Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանն ասել է, որ «ԱՄՆ նախագահական թեկնածուներից որեւէ մէկը չի վաստակել մեր աջակցութիւնը»։
Այս մասին նա ասել է ԱՄՆ նախագահական ընտրութիւններին ընդառաջ ամերիկահայ համայնքին ուղղուած ուղերձում:
«ԱՄՆ նախագահական թեկնածուներից երկու կողմն էլ պատասխանատուութիւն է կրում Ադրբեջանին զինելու, Ադրբեջանի կողմից ցեղասպանութիւն իրականացնելու օժանդակելուն եւ Արցախը լքելու համար։ Որեւէ մի կողմ չի հրաժարուել կամ չեղարկել այս անխոհեմ, անպատասխանատու եւ ցեղասպանութեանն աջակցող քաղաքականութիւնը:
Գիտակցելով, որ քարոզարշաւի յայտարարութիւններն օգնում են մօտաւոր ուղենիշ սահմանել Վաշինգտօնում մեր խնդիրների ձեւակերպման համար՝ այնուամենայնիւ, հաշուի ենք առնում մեր սեփական փորձը, երբ ակնյայտօրէն չի ներկայացւում որեւէ տեսակի պայմանագրային պարտաւորութիւն փաստացի քաղաքականութեան համար, պաշտօնը ստանձնելուց յետոյ:
Քաղաքական գործիչները ձգտում են վաստակել մեր ձայները, ինչով էլ պէտք է աշխատի մեր ժողովրդավարութիւնը: Թեեւ մենք ոգեւորուած ենք մեր աջակցութիւնը ստանալու համար առկայ մրցակցութիւնից, հիմնական հարցը մնում է այն, որ խօսքերը բաւարար չէն: Խոշոր կուսակցական թեկնածուներից ոչ մէկը չի ունեցել այն կոնկրէտ արդիւնքները, որոնք ի վիճակի են ապահովել մեր աջակցութիւնն ընտրութիւններից առաջ։ Մենք վաղուց թեւակոխել ենք այն օրը, երբ հաւատում էինք քարոզարշաւային շատ յաճախ դատարկ խոստումներին, թէ ինչ են անելու թեկնածուները ընտրուելուց յետոյ:
Այսօր կան գործողութիւններ, որոնք կարող են իրականացուել.
Հանրապետականները. Օրինակ, նախագահ Թրամփը կարող է հրապարակայնօրէն կոչ անել խօսնակ Ջոնսոնին ընդունել 7288 բանաձեւը` կիրառելով 907-րդ յօդուածի սահմանափակումը ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրուող օժանդակութեան վերաբերեալ: Ջեյ Դի Վենսը, որպէս ԱՄՆ գործող սենատոր, կարող է հովանաւորել 540 բանաձեւը, որն ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ի օժանդակութեան օգտագործումը հակահայկական ռազմական յանցագործութիւններ կատարելու համար:
Դեմոկրատները. Փոխնախագահ Հարիսը կարող է յայտարարել վարչակազմի կողմից 907-րդ բանաձեւի պաշտօնական կիրարկման, Ադրբեջանի դէմ Մագնիցկու պատժամիջոցների կիրառման եւ COP29-ին մասնակցելուց հրաժարուելու մասին, քանի դեռ բոլոր հայ պատանդները ազատ չէն արձակուել»,- ասւում է ուղերձում: