Եթէ ԱՄՆ նախագահական ընտրութիւններում յաղթեր Դեմոկրատական կուսակցութեան թեկնածու Քամալայ Հարիսը, ԱՄՆ քաղաքականութիւնը հիմնականում կը շարունակուեր, «Ազատութեան» հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը՝ շեշտելով՝ նրանք հայկական հարցերով զբաղւում էին փոխտեղակալի մակարդակով։
Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի գործադիր տնօրենի կարծիքով՝ Թրամփի վարչակազմը խաթարում կը բերի, իսկ դրական, թէ բացասական, ժամանակը ցոյց կը տայ:
«Անցեալ անգամ նա վարչակազմ բերեց այնպիսի մարդկանց, ինչպիսին
Բոլթօնն էր։ Նրանք շատ բացասական էին [մէզ համար], նրանք իսկապէս օգնեցին հիմք ստեղծել 2020 թուականի յարձակման համար եւ, անշուշտ, ոչինչ չարեցին դա կասեցնելու համար: Այսպիսով, դա վատ ուղղութիւն էր: Մենք յուսով ենք, որ այս անգամ աւելի դրական ուղղութիւն կը լինի», – ասաց Համբարեանը:
«Ազատութեան» դիտարկմանը, թէ ընտրութիւններից օրեր առաջ Դոնալդ Թրամփը դատապարտել է հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղում՝ պարտաւորուելով պաշտպանել, ինչպէս ինքն է ասել, հալածուող քրիստոնեաներին եւ հարցին, թէ որքանո՞վ է այս յայտարարութիւնը նշանակալից հայ-ամերիկեան մտահոգութիւնների համատեքստում, եւ արդեօ՞ք դա ընկալում են որպէս ԱՄՆ-ի ներգրաւուածութեան իմաստալից տեղաշարժ, Համբարեանը պատասխանեց․ – «Մենք դա կարող ենք դիտարկել որպէս խոստում կամ ապագայ գործողութիւնների յանձնառութիւն: Կարծում եմ, որ որպէս հայեր, մենք բազմիցս ենք տեսել նման խաղեր: Կարծում եմ, որ այս պահին մէզ համար յիմարութիւն կը լինէր մտածել, որ քարոզարշաւի ժամանակ ասուածը միշտ հաւասար է իշխանութեան մէջ գտնուելու ժամանակ արուածի հետ։ Բայց շատ կարեւոր է, որ թեկնածուներն այս անգամ զգացին, որ ամերիկահայ համայնքի ձայներ ստանալը քաղաքական գին ունի, բայց կարող է բերել եւ քաղաքական օգուտներ»:
azatutyun.am