Կոչ ենք անում հայ ժողովրդին դատապարտել ՀՀ լիակատար կապիտուլեացիան նախապատրաստող ապազգային վարչախմբին

Կոչ ենք անում հայ ժողովրդին դատապարտել ՀՀ լիակատար կապիտուլեացիան նախապատրաստող ապազգային վարչախմբին

Դիւանագէտների համահայկական խորհրդի յայտարարութիւնը

Դիւանագէտների համահայկական խորհուրդը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ դատապարտելով ՀՀ գործող իշխանութիւնների կողմից իրականացւող արտաքին քաղաքականութիւնը:

Դիւանագէտները հայ ժողովրդին կոչ են արել դատապարտել Հայաստանի Հանրապետութեան լիակատար կապիտուլեացիան նախապատրաստող ապազգային վարչախմբին:

Հրապարակւած յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է.

«Դիւանագէտների համահայկական խորհուրդն իր վճռական անհամաձայնութիւնն ու վրդովմունքն է յայտնում Հայաստանի իշխող վարչախմբի կողմից իրականացւող արտաքին քաղաքականութեանը, որի շարունակական ապազգային դրսեւորումները վերջերս նոր բացայայտումներ են արձանագրել:

Բառախաղերի եւ նենգափոխւած թէզերի միջոցով իշխող կուսակցութեան գլխաւոր դերակատարները ձեռնամուխ են եղել հայկական ինքնութեան եւ հայկական պետականութեան ոչնչացման գործընթացին՝ սպասարկելով թուրք-ադրբեջանական օրակարգը, այսպիսով հող նախապատրաստելով ազգովի ընդունելու վերջիններիս կողմից պարտադրւող «խաղաղութիւնը»:

Գործող իշխանութիւններն ակնյայտօրէն ոչնչացնում են ազգային յենասիւները, քանդում են Հայաստանի անվտանգային համակարգը, անթաքոյց քայլեր են ձեռնարկում չէզոքացնելու Անկախութեան հռչակագրի առանցքային դրոյթները: Դաշտ է նետւում այսպէս կոչւած «ռազմավարական գործարք» բովանդակազուրկ եւ անհիմն տեսլականը՝ պատրաստւելով նորանոր զիջումների: Կայացւում են որոշումներ, որոնք միտւած են ջնջելու հայկական պատմական յիշողութիւնը եւ վերաձեւելու հայի արժէքային համակարգը:

Պատմական Հայաստանին հակադրւում է հնարովի «իրական Հայաստանը», հրաժարւում են հազարամեայ ազգային խորհրդանիշներից՝ Արարատը փոխարինելով Արագածով, Հայոց պատմութիւնը փոխարինելով «Հայաստանի պատմութեամբ», նսեմացնելով Հայ եկեղեցու ազգապահպան դերը եւ նրա պատմութիւնը դուրս մղելով դպրոցական ծրագրերից, օտարածին ու օտարամոլ նիւթերի ներմուծմամբ ձեռնամուխ են եղել ազգային մտածողութիւնից եւ նկրտումներից զուրկ կամակատար սերնդի դաստիարակմանը:

Հրաժարւելով արցախահայերի ինքնորոշման իրաւունքի համար պայքարից, իսկ 2022 թւականին միայնակ թողնելով եւ բացայայտօրէն Արցախը յանձնելով նրա ոչնչացումը երազող Ադրբեջանին, այս իշխանութիւնն արագօրէն խնդիրը դուրս է մղել արտաքին քաղաքական օրակարգից, վերացրել է Արցախի վերաբերեալ ողջ տեղեկատւութիւնը պետական գերատեսչութիւնների կայքէջերից: Ներկայումս էլ լծւել է ընդհանրապէս Արցախի խնդիրը մոռացութեան տալու գործընթացին՝ դրանով իսկ մաքրագործելով ցեղասպան Ադրբեջանին իր յանցագործութիւնից:

Արտաքին գործերի նախարարի պաշտօնը զբաղեցնող անձի կողմից ՀՀ ԱԺ-ում վերջին յայտարարութիւններն ակնառու վկայութիւնն են ազգային շահերն ամէն քայլափոխի ստորադասող ու թուրք-ադրբեջանական նախապայմանների անշեղ կատարմանը լծւած այս վարչախմբի հակապետական յանձնառութիւնների, որոնք կործանարար հետեւանքներ են ունենալու ոչ միայն հայկական պետականութեան, այլեւ հայ ժողովրդի՝ իր հայրենիքում որպէս ինքնուրոյն քաղաքական միաւորի անվտանգ գոյութեան համար:

Մարդկութեան դէմ գործւած մեծագոյն յանցագործութիւնը «պատմութեան ողբերգական անցքեր» որակելը, «1.5 մլն. նահատակներին անուն-առ-անուն գրելը», խնդիրը բացառապէս սփիւռքեան տիրոյթում դիտարկելը միանգամայն տեղաւորւում են տասնամեակներ շարունակ մերժողական քաղաքականութիւն վարող թուրքական պաշտօնական խօսոյթի տրամաբանութեան մէջ: Ինչպէս ճշգրտօրէն բնորոշւել էր ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտի կողմից, այս վարչախումբը եւ նրա պարագլուխը ոչ բացայայտ կերպով միացել են Հայոց Ցեղասպանութեան ժխտման գործընթացին:

Ցեղասպանութիւնների կանխարգելման ուղղութեամբ իբրեւ թէ ջանքեր գործադրող կառավարութիւնը բացարձակ լռութեան է մատնել Ադրբեջանի կողմից շարունակւող ցեղասպանական գործողութիւնները՝ մշակութային ջարդի եւ հայկական հետքը Արցախից ջնջելու միջոցով: Սեփական ժողովրդի հանդէպ գործւած մէկդարեայ հնութեան ոճրագործութիւնն ուրացող, դրա ճանաչումից, դատապարտումից ու իրաւատիրութիւնից հրաժարւող, միայն մէկ տարի առաջ արցախահայերին ցեղասպանութեան ենթարկած պետութեանը չդատապարտող այս իշխանութեան կեղծաւոր ջանքերը ցեղասպանութիւնների կանխարգելման առումով, չի կարող լրջօրէն ընդունւել, ընկալւել եւ վստահութիւն վայելել միջազգային հանրութեան կողմից:

Դիւանագէտների համահայկական խորհուրդը կոչ է անում բոլոր քաղաքական կառոյցներին, հասարակական կազմակերպութիւններին, մասնագիտական հանրոյթներին եւ հայ ժողովրդին թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում աներկբայօրէն դատապարտել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից ու արցախահայութեան ինքնորոշման իրաւունքից հրաժարւած, Հայաստանի լիակատար կապիտուլեացիան նախապատրաստող ապազգային վարչախմբին եւ նրա կողմից տարւող քաղաքականութիւնը, բոլոր հնարաւոր միջոցներով ընդդիմանալ ազգային ինքնութեան ոչնչացմանը եւ համախմբւել յանուն Հայաստանը հային վերադարձնելու, հայ ժողովրդի անժամանցելի իրաւունքների պաշտպանութեան ու Հայոց արդար դատի հետապնդման: Ուրացողն ու ժխտողը չի կարող իրական խաղաղութեան եւ արդար դատի ջահակիրը լինել»:

Share