Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին

Արձագանքել է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը

«Մենք վստահ ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կողմից նախաձեռնած ընդհանրական աղօթքը կխթանի քրիստոնեական համայնքների, դիւանագիտական առաքելութիւնների, լրատուամիջոցների եւ միջազգային համապատասխան բոլոր կազմակերպութիւնների մասնակցութիւնը։

․․․Անկեղծօրէն յոյս ենք տածում, որ այս հոգեւոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկութիւնը շարունակուող հումանիտար ճգնաժամի վերաբերեալ եւ իրենց նպաստը կը բերէն ճշմարտութեան ու արդարութեան վրայ հիմնուած խաղաղարար լուծմանը»,-նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Արձագանքելով այս կոչին՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հրաւիրում է նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանում կազմակերպուող COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի նախօրեին, բոլոր բարի կամքի տէր մարդկանց միանալու Հայաստանին նուիրուած աղօթքի օրուան՝ հանուն խաղաղութեան հաստատման, փախստականների աջակցութեան եւ գերիների ազատ արձակման։

2020թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախի դէմ իրականացուած ռազմական ագրեսիան, դրան յաջորդած Լաչինի միջանցքի տասնամսեայ շրջափակումը եւ 2023թ․ սեպտեմբերին շուրջ 120․000 հայերի տեղահանումը իրենց հայրենի երկրից մնում է հրատապ խնդիր։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը եւս միացել է աղօթքի օրուայ կոչին։

«Կոչ ենք անում բոլոր կրօնական համայնքներին, միջազգային կառոյցներին եւ բարի կամքի տէր մարդկանց միանալ մեր աղօթքին՝ միաժամանակ զօրացնելով ջանքերը պահանջելու համար բոլոր հայ գերիների անյապաղ եւ անուէրապահ ազատ արձակումը Բաքուից։

․․․Մենք յիշեցնում ենք COP29 գագաթնաժողովին մասնակցող միջազգային հանրութեանը, որ արդարութիւնը եւ խաղաղութիւնը սերտօրէն փոխկապակցուած են եւ չի կարելի իրարից զատել։ Մենք չենք կարող պահանջել կլիմայական արդարութիւն՝ առանց դատապարտելու մարդու իրաւունքների խախտումները»,-նշել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը։

ԵՀԽ արձանագրում է, որ COP29-ը եզակի հնարաւորութիւն է, որպէսզի կոչ արուի 23 հայ գերիների, ինչպէս նաեւ Ադրբեջանի բանտերում գտնուող ադրբեջանցի քաղաքական բանտարկեալների եւ լրագրողների անուէրապահ ազատմանը։

ԵՀԽ-ի նախագահ Բ. Դոկտոր Հայնրիխ Բեդֆորդ-Շտրոմը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարիքն ունի մեր աղօթքների, մասնաւորաբար ասել է. «Քրիստօնեական հաւատքը ուղեկցել է հայ ժողովրդին Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադրումից ի վեր՝ 301 թուականից․․․Ապագան անորոշ է»։

Բեդֆորդ-Շտրոմն նշել է, որ Աստուած կառաջնորդի հայ ժողովրդին, եւ մենք կարող ենք միանալ Աստծուն մեր աղօթքներով․ «Մեր աղօթքները կը հասնեն նրանց սրտէրին եւ հոգիներին ու կզօրացնեն նրանց»։

ԵՀԽ-ի գլխաւոր քարտուղար Ռ․ Պրոֆ․ Դոկտոր Ջերի Պիլայը կոչ է արել բոլոր եկեղեցիներին միանալ աղօթքին եւ դիմել միջազգային հանրութեանը շարունակելու աջակցութեան ցուցաբերումը։

«Մենք մնում ենք աղոթական համերաշխութեան մէջ Հայ Առաքելական Եկեղեցու եւ Հայաստանի էկումենիկ գործընկերների հետ»,-ասել է Դոկտոր Ջերի Պիլայը՝ վերահաստատելով իրենց կոչն ուղղուած արդար եւ կայուն խաղաղութեան՝ միջազգային հումանիտար եւ մարդու իրաւունքների օրէնքներին համապատասխան։

ԵՀԽ-ն նոյեմբերի 10-ին՝ Ժնեւում, ժամը 17:00-ին Սուրբ Պետրոսի տաճարում կը կազմակերպի մասնաւոր աղօթքի արարողութիւն՝ հայ համայնքի հետ համագործակցաբար։
***
Բարեգութ Աստուած, դիմում ենք քեզ հայ ժողովրդի համար։
Շնորհակալութիւն ենք յայտնում այն բոլոր շնորհների համար, որոնցով օրհնել ես նրանց. ամուր հաւատքով, հոյակերտ եկեղեցիներով, ոգէշունչ արարողութիւններով, արուեստի եւ մշակոյթի բնագաւառում բացառիկ տաղանդներով, ինչպէս նաեւ տոկունութեամբ՝ յաղթահարելու պատմութեան ընթացքում բոլոր մարտահրաւէրները։

Քեզ ենք ներկայացնում այն ցաւը, որը մռայլեցնում է նրանց կեանքը այս օրերին, ռազմական ագրեսիայի զոհ դարձած սիրելինէրի համար հոսող արցունքները, նրանց անորոշութիւնն ու մտավախութիւնն ապագայի հանդէպ, ովքեր ստիպուած էին լքել իրենց տները եւ պատերազմում աւերուած սրբազան եկեղեցիների կորուստը։

Դու աշխարհի լոյսն ես։ Առաքիր քո լոյսը բոլոր տառապող սրտէրին ու կրկին ու կրկին ոգեշնչիր նրանց հաւատքի, սիրոյ եւ յոյսի քո ոգով։
***

Share