ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի կազմակերպութեամբ այսօր ՄԱԿ-ի երեւանեան գրասենեակի առջեւ տեղի ունեցաւ բողոքի ցոյց:
Ցոյցի մասնակիցները պահանջում էին նոյեմբերի 11-ից 22-ը Բաքւում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխութեան հեղինակաւոր համաժողովից՝ COP29-ից առաջ ճնշում գործադրել պաշտօնական Բաքուի վրայ՝ ազատ արձակելու ապօրինաբար բանտերում պահուող բոլոր հայ գերիներին եւ Արցախի պատանդառուած ռազմաքաղաքական ղեկավարութեանը:
«Կլիմայական պաշտպանութիւնն անհնար է առանց մարդու իրաւունքների պաշտպանութեան»․ մասնակիցների ձեռքին այս գրութեամբ տարբեր լեզուներով պաստառներ կային: Առջեւից տանում էին մեծ ցուցապաստառ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկարներով։
«Ադրբեջանը մէկ տարի առաջ Արցախում էթնիկ զտումներ է իրականացրել՝ տեղահանութեան ենթարկելով արցախահայութեանը։ Բռնազաւթուած տարածքներում Ադրբեջանն առ այսօր շարունակում է մշակութային ցեղասպանութիւն իրականացնել՝ ջնջելով հայկական հետքն Արցախից։ Առ այսօր Բաքւում շարունակում են պատանդառուած մնալ մի քանի տասնեակ հայ ռազմագերիներ, որոնց թւում են քաղաքացիական անձինք եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը։ Կլիմայական արդարութիւնը չի կարող լինել առանց մարդկային արդարութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան։ Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարաւորութիւն է տալու Ադրբեջանին՝ մաքրելու ցեղասպանի իր արիւնոտ ձեռքերը, խմբագրել բռնապետական ռեժիմի վարկանիշը։ Մենք պահանջում ենք, որ այս համաժողովին մասնակցող պատուիրակները ճնշում գործադրէն պաշտօնական Բաքուի վրայ՝ ազատ արձակելու Բաքւում ապօրինաբար պահուող հայ գերիներին»,- յայտարարուեց ՄԱԿ-ի գրասենեակի մօտ:
«Ադրբեջան ագրեսոր», «Ադրբեջան օկուպայ՛նտ», «Ադրբեջան ցեղասպայ՛ն». վանկարկում էին ցոյցի մասնակիցները:
Նրանք ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակին փոխանցեցին իրենց պահանջն ու բողոքն արտայայտող նամակ, որից յետոյ երթով շարժուեցին դէպի ՀՀ արտաքին գործերի նախարարութիւն, ՀՀ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ դեսպանատներ:
Դեսպանատների առջեւ ելոյթներ ունեցան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ եւ այլ քաղաքական գործիչներ:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութիւն պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը լրագրողների հետ զրոյցում ասաց, որ ակցիայի նպատակը շատ յստակ է. «Յաջորդ շաբաթ Բաքւում տեղի է ունենալու COP29 միջազգային խորհդաժողովը, եւ դրան մասնակցող միջազգային կազմակերպութիւններից պահանջում ենք, որ անպայման ճնշում բանեցնեն Ադրբեջանի վրայ, հայ ռազմագերիներին եւ այլ պատանդառուած անձանց ազատ արձակելու նպատակով»:
Իշխան Սաղաթելեանը յիշեցրեց, որ այսօր Ադրբեջանում է գտնւում 2 տասնեակից աւելի ռազմագերի, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիան ՀՀ նկատմամբ, մէկ տարի առաջ Արցախում իրականացրել է ցեղասպանութիւն, էթնիկ զտում: Այդ հարցերը միջազգային կազմակերպութիւնների, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների առջեւ բարձրացնում ենք նաեւ մեր ժողովրդի տեսակէտը՝ իրենց երկրներին փոխանցելու ակնկալիքով: