««Հանուն արժանապատուութեան եւ հանուն Ֆրանսիայի միասնականութեան ապահովման… Եւրոպայում հաստատուած նոր կարգերը հաշուի առնելով՝ ես այսօրուանից ընտրում եմ Գերմանիայի հետ համագործակցութեան տարբերակը»:
Ֆիլիպ Պետէն
Ֆրանսիայի Վիշիի կոլաբորացիոնիստական վարչակարգի վարչապետ
«Ես հաւատում եմ, որ սա խաղաղութիւն է մեր ժամանակների համար: Գնացեք տուն եւ հանգիստ քնեք»:
Նեւիլ Չեմբերլէն
Մեծ Բրիտանիայի վարչապետ
Ռացիոնալ հայրենասիրութեան եւ խաղաղասիրութեան անուան տակ թշնամու հետ համագործակցելու եւ վերջինիս քաղաքական նպատակներն իրականացնելու երեւոյթը նորութիւն չէ համաշխարհային պատմութեան մէջ։
Հայաստանում այսօր իշխանութիւն զբաղեցնողների յայտարարութիւնները յաճախ հեշտ է շփոթել թշնամական պետութիւնների ներկայացուցիչների հետ ու, բնականաբար, այդ յայտարարութիւնները զայրոյթ եւ տարակուսանք են առաջացնում քաղաքացիների շրջանում։ Աւելին, այսպիսի յայտարարութիւնները յաճախ յանգեցնում են «մենք ազգ չենք», «մէզ սա էլ է քիչ», «էս ազգին փրկութիւն չկայ» յուսայատական դիրսկուրսին, որտեղ մենք յայտնւում ենք ինքնախարազանման կործանարար ճիրաններում։
Սակայն բաւական է յիշել ոչ վաղ անցեալի համաշխարհային պատմութեան դրուագները եւ տեսնել, որ ծանր պարտութիւնների, յուսալքութեան եւ անորոշութեան պայմաններում, անգամ պետականութեան բաւական երկար պատմութիւն ունեցող ազգերն են անցել նոյնանման ճանապարհով, զոհ դարձել թշնամական քարոզչութեան։ Բաւական է յիշել թեկուզ միայն Երկրորդ համաշխարհայինի տարիների եւրոպական երկրների օրինակները։
Համագործակցութիւն թշնամու հետ՝ պրագմատիզմի անուան տակ
1938 թ. սեպտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ղեկավարները Ֆաշիստական Գերմանայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի եւ նոյն հայեացքները կիսող Իտալիայի ղեկավարի հետ, առանց Չեխօսլովակիայի, ստորագրեցին Չեխօսլովակիան բաժանելու մասին համաձայնագիրը։ Դա արուեց եւրոպայում խաղաղութիւն ապահովելու անուան տակ։ Աւելին, Չեմբեռլենը եւ Հիտլերը ստորագրեցին լրացուցիչ անգլոյ-գերմանական հռչակագիր, որում արտայայտեցին իրենց մտադրութիւնը «այլեւս երբեք միմեանց հետ չպատերազմելու» եւ վէճերը բացառապէս խաղաղ ճանապարհով կարգաւորելու վերաբերեալ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայրենիք վերադառնալուց յետոյ բառացի յայտարարեց, որ ինքը «բերել է մեր ժամանակաշրջանի խաղաղութիւնը»։
Պայմանագրի ստորագրումից ընդամէնը երկու տարի անց ֆաշիստական բանակի հռթիռները պայթում էին արդէն Լոնդոնի երկնքում, իսկ Ֆրանսիայի տարածքի 60%-ը գրաւած էր ֆաշիստական զօրքերի կողմից։
Այս պայմաններում Մեծ Բրիտանիան որդեգրեց ղեկավարութեան փոփոխութեան տարբերակը։ Հիտլերի բոլորը պահանջները բաւարարելով նրան խաղաղեցնելու կողմնակից Չեմբեռլենին փոխարինեց Չերչիլը, ով առաջնորդւում էր ամէն գնով եւ ամէնուր ֆաշիզմի դէմ պայքարի տրամաբանութեամբ։
Ֆրանսիան ընտրեց Նացիստական Գերմանիայի հետ համագործակցութեան ճանապարհը։ Մարշալ Պետենի ղեկավարութեամբ Ֆրանսիայի տարածքի չօկուպացուած հատուածում հաստատուած Վիշիի ռեժիմը պնդում էր, որ գերմանացիներին ուղիղ դիմակայելը կեանգեցնի Ֆրանսիայի ամբողջական կործանմանը: «Մենք պէտք է համագործակցենք Գերմանիայի հետ, քանի որ այս կերպ կարող ենք պահպանել Ֆրանսիայի ապագան». այս կարգախօսով էր առաջնորդւում ֆրանսիայում հաստատուած կառավարութիւնը։
Ճիշտ նոյն կերպ, ինչպէս Նիկոլ Փաշինեանը պատերազմի սպառանալիքի պայմաններում Սիւնիքում եւ Տաւուշում տարծքներ յանձնելը, Արդբեջանի եւ Թուրքիայի հետ թուղթ ստորագրելը ներկայացնում է որպէս այլընտրանք չունեցող միակ պրագմատիկ ճանապարհ, որը պէտք է ընտրել Հայաստանի «ապագան» ապահովելու համար։
Նոյնական էր նաեւ երկրի ներսում վարուող քաղաքականութիւնը։
Վիշիի ռեժիմը ձգտում էր ոչնչացնել աւանդական արժէքները՝ օգտագործելով բառապաշար, որը Ֆրանսիայի Երրորդ Հանրապետութիւնը ներկայացնում էր որպէս բարոյապէս եւ քաղաքականապէս կործանուած: Նրանք Ֆրանսիայի պարտութեան մեղքը բարդում էին «փտածութեան» եւ կոմունիստների, հրէայների ու ձախակողմեան մտաւորականների ազդեցութեան վրայ՝ իրենց դիրքաւորելով որպէս «կարգուկանոն» վերականգնող փրկիչներ:
Վիշիի կառավարութեան հակահրէական քաղաքականութիւնը յաճախ գերազանցում էր նոյնիսկ գերմանական պահանջները:
Այսպիսի քաղաքականութիւնը նոյնական է Հայատանում վարուող հակաարցախեան քաղաքականութեան հետ։ Օրինակ, անգամ Ադրբեջանում չէին կարող պատկերացնել, որ ՀՀ որեւէ իշխանութիւն մէկ հրամանով արցախահայերին կզրկի քաղաքացիութեան կարգավիճակից, փաստացի նրանց զրկելով բոլոր տեսակի քաղաքական իրաւունքներից։
Դիմադրութիւնը որպէս միակ իրական այլընտրանք
Վիշիի օկուպացիոն վարչակարգը եւս ունէր դիմադրութիւն երկրի ներսում. ի վերջոյ, բոլոր ֆրանսիացիները հաշտ չէին ֆաշիզմին ծառայելու մտքի հետ։ Սակայն այլախոհներն ու ընդդիմադիր ուժերը բախւում էին բազմաթիւ լուրջ խնդիրների, որոնք դժուարացնում էին հանրային կոնսօլիդացիան։
Լոնդոնում աքսորի մէջ գտնուելով՝ Ֆրանսիական դիմադրութեան առաջնորդ դը Գոլը կոչ էր անում դիմադրութիւն ցուցաբերել թէ՛ Նացիստական Գերմանիային, թէ՛ Վիշիի ռեժիմին: 1940 թ. յունիսի 18-ին ԲիԲիՍի-ով հնչեցրած իր ելոյթում գեներալ դը Գոլն իր այլընտրանքը ձեւակերպել է հետեւեալ կերպ. «Ֆրանսիան պարտուել է ճակատամարտում, ո՛չ պատերազմում»։
Նոյնն է նաեւ ներկայիս հայկական ազգային ուժերի առաջարկած այլընտրանքը, որը թէեւ հաշուի է առնում մեր կրած ծանր պարտութիւնը, սակայն պնդում է, որ մենք ունենք վերականգնման ռեսուրս, եւ կայ թշնամուն յանձնուելու օրակարգին իրական այլընտրանք, որը պէտք է սկսուի երկրում իշխանութեան փոփոխութիւնից։
Սակայն, օկուպացուած Ֆրանսիայում եւս այլախոհները դժուարանում էին հանրութեանը հասցնել իրենց ուղերձները։
Վիշիի ռեժիմի պրոպագանդան Պետենին ներկայացնում էր որպէս ազգային փրկիչ՝ օգտագործելով նրա Առաջին համաշխարհային պատերազմում ձեռք բերած հերոսի կարգավիճակը։ Մինչդեռ բոլոր այլախոհները ներկայացւում էին որպէս վտանգաւոր, ոչ հայրենասէր կամ թշնամական սադրիչներ՝ վախ ներշնչելով բնակչութեան շրջանում։
Յատուկ քարոզչութիւն եւ տարւում Դաշնակիցների նկատմամբ՝ նպատակ ունենալով Ֆրանսիայի տարածքի 60% բռնազաւթած Գերմանիային ներկայացնել որպէս միակ հնարաւոր այլընտրանք։
Այ բոլոր դրսեւորումներին մենք ականատես ենք եղել Նիկոլ Փաշինեանի կառավարման տարիներին:
Մեծ դեր էին խաղում նաեւ պարտուած երկրում տիրող հասարակական տրամադրութիւնները։
Ֆրանսիացիներից շատերը, հիասթափուած 1940 թ. պարտութիւնից, հաւատում էին, որ Պետենի համագործակցութիւնը լաւագոյն միջոցն է Ֆրանսիայի մնացածը փրկելու համար։
Տնտեսական դժուարութիւնները, սննդի պակասը եւ պատերազմից խուսափելը ստիպում էին մարդկանց առաջնային դարձնել գոյատեւումը՝ թողնելով քիչ ժամանակ քաղաքական ակտիւութեան համար։
Ամոթի շրջանի աւարտը
Վիշիի ռեժիմը փլուզուեց Ֆրանսիայի ազատագրումից յետոյ՝ 1944 թուականին: Պետենին դաւաճանութեան համար դատապարտեցին մահուան, ինչը յետոյ փոխարինուեց ցմահ բանտարկութեամբ։ Պիեռ Լաւալը մահապատժի ենթարկուեց 1945 թուականին:
Վիշիի ռեժիմի անկումից եւ 1944 թ. Ֆրանսիայի ազատագրումից յետոյ Ֆրանսիայի Հանրապետութեան Ժամանակաւոր կառավարութիւնն ու յետագայ վարչակազմերը իրականացրեցին մի շարք միջոցառումներ՝ Ֆրանսիական ամօթի էջը փակելու եւ ժողովրդավարական կառավարման վերականգնման համար։ Ահա մի քանի կոնկրէտ օրինակներ.
1. Թշնամու հետ համագործակցողների պատժում
-Հազարաւոր մարդիկ դատուեցին պատերազմից յետոյ կազմաւորուած դատարաններում, եւ նրանցից շատերը կորցրին քաղաքացիական իրաւունքները կամ զրկուեցին պետական պաշտօն զբաղեցնելու իրաւունքից։
2. Վիշիի ռեժիմի օրինականութեան մերժում
-Վիշիի ռեժիմի բոլոր գործողութիւնները յայտարարուեցին անուաւեր։ Չեղարկուեցին ընդունած բոլոր օրէնքներն ու հրամանագրերը, այդ թւում՝ այն օրէնքները, որոնք սահմանափակում էին ազատութիւնները կամ խտրականութիւն էին կատարում որոշ խմբերի նկատմամբ։
3․ Տնտեսական եւ սոցիալական բարեփոխումներ
-Ազգայնացուեցին նացիստների հետ համագործակցած հիմնական արդիւնաբերութիւնները եւ բանկերը, ինչպիսիք էին Renault-ը, որպէսզի կանխուի պատերազմի ընթացքում մասնաւոր շահագործումը եւ վերակառուցուի տնտեսութիւնը։
4.Սոցիալական ապահովագրութեան համակարգ
-Ստեղծուեց համապարփակ առողջապահական, թոշակային եւ սոցիալական ապահովագրութեան համակարգ՝ արդար եւ ժամանակակից հանրապետութեան վերակառուցման շրջանակներում։
5. Դիմադրութեան մարտիկների մեծարում
-Պաշտօնապէս ճանաչուեց Ֆրանսիական դիմադրութեան ներդրումը եւ նախատեսուեցին թոշակներ եւ պատիւներ նրա անդամների համար:
Այսպիսով, թշնամու հետ համագործակցութեան ճանապարհի ընտրութիւնը չփրկեց Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային աղէտալի պատերազմի մէջ ներքաշուելուց, ծանր մարդային կորուստներից եւ աւերածութիւններից։ Ֆրանսիայի դէպքում չարիքի հետ աւելի երկար համագործակցութիւնը յանգեցրեց լրիւ նոր պետութեան կազմաւորման անհրաժեշտութեան։ Եւ միայն այդ չարիքի դէմ ցուցաբերուած դիմադրութիւնը կենսական նշանակութիւն ունեցաւ իրավիճակի յաղթայարման, նոր պետութեան կառուցման համար՝ թոյլ տալով յետագայում ժխտել չարիքի հետ նոյնականացումը։
Նոյն է նաեւ Հայաստանի պարագայում։ Միայն արտաքին թշնամու եւ երկրում հաստատուած վարչակարգի դէմ հետեւողական դիմադրութիւնը կարող է դուռ բացել մեր երազանքների պետութեան կերտման համար։ Որքան էլ դժուար, երբեմն անօգուտ թուան օրուայ վարչակարգի դէմ ամենատարբեր պայքարներն ու շարժումները, միեւնոյնն է, հէնց դրանք են վաղուայ յաղթանակի սաղմերը եւ ազգային նոր որակի պետութեան կառուցման հիմքը»։
Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր