն Հայաստանի Հանրապետութեան եւ Սահմանադրական դատարանի 12.01.2010թ. որոշման մէջ ներկայացուած իրաւական դիրքորոշումներին եւ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ ամրագրուած սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին:

2.Հայաստան -Թուրքիայ յարաբերութիւններում բացառել որեւէ համաձայնութիւն, որը հարցականի տակ կը դնի հայ ժողովրդի հայրենազրկման ու Ցեղասպանութեան իրողութիւնը, ինչպէս նաեւ հայութեան հոգեւոր մշակութային ժառանգութեան կրողը լինելու նրա իրաւունքը:

3.Առաջնորդուել Հայաստանի եւ Սփիւռքի միասնական կամքով՝ Հայոց ցեղասպանութեան փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ Ցեղասպանութեան հետեւանքների յաղթայարման հարցում:

4.Հայաստան-Թուրքիայ յարաբերութիւնների հաստատումը չի կարող ուղղակի կամ անուղղակի պայմանաւորուել եւ ծառայեցուել Ադրբեջանի պահանջների բաւարարմանը եւ թուրք-ադրբեջանական տանդէմի ծաւալապաշտական ու պանթուրանական ծրագրերի իրագործմանը:

5. Հայաստանի Հնրապետութիւնը միջազգային իրաւունքի հիման վրայ պէտք է նպաստի Թուրքիայում հայոց լեզուի, հայկական պատմական եւ մշակութային արժէքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կեանքի զարգացմանը:

Այս կէտէրը արձանագրելով միաժամանակ ինչ անելու եւ ինչ չանելու առաջադրանքները, ըստ էութեան սահմանում են այն կարմիր գծերը, որոնք ուրուագծում են մեր կենսական շահերի յստակ շրջանակը:

Կարմիր գծեր, որոնց անտեսումը անմիջական սպառնալիք է ոչ միայն ազգի, այեւ անհատի՝ որպէս հայի լինելիութեան համար:

Այսպիսով ջրբաժանն այսօր ինչպէս միշտ անցնում է նոյն տեղով՝ ազգային թէ ապազգային է երկրի պետական ուղեգիծը: Իսկ այս երկուսի տարբերութիւնն էլ ի յայտ է գալիս պարզ հարցադրման միջոցով՝ պահւում, թէ չէն պահւում այս կարմիր գծերը:

Ազգայինի համար կարմիր գծերը կոչուած են երաշխաւորելու հայ ազգի տեսակի եւ ինքնութեան յարատեւումը: Իսկ ազգային ինքնութիւնը կորցրած անհատը այլեւս չի ապրում իրեն հարազատ բնական միջավայրում, ոչ էլ մաս է կազմում իր ազգի յաւէրժական երթին:

Եւ ուրեմն հայ ազգը ունի ապագայ առանց կործանարար զիջումների եւ չունի ապագայ այդպիսի զիջումներով:

Այստեղ է հիմա իրական ջրբաժանը:

Share