Հալեպում ՀՀ գլխաւոր հիւպատոսն ու մարդասիրական խումբը լքել են երկիրն առանց համայնքին տեղեկացնելու. Զարմիկ Պողիկեան

Հալեպում ՀՀ գլխաւոր հիւպատոսն ու մարդասիրական խումբը լքել են երկիրն առանց համայնքին տեղեկացնելու. Զարմիկ Պողիկեան

Սիրիայի Հալեպ քաղաքում չնայած այս պահին (Երեւանի ժամանակով 13:30-ին) խաղաղ է, բայց, այնուամենայնիւ, հայկական համայնքում սպասողական ու անորոշ իրավիճակ է տիրում: 

Yerkir.am-ի հետ զրոյցում Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկեանը ներկայացրեց քաղաքում տիրող իրավիճակը՝ հակակառավարական զինուած խմբաւորումների՝ Հալեպ ներխուժումից յետոյ:

Նրա խօսքով՝ երէկ մինչեւ կէսգիշեր բախումներ են տեղի ունեցել, որոնք լսելի են եղել նաեւ իրենց բնակավայրում: «Անապահով էինք մէզ զգում, արդէն ցերէկը տեղեկացանք, որ քաղաքում ընդդիմադիրներն են, Սիրիայի բանակն այժմ քաղաքում չէ: Հիմա բախումներ չկան, բայց քաղաքում շատ քիչ մթերային խանութներ են բաց, ոչինչ չի գործում, բոլորս փակուել ենք տանը: Հակասական տեղեկութիւններ են տարածւում: Ճիշտ է, մենք ապահւուած ենք սննդի պաշարով, բայց  չգիտենք՝ ի՞նչ համաձայնութիւններ ձեռք կը բերուէն, ի՞նչ կը լինի մեր հետ»,- ասաց Զարմիկ Պողոսեանը:

Զրուցակիցը տեղեկացրեց՝ հիմնական բախումները քաղաքի ծայրամասերում են տեղի ունեցել: Երբ լսել են առաջին ձայները, միանգամից պատսպարուել են:

«Գանձասար» շաբաթաթերթի խմբագիրը մէկ այլ խնդրի մասին եւս խօսեց. «Մենք տեղեակ չենք եղել, որ Հալեպում ՀՀ գլխաւոր հիւպատոսը, հիւպատոսարանի աշխատակիցներն ու Հալեպի տարածաշրջանում առաքելութիւն իրականացնող ՀՀ-ի հումանիտար ականազերծման եւ բուժաշխատողների մասնագիտական խումբը բախումներից առաջ լքել է քաղաքը: Համայնքը տեղեակ չէր սրա մասին: Տեղեկացանք միայն այն ժամանակ, երբ նրանք արդէն լքել էին քաղաքը: Բարեբախտաբար հայկական համայնքում տուժածներ չկան: Կապը պահում ենք բոլորի հետ, բայց այս պահին բոլորս էլ անորոշութեան մէջ ենք»:

Յաւելենք, որ Սիրիայում տեղի ունեցած երկարատեւ պատերազմի ժամանակ ՀՀ գլխաւոր հիւպատոսը նախկինում երբեք չի լքել իր նստավայրը, հիւպատոսարանը երբեք չի դատարկուել: ՀՀ արտաքին գործոց նախարարութիւնը մինչ այս պահը որեւէ մեկնաբանութիւն չի տուել:

Յիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն երէկ ուշ երեկոյեան յայտարարութիւն տարածեց ու տեղեկացրեց, որ վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետութեան մի շարք շրջաններում օպերատիւ իրավիճակի կտրուկ սրման եւ ռազմական ակտիւ գործողութիւնների պատճառով որոշում է կայացուել ժամանակաւորապէս կասեցնել խմբի գործունէութիւնը Հալեպում։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյեան ՀՀ հումանիտար ականազերծման եւ բուժաշխատողների մասնագիտական խմբի ամբողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան: Յիշեցնենք նաեւ, որ  Սիրիայի Արաբական Հանրապետութեան Հալեպի տարածաշրջանում առաքելութիւն իրականացնող ՀՀ-ի հումանիտար ականազերծման եւ բուժաշխատողների մասնագիտական խումբն իր առաքելութիւնն իրականացնում էր 2019 թուականից սկսած:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:

Երկիր Օրաթերթ

Share