Այն պետութիւնները եւ միջազգային կազմակերպութիւնները, որոնք բարձր մակարդակով մասնակցում են Բռնապետական Ադրբեջանում տեղի ունեցող COP29 համաժողովին՝ առանց բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից իրականացուած էթնիկ զտումների եւ հայ գերիների անյապաղ ազատ արձակման հարցը, անուղղակիօրէն արդարացնում են Բաքուի պատերազմական յանցագործութիւնները` խրախուսելով նոր ագրեսիայ Հայաստանի նկատմամբ։
Այս մասին գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։ «Առանձնայատուկ ուշադրութեան է արժանի Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի լուռ մասնակցութիւնը Բաքւում ընթացող COP29 համաժողովին, ինչը երեսպաշտութեան, երկակի ստանդարտների, Եւրոպական միութեան հիմնարար արժէքները դաւաճանելու խօսուն օրինակ է։ Մարդ, ով հանդիսացել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինեանի յանցաւոր յայտարարութեան կնքահայրերից մէկը, առնուազն կրում է պատասխանատուութիւն իր պրոպագանդած գործընթացի հետեւանքների համար։ Իսկ այդ գործընթացի հետեւանքն Արցախի ամբողջական հայաթափումը, այնտեղ իրականացրած էթնիկ զտումը եւ Բաքուի բանտերում աւելացող հայ ռազմագերիներն են։ Ուստի, հայ ռազմագերիների անյապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնումը նուազագոյն բարոյական պարտականութիւն է անձամբ Շառլ Միշելի համար:
Միաժամանակ, գնահատանքի է արժանի այն փաստը, որ շուրջ 6 ամիս իրականացրած տարաբնոյթ աշխատանքների արդիւնքում COP29-ին բարձր մակարդակով չէն մասնակցում բազմաթիւ, այդ թւում՝ նաեւ ԵՄ անդամ պետութիւններ, որոնց ղեկավարները ներկայ էին նախորդ համանման միջոցառումներին: Գնահատանքի է արժանի եւ կարեւոր ձեռքբերում է տարբեր երկների խորհրդարանների, այդ թւում՝ Եւրոպական խորհրդարանի արդարացի յայտարարութիւնները, որոնք դատապարտել են ոչ միայն COP29-ի անցկացումը Բաքւում, այլեւ, ընդհանրապէս, այդ երկրի քաղաքականութիւնը, այդ թւում՝ էթնիկ զտումներն Արցախում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ու հայ գերիների բանտարկութիւնն ու մարդու իրաւունքների աղաղակող խախտումները։
Համաժողովին մասնակցող մեր բոլոր գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած յանցագործութիւնների հասցէական դատապարտում եւ բոլոր հայ գերիների անյապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնում»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
Երկիր Օրաթերթ