Հայկազուն Ալվրցեան. Սա «խփուած» խաղաքարտ է. Վրաստանի նախագահը լաւ գիտի՝ հայերի ու վրացիների միջեւ տարածքային խնդիրներ չկան

Հայկազուն Ալվրցեան. Սա «խփուած» խաղաքարտ է. Վրաստանի նախագահը լաւ գիտի՝ հայերի ու վրացիների միջեւ տարածքային խնդիրներ չկան

«Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն»-ի տնօրէն, հայագէտ Հայկազուն Ալվրցեանը հասցրել է ծանօթանալ Լոռիի եւ Տաշիրի մասին Վրաստանի նախագահ Սալոմէ Զուրաբիշուիլիի ֆեյսբուքեան անձնական էջում հրապարակուած վրացական տուրօպերատորներից մէկի գրառմանն ու այդ գրառման հետ կապուած բոլոր մեկնաբանութիւններին ու կարծիքներին։

Ըստ Հայկազուն Ալվրցեանի՝ Վրաստանի նախագահի գրառումը շատ պարզունակ բացատրութիւն ունի՝ նա պարտուած նախագահ է, եւ նրա հետ Վրաստանում պարտուեց նաեւ Արեւմուտքի քաղաքականութիւնը։

«Վրաստանում կան ուժեր, որոնք Հայաստանի հետ յարաբերութիւններում միշտ էլ առաջ են քաշել նման խօսակցութիւններ՝ հայ-վրացական պատերազմ, Լոռին, չէզոք գօտին եւ այլն։ Եւ հիմա Վրաստանի նախագահը, որը տեսում է՝ իր զանգուածով ի վիճակի չէ յեղաշրջում կատարել, փորձում է իր շուրջը համախմբել վրաց հասարակութեան մէջ եղած այն ուժերին, որոնք կիսում են իր կարծիքը։ Այս յայտարարութիւնն ընդամենն ուղղուած էր հասարակութեան այդ հատուածի համակրանքը շահելուն։

Վրաստանի նախագահը շատ լաւ գիտի, որ հայերի ու վրացիների միջեւ տարածքային խնդիրներ չկան, դա վաղուց անցեալում է։ Լուրջ պատմաբանները գիտէն, որ այս ամենն անլուրջ է, Լոռին հայկական է»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Հայկազուն Ալվրցեանը։

«Ինչպէս ասում են՝ սա «խփուած» խաղաքարտ է։ Վրաստանն իր պետականութեան ամրապնդման, շահերի պաշտպանութեան համար է ոտքի կանգնել։ Վրաց ժողովուրդը հրաժարուել է Արմուտքի ամբողջ աջակցութիւնից, «վարդագոյն» հեռանկարներից, նման անհեթեթութիւններին լուրջ չի վերաբերւում, նրանք չէն վաճառուի փոշիների տակ թաղուած դարերի ստին։ Ինչպէս ասում են՝ Վրաստանի նախագահը ձեռքը գցել է փրփուրներին»,- յաւելեց մեր զրուցակիցը։

Ըստ Հայկազուն Ալվրցեանի, ՀՀ իշխանութիւնները շատ յայտարարութիւնների պէտք է հակադարձէն, այդ թւում՝ Վրաստանի նախագահի յայտարարութեանը, բայց քանի որ վերջինս իր ոչ պաշտօնական էջով է նման գրառում արել, կարող են նաեւ ոչ պաշտօնական մակարդակով հակադարձել։

«Սալոմէ Զուրաբիշուիլին մի քանի օրուայ նախագահ է, ուստի չպէտք է շատ լուրջ վերաբերուել նրա պրովոկացիաներին՝ երկու հարեւան ժողովուրդների միջեւ ջուր պղտորելուն ուղղուած»,- եզրափակեց նա։


Յիշեցնենք, որՎրաստանի նախագահ Սալոմէ Զուրաբիշուիլիի ֆեյսբուքեան անձնական էջում հրապարակուել էր վրացական տուրօպերատորներից մէկի գրառումը՝ Լոռի եւ Տաշիր այցելելու մասին, ըստ որի՝ Լոռու մարզում գտնուող ՀՀ մշակութային յուշարձանները «պատմական  Վրաստան» է համարում։

Գրառման մէջ ասւում է, որ դա «տխուր, բայց պարտադիր շրջագայութիւն է»: Հայաստանի Ախթալայի, Քոբայրի, Սանահինի, Հաղպատի, Օձունի մշակութային յուշարձանները ներկայացուել են որպէս «պատմական Վրաստան», որոնք իբրեւ թէ մնացել են Լոռիում։

Նշէնք նաեւ, որ այսօր վրացական տուրօպերատորը, որը հայկական Լոռին, Տաշիրը եւ այնտեղ գտնուող մշակութային յուշարձանները ներկայացրել էր՝ որպէս «պատմական Վրաստան», փոփոխել է դէպի Հայաստան շրջագայութեան նկարագրութիւնը՝ հեռացնելով «պատմական Վրաստան», «Մեծ Վրաստան» ձեւակերպումները։ Սակայն Վրաստանի նախագահը չի հեռացրել իր գրառում
ը։

Share