ՆԱՏՕ-ն խայտառակում է իրեն Ադրբեջանում

ՆԱՏՕ-ն խայտառակում է իրեն Ադրբեջանում

Ջեյմս Վ. Քարդէն

The American Conservative պարբերականի խմբագիր եւ ԱՄՆ Պետդէպարտամենտի նախկին խորհրդական Ջեյմս Վ. Քարդենի NATO Disgraces Itself in Azerbaijan յօդուածի հայերէն թարգմանութիւնը:


Մեկ տարի առաջ Ադրբեջանն իրականացրեց մի բան, որը մինչեւ անցեալ տարուայ իսրայէլական ջարդերը 1990-ականների հարաւսլաւական պատերազմներից ի վեր էթնիկ զտման ամենասարսափելի դէպքերից մէկն էր։ Ադրբեջանի զինուած ուժերը հաշուած օրերի ընթացքում վերահսկողութեան տակ առան հայկական Լեռնային Ղարաբաղ անկլաւը, եւ 120,000 քրիստոնեայ հայեր ստիպուած եղան լքել հողը, որը դարեր շարունակ իրենց տունն էր։

Յաջորդ ամիսներին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւը յայտարարեց, որ «ներկայիս Հայաստանը մեր հողն է»։ ԱՄՆ-ի աջակցութիւնը վայելող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն յաջորդ տարուայ ապրիլին չորս հայկական գիւղ յանձնուեց Ադրբեջանին։

Վերադառնանք այս սեպտեմբերի վերջին շաբաթը, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինայ Քուինը մասնակցեց Ադրբեջանի պատերազմում զոհուած հայերի յիշատակի արարողութեանը։ Այս առիթով ԱՄՆ դեսպանատունը յայտարարութիւն տարածեց, որում, մասնաւորապէս, ասւում է, որ «Միացեալ Նահանգները յանձնառու են համագործակցել Հայաստանի կառավարութեան հետ՝ օգնելու նրանց, ովքեր կորցրել են իրենց տունն ու ապրուստի միջոցները»:

Սակայն նման տրամադրութիւնները դժուար է լուրջ ընդունել, երբ վերջերս ՆԱՏՕ-ն բարձրաստիճան պատուիրակութիւն ուղարկեց Բաքու՝ համբուրելու Ալիեւի ձեռքը: Ըստ Հայաստանի Կիրառական քաղաքականութեան գիտահետազօտական ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնեանի, այս տարուայ հոկտեմբերի ընդամէնը չորս օրուայ ընթացքում Ադրբեջանն անցկացրեց երկու բարձր մակարդակի հանդիպումներ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։

Այդ թւում էր Ադրբեջանի զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետ Քարիմ Վալիեւի եւ ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխաւոր տնօրէն, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի հանդիպումը, որի ժամանակ, ըստ ՆԱՏՕ-ի տարածած հաղորդագրութեան, քննարկուել է «Ադրբեջանի հետ համագործակցութեան նոր շրջանակ, յատկապէս պաշտպանական կրթութեան, փոխգործունակութեան, տոկունութեան եւ պաշտպանական կարողութիւնների զարգացման ոլորտներում»:

Այն, որ լեհ Ադամչակը Ամերիկայի գլխաւորած դաշինքի անունից աջակցում է իսլամիստների ագրեսիային քրիստոնեայ ազգի դէմ, ցոյց է տալիս, թէ որքան է փտել Արեւմուտքը:

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն ինձ ասաց, որ, իր կարծիքով, Ադրբեջանը «հետեւողականօրէն աղաւաղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան պատմութիւնը՝ իր նպատակներին համապատասխան, եւ զարմանալի չէ, որ կրկին արել է դա ՆԱՏՕ-ի պատուիրակութեան այցի առիթով։ Այնուամենանիւ, տխուր է, որ նոյնիսկ յաղթանակած ադրբեջանցիները չէն կարողանում գթասիրտ լինել պարտուած հայերի նկատմամբ, որոնք դարեր շարունակ բնակուել են այդ լեռներում, բայց վերջերս բռնի կերպով վտարուել են իրենց պապենական հողից, ինչը հաւասար է էթնիկ զտման»:

ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի դաւադրութիւնը կասկած չի թողնում, թէ որոնք են ՆԱՏՕ-ի իրական առաջնահերթութիւնները, որոնք երկար ժամանակ պատսպարուել են ընդհանուր «արժէքների» եւ «մարդու իրաւունքների» բարձրագոչ հռետորաբանութեան հետեւում: Սակայն բաւական հեշտ է հասկանալ Հայաստանի նկատմամբ Վաշինգտօնի բարոյական տեսանկիւնից նողկալի քաղաքականութիւնը. Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտութիւն, որի մէջտեղում յայտնուել է Հայաստանը՝ ոչ իր մեղքով:

Իսրայելի դերը, որն աջակցեց Ադրբեջանի էթնիկ զտումների արշաւին, իհարկէ, Վաշինգտօնում անտեսում են, թեեւ Իսրայելում դա գաղտնիք չէ․ իսրայէլական Haaretz թերթը խոստովանել է, որ Նեթանեահուի ռեժիմը «իր մատնահետքերն է թողել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների վրայ»:

Անցեալ տարուայ նոյեմբերին Երեւանի Քաղաքական եւ տնտեսական ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի նախագահ Բենիամին Պողոսեանն ինձ պատմեց, որ «2009 թուականից սկսած Իսրայելը դարձել է Ադրբեջանի առաջաւոր սպառազինութիւնների հիմնական մատակարարներից մէկը։ 2020-ի պատերազմի ժամանակ գրեթէ ամէն օր ադրբեջանական բեռնատար ինքնաթիռները թռիչքներ էին կատարում դէպի Իսրայել եւ հակառակ ուղղութեամբ։ Դեռեւս 2023-ի սեպտեմբերի վերջին՝ ադրբեջանական վերջին յարձակումից անմիջապէս առաջ, կրկին մի քանի բեռնատար ինքնաթիռ թռաւ Իսրայել եւ զէնքով լի վերադարձաւ Ադրբեջան։ Տեղեկութիւններ կան, որ Իսրայելը շարունակել է զէնք մատակարարել Ադրբեջանին նաեւ հոկտեմբերի 7-ից յետոյ»։

Պողոսեանը մատնանշեց, որ «Ադրբեջանը կանաչ լոյս է վառել Իսրայելի յատուկ ծառայութիւնների համար, յատկապէս՝ արտաքին հետախուզական ծառայութեանը, որպէսզի Ադրբեջանում անէն այն, ինչ ուզում են։ Իհարկէ, այժմ նրանք կարող են մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգութեան գօտին, որը սահմանակից է Իրանին»։

Նա շարունակեց. «Բազմաթիւ տեղեկութիւններ կան, որ Իսրայելի ռազմական հետախուզութիւնը կամ օտարերկրեայ հետախուզութեան աշխատակիցները օգտագործում են այդ օդանաւակայանները Իրանի դէմ գործողութիւնների համար»:

Իսկ որտե՞ղ է Ռուսաստանը, որը երկար ժամանակ տարածաշրջանի մեծ, գերիշխող ուժն էր: Սանկտ Պետէրբուրգի Ազգային հետազօտական համալսարանի տնտեսագիտութեան բարձրագոյն դպրոցի հետդոկտորանտ Պիետրոյ Շաքարեանն ասում է. «Առայժմ, հաշուի առնելով Ուկրաինայի պատերազմը, Ռուսաստանը զգուշաւոր եւ զուսպ քաղաքականութիւն է վարում Կովկասում։ Երբեմն կարող է նոյնիսկ թուալ, ոչ չափազանց յարգալից է Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ: Սակայն իրականութիւնն այն է, որ Մոսկուան չի կարող իրեն թոյլ տալ չափազանց երկար ժամանակ կաշկանդուած մնալ։ Որքան Հայաստանը թուլանայ Փաշինեանի օրօք, այնքան Ռուսաստանի աշխարհաքաղաքական եւ անվտանգութեան դիրքերը տարածաշրջանում կուատթարանան։ Ռուս-իրանական հզօրացող դաշինքը, իմ կարծիքով, ամենավառ ապացոյցն է, որ Ռուսաստանը անուէրապահօրէն մտադիր է պաշտպանել իր շահերը Կովկասում եւ մասնաւորապէս Հայաստանում՝ անկախ նրանից, թէ ինչ է ուզում Փաշինեանը»։

Միեւնոյն ժամանակ ԱՄՆ-ում աւարտւում է ընտրաշրջանը, եւ երկու թեկնածուներն էլ Իրանի նկատմամբ որդեգրել են (ակնյայտ պատճառներով) մաքսիմալիստական դիրքորոշում: Ցաւալիօրէն, Ադրբեջանի ռազմավարական նշանակութիւնը որպէս Իրանի դէմ քօղարկուած պատերազմի ֆորպոստ Իսրայելի համար (եւ ԱՄՆ-ի համար, քանի որ երկու կուսակցութիւնների պաշտօնեաներն էլ ասես Նեթանեահուի մանկլաւիկները լինէն) կը շարունակի արդիական լինել՝ հայերի կեանքի եւ ինքնիշխանութեան գնով։

Թարգմանութիւն՝ Մարիա Սադոյեան


Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ: Յոդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլէն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Օրակարգի տեսակէտները:

Աղբիւր՝ mediamax.am

Share