Անցեալ տարի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմը եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը միասին յայտարարութիւն տարածեցին՝ գուժելով, որ Հայաստանի Հանրապետութիւնն աջակցում է Ադրբեջանին կամ իր աջակցութիւնն է յայտնում, որ Ադրբեջանում կազմակերպուի COP29։ Այս մասին ԱԺ-ում գերիների վերադարձի թեմայով ընդդիմութեան ներկայացրած նախաձեռնութեան քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:
«Մի երկրում, որն այդ պահի դրութեամբ բռնազաւթել էր Արցախի Հանրապետութիւնը, էթնիկ զտման, որը ցեղասպանութեան մի տեսակ է, ենթարկել էր Արցախի Հանրապետութեան բնակիչներին, գերեւարել էր մեր հայրենակիցներին, ներառեալ Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեանը, գտնւում էր Հայաստանի Հանրապետութեան տարածքում, զաւթել էր ՀՀ տարածքի մի հատուած, չէր վերացրել շրջափակումը, շարունակաբար հոխորտում եւ սպառնում էր Հայաստանի Հանրապետութեանը։ Փոխարէնը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 32 գերի»,- ասաց նա:
Խաչատրեանի խօսքով՝ Ադրբեջանը շարունակում է գերիներին որպէս լծակ օգտագործել Հայաստանի Հանրապետութեան դէմ։
«Այսօր քանի գերի մենք ունենք՝ ՀՀ, ԱՀ քաղաքացիներ, որոնք պահւում են Ադրբեջանում։ Հստակ թիւը, անուն-ազգանուններով հրապարակուած չի, մենք չգիտենք քանի հոգի են։ Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը շարունակելու է գերիներին օգտագործել որպէս լծակ Հայաստանի Հանրապետութեան դէմ։ Ե՞րբ կը կարողանանք կանխել, ե՞րբ կը կարողանանք Հայաստանի գլխից հեռացնել այդ դամոկլեան սուրը, երբ այլեւս Ադրբեջանում գերիներ չունենանք։ Ո՞րն է ամենապատեհ առիթը պահանջելու, որ արցախցիները եւ ՀՀ մեր հայրենակիցները վերադարձուէն, եթէ ոչ COP29-ը։
Մենք հասկանում ենք, որ եթէ այսօր իրենք չուերադարձուէն , ապա հաւանականութիւնը, որ տեսանելի ապագայում կուերադարձուէն, ձգտում է զրոյի։ Միգուցէ ընտրութիւններից առաջ ինչ-որ լաւութիւն անէն, ում՝ պարզ է։ Բայց այսօր մենք պէտք է օգտագործենք այս առիթը՝ պահանջելու բոլորի վերադարձը: Այլապէս ի՞նչ ենք մենք տեսնում։ Եւրախորհրդարանը հանդէս է գալիս գերիների վերադարձի պահանջով, տարբեր երկրներ՝ բարձրագոյն մակարդակով, պահանջում են վերադարձնել մեր գերիներին, ստեղծուել է նախաձեռնող խումբ, այլազգիները ակտիւօրէն մասնակցում են այդ հարցում, Հայաստանի իշխանութիւնը լուռ է։
Հիմա պատկերացրեք ջանքերը, գնում-ասում ես՝ պահանջէ՛ք, իրենք ասում են՝ բա Հայաստանը ինչու՞ է լուռ։ Եւ իրօք, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետութիւնը լուռ, ինչո՞ւպահանջ չի հնչեցնում։ Կասեք՝ դիւանագիտութիւնը ամէն ինչ չէ, որ բարձրաձայն ասւում է։ Բարձրաձայն չասուող դիւանագիտութեան արդիւնքները մենք դարձեալ տեսնում ենք, որեւէ առաջընթաց չկայ։ Մեր եղբայրները ոչ թէ վեց ամիս, շատերը համարեայ չորս տարի է՝ դիմանում են»,- ասաց Խաչատրեանը: