(սեպտեմբերի 1 – նոյեմբերի 15, 2024 թ․)
2024թ․ սեպտեմբերի սկզբից մինչեւ նոյեմբերի երկրորդ տասնօրեակ՝ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի աշխատանքները շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման, գերիների ազատ արձակման, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պաշտպանութեան, Հայաստանում արցախահայութեան սոցիալ-տնտեսական օժանդակութեան, ադրբեջանական էթնիկ զտման քաղաքակայ¬նութեան որպէս այդպիսին բնորոշման ուղղութեամբ։ Քաղաքական այս առաջնահերթու¬թիւնների ուղղութեամբ աշխատանքները տարուել են COP29-ին ընդառաջ, ինչն առիթ է հանդիսացել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշման որոշակի առարկայացման համար։
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդ եւ գրասենեակ
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենեակը թարմացրել եւ երկլեզուով (հայերէն, անգլերեն) հրատարակել է «Վերադարձի իրաւունքը. Վերադարձի իրաւունքի իրաւաքաղաքական հէնքը. Վերջին շրջանում արցախցիների վերադարձի իրաւունքի մասին եղած դիրքորոշումները» ուսումնասիրութիւնը։
Հայ դատի Ֆրանսիայի, Եւրոպայի եւ Միացեալ Թագաւորութեան յանձնախմբերը աջակցել են «Մարդու իրաւունքների շրջագայութիւն» (Հ. Գրգոնեան, Ա. Թաթոյեան, Ա. Բեգլարեան) ծրագրի ընթացքում Փարիզում, Լոնդոնում եւ Ստրասբուրգում քաղաքական շրջանակների հետ կայացած հանդիպումների կազմակերպմանն ու մասնակցել այդ հանդիպումներին։
«Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնի» (ALC) հովանաւորութեամբ՝ Երեւանում գործող «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի» կողմից պատրաստուել, հրապարակուել եւ տարածուել է (անգլերեն) «Արցախ/Լեռնային Ղարաբաղ — Էթնիկ զտումների ուսումնասիրութիւն» (Artsakh/ Nagorno Karabakh: A Case Study in Ethnic Cleansing) ուսումնասիրութիւնը։
«Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնն» ու Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը (ինչպէս նաեւ Հայ օգնութեան միութիւնը) մի շարք հայկական եւ ոչ-հայկական իրաւապաշտպան կազմակերպութիւնների հետ ստորագրել են Արցախի էթնիկ զտումների եւ Բաքւում հայ գերիների վերաբերեալ դիմումը՝ ուղղուած Շուեյցարիայի կառավարութեանը։
Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Անցնող ամիսների ընթացքում Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի աշխատանքները պայմանաւորուած էին նախագահական եւ Կոնգրեսի մրցապայ¬քարների արդիւնքում ստեղծուած քաղաքական մթնոլորտով։ Հայ դատի յանձնախումբը չի յայտնել նախագահական որեւէ թեկնածուին իր սատարումը՝ երկու կողմերին էլ այս կամ այն կերպ մեղադրելով Արցախում ստեղծուած իրավիճակի համար։ Մինչդեռ, Հայ դատի յանձնախխմնբի սատարումը վայելող եւ Կոնգրեսի երկու պալատների համար պայքարող թեկնածուների 90%-ը յաղթել է ընտրութիւններում։ Այդ թեկնածուները ցանկը ընտրութիւններից առաջ ներկայացուել էր ամերիկահայ համայնքին, որպէս կողմնորոշիչ օժանդակութիւն։
Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի գրասենեակի քաղաքական հմուտ եւ գրագէտ պլանաւորման արդիւնքում ոչ միայն չիջեցուեցին յանձնախմբի քաղաքական նշաձողերը եւ հայ համայնքը չյայտնուեց որեւէ ճամբարից քաղաքական թիրախաւորման տակ, այլեւ մի շարք առիթներով ղարաբաղեան հիմնախնդիրը բարձրացաւ նախընտրական դիսկուրսի ամենաբարձր մակարդակներ, երբ նախ փոխնախագահ Հարիսն անդրադարձաւ արցախահայութեան վերադարձի իրաւունքին, ապա ընտրուած նախագահ Թրամփը խօսեց Արցախի խնդրի, էթնիկ զտումների մասին, որից յետոյ հեռախօսազրոյց ունեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի հետ։
Սեպտեմբերի 10-ին, ԱՄՆ Հելսինկիի յանձնաժողւում կայացած «Աջակցութիւն Հայաստանի ժողովրդաւարութեանը եւ արեւմտեան ապագային» խորագրով լսումների ընթացքում` ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Բէն Քարդինը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները եւ Հայաստանի դէմ շարունակական ագրեսիան։
ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անուան Մարդու իրաւունքների յանձնաժողովը՝ համանախագահներ Քրիս Սմիթի եւ Ջեյմս ՄաքԳովերի համանախագահութեամբ, սեպտեմբերի 19-ին անցկացրել է լսում՝ Ադրբեջանում մարդու իրաւունքների խախտումների վերաբերեալ, որին մասնակցել է նաեւ ԱՀ մարդու իրաւունքների պաշտպանը։ Քննարկուող հարցերի թւում են եղել ռազմագերիների եւ քաղբանտարկեալների վիճակը, հայկական մշակութային վայրերի կարգավիճակը եւ արցախահայութեան վերադարձի իրաւունքը։
Սեպտեմբերի կէսերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, ով Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի սատարումն ունէր Սենատի առաջիկայ ընտրութիւններին ընդառաջ, ներկայացրել է երկկուսակցական օրէնսդրական նախագիծ՝ Ադրբեջանի ֆինանսական ակտիւները բռնագրաւելու եւ դրանք «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» փոխանցելու համար, որը պէտք է ստեղծուի ցեղասպանական էթնիկ զտումների արդիւնքում` Արցախից բռնի կերպով տեղահանուած հայերին կորցրած եկամուտների համար փոխհատուցումներ տրամադրելու նպատակով։
Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կազմակերպմամբ սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսում անցկացուել է միջոցառում՝ ամերիկեան օրէնսդիրների, հայ համայնքի ներկայացուցիչների, կոալիցիոն գործընկերների եւ Արցախի ցեղասպանութիւնը վերապրածների մասնակցութեամբ։ Դրան նախորդել էր ԱՄՆ Կոնգրեսում Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի երկօրեայ իրազեկման արշաւը Հայ դատի շուրջ 75 ներկայացուցիչների ներգրաւմամբ՝ ԱՄՆ ամբողջ տարածքից։ Կարեւորուել է Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելուն, արցախցի փախստականներին օգնելուն եւ միջազգային պաշտպանութեան ներքոյ հայերի անվտանգ վերադարձին ուղղուած անհրաժեշտ գործողութիւնների հրատապութիւնը:
Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից COP29-ին ընդառաջ ձեռնարկուած միջոցառումների արդիւնքում հոկտեմբերի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների շուրջ 60 անդամներ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի եւ սենատոր Էդ Մըրքիի նամակին՝ ԱՄՆ իշխանութիւններին կոչ անելով COP29-ին ընդառաջ պատասխանատուութեան ենթարկել Ադրբեջանին ռազմական յանցագործութիւնների, ապօրինի պատանդայ¬ռութեան, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազաւթման համար։
Կանադայ
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցութեամբ հանդէս է եկել յատուկ յայտարարութեամբ, ինչին նախորդել էր Հայ դատի Կանադայի յանձնախումբը պաշտօնական ակտիւ հաղորդակցութիւնը նախարար Ջոլիի հետ։ Ի թիւս այնի՝ նախարարը նկատել էր, որ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը եւ աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան յարգման սկզբունքներին եւ ինքնորոշման իրաւունքին՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար եւ տեւական խաղաղութեան հասնելու բանակցութիւններում։ Սա պէտք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ եւ արժանապատիւ իրաւունքը, երաշխաւորի մարդու իրաւունքների եւ քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանութիւնը եւ տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»:
Հայ դատի Կանադայի յանձնախումբը աշխատանքներ է տարել նաեւ երկրի խորհրդարանում ներկայացուած բոլոր կուսակցութիւնների հետ, ինչի արդիւնքում ընդդիմադիր բոլոր կուսակցութիւնները յայտարարել են, որ չէն մասնակցելու COP29-ին, իսկ ընդդիմադիր Կանաչների կուսակցութիւնը նաեւ մամուլի ասուլիս է տուել այդ կապակցութեամբ։ Կանադական ԶԼՄ-ները անդրադարձել են այս կեցուածքներին։
Եւրոպայ
Սեպտեմբերի 6-ին գումարուեց «Եւրոպացիները հանուն Արցախի» հարթակի (Europeans for Artsakh) առցանց հանդիպումն Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Հոլանդիայի, Հունաստանի, Չեխիայի, Բելգիայի, Բուլղարիայի եւ Ֆրանսիայի հայ համայնքների ներկայացուցչական մարմինների մասնակցութեամբ: Օրակարգի առանցքային կէտը Բաքւում կայանալիք COP29-ին ընդառաջ ի նպաստ արցախահայութեան տարուած քարոզչական եւ քաղաքական աշխատանքների քննարկումն էր: ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից COP29-ի ուղղութեամբ կատարուած եւ առաջիկայ աշխատանքները ներկայացրեց ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավարը:
Համագործակցաբար Եւրոպայի մի շարք հայկական կազմակերպութիւնների՝ մասնաւորապէս, Գերմանիայի «Մունք» նախաձեռնութեան եւ Հայ Առաքելական եկեղեցու Բելգիայի թեմի հետ, ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը սեպտեմբերի 13-ին, Բրիւսելի հայկական եկեղեցում, կազմակերպել է «Յիշատակի եւ յոյսի երեկոյ»։ Միջոցառման ժամանակ յիշատակուել է 2023 թուականի սեպտեմբերին Արցախի բնիկ ժողովրդի ամբողջական էթնիկ զտումների առաջին տարելիցը։
Եւրոպական խորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող լիագումար նիստի ընթացքում, հոկտեմբերի 22-ին քննարկուել է Ադրբեջանում մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի խախտումների վիճակը, ինչպէս նաեւ յարաբերութիւնները Հայաստանի հետ։ Ելոյթ են ունեցել շուրջ 30 պատգամաւորներ, ովքեր իրենց ելոյթներում անդրադարձել են Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքակայ¬նութեանը։ Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների կողմից, ի թիւս այլնի, կարեւորուել է հայ ռազմագերիների ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը, արցախցիների՝ արժանապատիւ ու ապահով վերադարձի իրաւունքի իրացումը եւ այլն։
Եւրոպական խորհրդարանը հոկտեմբերի 24-ի իր լիագումար նիստում ընդունել է «Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի խախտման ու Հայաստանի հետ յարաբերութիւնների մասին» բանաձեւը՝ 453 կողմ, 31 դէմ, 89 ձեռնպահ յարաբերակցութեամբ։ Այս քուէարկութեանը երկու օր առաջ նախորդել էր այդ թեմայով խորհրդարանական քննարկում։
Բանաձեւի նախաբանում Եւրոպական խորհրդարանը գտնում է, որ Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են այդ երկրում COP29-ի անցկացման հետ, ապա ԵՄ-ին եւ նրա անդամ երկրներին կոչ անում ձեռնարկել հնարաւոր քայլեր, որպէսզի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխութեան խորհրդաժոյ¬ղովները յետագայում չանցկացուեն մարդու իրաւունքների պաշտպանութեան գործում վատ ցուցանիշներ ունեցող երկրներում։
Եւրոպական խորհրդարանն արձանագրում է Ադրբեջանում մարդու իրաւունքների շարունակաբար վատթարացումը, միջազգային իրաւունքի կոպիտ խախտումները՝ այդ թւում Հայաստանի հանդէպ ագրեսիւ պահուածքը, քաղաքացիական հասարակութեան եւ լրատուամիջոցների նկատմամբ խիստ սահմանափակումները, եւրոպական պաշտօնեաներին կաշառելու՝ «խաւիարային դիւանագիտութեան» արատաւոր մեխանիզմները, 2023թ․ Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակումը, միջազգային իրաւունքի խախտմամբ իրականացուած յարձակումը, էթնիկ զտումները, 23 հայերի՝ այդ թւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան պատանդառումը, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան: Խորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը, առ այն, որ ԵՄ-ն պէտք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի եւ կազմակերպութեան նկատմամբ, որը սպառնում է Հայաստանի ինքնիշխանութեանը, անկախութեանը եւ տարածքային ամբողջականութեանը.
Արդէն բանաձեւի բուն տեքստում խորհրդարանը, COP29-ին ընդառաջ, խստօրէն դատապարտում է Ալիեւի ռեժիմին, գործադիր իշխանութեանը կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ էներգէտիկ յուշագիրը։ Եւրոպական խորհրդարանն Ադրբեջանին յորդորում է դուրս բերել զինուած ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից, դատապարտում է Հայաստանի նկատմամբ ագրեսիան, այդ թւում հիբրիդային յարձակումները, ողջունում է որոշ անդամ պետութիւնների կողմից Հայաստանին տրամադրուող պաշտպանական ռազմական օժանդակութիւնը։
Յատկապէս պէտք է ընդգծել Արցախի վերադարձի իրաւունքի իրացման հարցում Եւրոպական խորհրդարանի սկզբունքային ու հետեւողական դիրքորոշումը։ Այս բանաձեւում եւս, յղում անելով Արդարադատութեան միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշմանը, Խորհրդարանը պահանջում է արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացում, արցախահայութեան հետ անկեղծ ու թափանցիկ երկխօսութեան մեկնարկ՝ վերջիններիս իրաւունքների պաշտպանութեան համար երաշխիքների տրամադրման շուրջ։ Խորհրդարանը պահանջում է հեռու մնալ սադրիչ հռետորաբանութիւնից եւ հայութեան հանդէպ խտրականութեան դրսեւորումներից։
Խորհրդարանը նաեւ պահանջում է Արցախի դէմ կատարուած պատերազմական յանցագործութիւնների անկախ հետաքննութիւն, ինչպէս նաեւ Արցախի գրաւումից յետոյ ձերբակալուած անձանց ազատ արձակում։
Յատուկ անդրադարձ կայ Արցախի պատմամշակութային ժառանգութեան պաշտպանութեանը, ինչի համատեքստում պահանջւում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան առաքելութեան մուտքը տարածաշրջան։
Վերջին շրջանում ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների շրջանում ծաւալուն աշխատանքներ է իրականացրել, որոնք COP29-ին ընդառաջ, միտուած էին բարձրացնելու նրանց իրազեկուածութիւնը Ադրբեջանում մարդու իրաւունքների եւ բնապահպանական խնդիրների վերաբերեալ։ Կատարուած աշխատանքների արդիւնքում Եւրոպական խորհրդարանի թուով 52 պատգամաւորներ ստորագրել են յայտարարութիւն, որով Ադրբեջանին կոչ են անում անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, երաշխաւորել Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը, ադրբեջանական զինուժը դուրս բերել ՀՀ օկուպացուած տարածքներից։ Յայտարարութիւնը ստորագրած պատգամաւորները ներկայացնում են Եւրոպական խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերը, կան նաեւ անկախ պատգամաւորներ։
Եւրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամաւոր Լուկաս Ֆուրլասի եւ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի համատեղ աշխատանքի արդիւնքում՝ նոյեմբերի 5-ին, Եւրոպական խորհրդարանում, անցկացուել է «COP29-ը Բաքւում․ Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցում էին Եւրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբեր ներկայացնող պատգամաւորներ, բելգիացի քաղաքական գործիչներ, դիւանագէտներ, քաղաքացիական հասարակու¬թեան ներկայացուցիչներ, լրագրողներ եւ բելգիահայ համայնքի ներկայացուցիչներ։
Խորհրդաժողովի բացման խօսքով հանդէս եկան խորհրդաժողովը հիւրընկալող Լուկաս Ֆուրլասը, Եւրոպական միութիւնում Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ եւ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը։
Որպէս խորհրդաժողովի բանախօսներ հրաւիրուած էին «Հանուն մարդու իրաւունքների միջազգային համագործակցութիւն կազմակերպութեան» Արեւելեան Եւրոպայի եւ Հարաւային Կովկասի ծրագրերի ղեկավար Սիմոն Պապուաշուիլին, Միջազգային իրաւունքի մասնագէտ Կատալինայ Դէ Լա Սոտան, արցախցի լրագրող Սիրանոյշ Սարգսեանը եւ Դաւիթ Վարդանեանը՝ Ռուբէն Վարդանեանի որդին:
Խորհրդաժողովի նպատակն էր կենտրոնանալ Ադրբեջանում COP29-ի անցկաց¬մանն առնչուող տարբեր խնդիրների վրայ, մասնաւորապէս, թէ այս գլոբալ համաժողովի նպատակների համար ինչ ազդեցութիւն կարող է ունենալ դրա հիւրընկալումը Բաքւում՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում, յատկապէս Արցախի բնիկ հայ բնակչութեան էթնիկ զտումների ետնապատկերում։
Խորհրդաժողովը լոյս է սփռել Արցախի հայութեան բռնի տեղահանումը պարտակելուն միտուած Ադրբեջանի կառավարութեան շարունակական արշաւի վրայ, ինչպէս նաեւ մարդու իրաւունքների խախտումների եւ շրջակայ միջավայրի հանդէպ այդ երկրի աղաղակող վերաբերմունքի վրայ։ Ընդհանուր առմամբ քննարկումները ծաւալուել են քաղաքական, բնապահպանական եւ մարդու իրաւունքների ոլորտներում Ադրբեջանի ապակառու¬ցօղական դիրքորոշումների վերհանման շրջանակում:
Ի պատասխան Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Բաքու այցելութեան եւ աւելի վաղ Իլհամ Ալիեւին ուղղուած շնորհաւորական յայտարարութիւնների՝ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը, Միշելին յղուած բաց նամակով, հիասթափութիւն է յայտնել վերջինիս գոծողութիւնների համար եւ յիշեցրել Եւրոպական խորհրդարանի կողմից հոկտեմբերի 24-ին ընդունուած՝ Ադրբեջանին դատապարտող բանաձեւը։ Գասպար Կարապետեանը յաւելել է, որ Միշելի գործողութիւնները վնասում են Եւրոպական միութեան հեղինակութեանը։
Աւստրալիայ
Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքներով պայմանաւորուած՝ աւստրալիահայութեանը հետաքրքրող հարցերը COP29-ի ընդառաջ դարձել են Աւստրալիայի հասարակական-քաղաքական շրջանակների քննարկման առարկայ։
Նախ սեպտեմբերի սկզբին COP29-ը Բաքւում անցկացնելու որոշումը պաշտօնապէս քննադատուել է Աւստրալիայի Կանաչների կուսակցութեան կողմից, ապա սեպտեմբերի 25-ին, տեղահանութեան առաջին տարելիցի կապակցութեամբ Նոր Հարաւային Ուելս նահանգի խորհրդարանը միաձայն ընդունել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականութիւնն ու հայութեան բռի արտաքսումը դատապարտող բանաձեւ։
Նոր Հարաւային Ուելսի խորհրարանական քննարկումների ժամանակ, արդէն սեպ¬տեմբերի 26-ին, աւստրալիական կառավարութեանը կոչ է արուել բոյկոտել COP29-ը։
Հարաւային Ամերիկայ
Հայ դատի Արգենտինայի յանձնախմբի աշխատանքներով պայմանաւորուած՝ սեպտեմբերի 26-ին Բուենոս Այրեսի պատգամաւորների պալատը երկու բանաձեւ է ընդունել՝ առաջինով դատապարտելով Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան, երկրորդով՝ յարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին եւ դատապարտելով թուրքական ժխտողականութիւնը։ Առաջին բանաձեւի հիմնաւորման մէջ հանգամանօրէն շարադրուած է Արցախի հանդէպ ադրբեջանական ցեղասպան քաղաքականութեան ողջ էութիւնն ու այն վտանգները, որոնք Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ առկայ են, այդ թւում վերջինիս տարածքների օկուպացիան։
Լիբանան եւ Սիրիայ
Սեպտեմբերի սկզբին ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Լիբանանում հաւատարմագրուած քառասունից աւել դեսպանատներին եւ լիբանանեան լրատուամիջոցներին ուղարկել է Բաքւում COP29-ի անցկացման վերաբերեալ հաղորդագրութիւն՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից Արցախում իրականացուած էթնիկ զտման ցեղասպանական քաղաքականութիւնն ու այդ պետութեան էութեան անհամապատասխանութիւնը նման հեղինակաւոր միջոցառման հիւրընկալմանը։
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը, Կանադայի արտգործնախարար Մ․ Ջոլիի յայտարարութիւնից յետոյ, նամակ է յղել նաեւ Լիբանանում Կանադայի դեսպանին՝ ողջունելով նախարարի սկզբունքային դիրքորոշումը՝ վստահութիւն յայտնելով, որ այդ դիրքորոշումը կարտացոլուի COP 29-ի ընթացքում Կանադայի պատուիրակութեան պաշտօնական կեցուածքում։
COP 29- հարցով նամակ է ուղարկուել նաեւ Լիբանանի բնապահպանութեան նախարարութեանը։
Արդէն նոյեմբերի 15-ին լիբանանեան լրատուամիջոցներին տարածուած հաղորդագրութեամբ Հայ դատի յանձնախումբը ողջունել է ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումը, որբ վերջինիս կողմից մերժուեցին Բաքուի կողմից ներկայացուած բոլոր նախնական առարկութիւնները։
Հայ դատի Սիրիայի յանձնախումբն արաբերէն լեզուով պատրաստել է COP29-ի հետ կապուած յանձնախմբի տեսակէտներն ու ակնկալիքները ներկայացնող կարճ տեսաֆիլմ եւ այն տարածել սիրիական լրատուադաշտում։
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
15 նոյեմբեր 2024թ․