Ակցիայի  նպատակն է հարցը հանրային օրակարգում պահելը. Քրիստինէ Վարդանեան

Ակցիայի նպատակն է հարցը հանրային օրակարգում պահելը. Քրիստինէ Վարդանեան

ՀՅԴ Գերագոյն մարմինն այսօր հաղորդագրութիւն էր տարածել այն մասին, որ նոյեմբերի 1-ին, 14.00-ից բողոքի ակցիայ են նախատեսել ՄԱԿ-ի գրասենեակի առջեւ, որից յետոյ երթի մասնակիցները կշարժուէն դէպի ՀՀ ԱԳՆ եւ ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ։ Պահանջելու են Բաքւում կայանալիք COP29-ի մասնակիցներից` ճնշում գործադրել Բաքուի վրայ՝ հայ ռազմագերիներին բաց թողնելու համար։

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը «Հրապարակի» հետ զրոյցում ասաց, որ ակցիայի  նպատակն է հարցը հանրային օրակարգում պահելը։ 
«Նորմալ չէ, երբ ադրբեջանական բանտում հայ ռազմագերիներ են, երբ Ադրբեջանը պատրաստւում է հիւրընկալել բաւական խոշոր միջոցառում, եւ այդ թեման հանրային օրակարգում պարզապէս չկայ։ Ամբողջ աշխարհում լոբբիստական աշխատանքներ իրականացւում են, «Հայ դատի» գրասենեակներն են աշխատանքներ իրականացնում, բայց ներհայաստանեան օրակարգում այդ օրակարգը չկայ։ Բնականաբար, ակնկալիքն այն չէ, որ այս ցոյցի միջոցով կը լուծուէն բոլոր հարցերը, սակայն խնդիրն օրակարգում պահելը, ամբողջ աշխարհում տեղի ունեցող աշխատանքներին աջակցելը եւ հայկական օրակարգում հարցի վրայ ուշադրութիւն սեւեռելը եւ միջոցն է ցոյցը։ Եւ այդ գրասենեակների մօտ այցելելը եւ իրենց մարդու իրաւունքների պաշտպանութեան դերին հաւատարիմ մնալ պահանջելն է հարցը՝ նպատակն էլ դա է»,-ասաց ԱԺ պատգամաւորը։
ՄԱԿ-ի գրասենեակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ, որպէսզի թիրախային լինի ակցիան եւ հնարաւոր լինի, որ COP29-ին իրենց մասնակցութիւնը հաստատած պատուիրակները բարձրաձայնէն այս հարցը, բարձրաձայնէն Ադրբեջանում գտնուող գերիների հարցը, հնարաւորութեան դէպքում տեսակցէն նրանց կամ պահանջէն տեսակցութիւն ու դրանով իսկ կգեներացուի ճնշում Ադրբեջանի վրայ։

«Սա ընդամէնը մասնիկն է արդէն տեղի ունեցող քայլերի, ոչ թէ առանձին ինչ-որ քայլ է, որը չունի ընթացք եւ շարունակութիւն»,-ասաց Քրիստինէ Վարդանեանը։

Հարցին, ՀՀ ԱԳՆ-ի մօտ ցոյցը վերջիններիս արթնացնելու նպատակ ունի, Վարդանեանն ասաց, որ իրենք կարծում են, որ այս գերատեսչութիւնը արթուն է եւ գործում է ըստ իր ունեցած պլանաւորման։

«Սա փորձ է չշրջանցել պատասխանատուներին եւ մեղաւորներին այս իրավիճակի, եւ առիթ է նրանց ուղղուած բողոքը հասցէագրելու։ Շատ անտրամաբանական է, երբ մենք բոլորից պահանջում ենք մէզ վերաբերող հարցի լուծում, բացի Հայաստանի համապատասխան գերատեսչութիւններից»,-ասաց պատգամաւորը։

Մեր դիտարկմանն այն մասին, որ միջազգային իրաւապաշտպան բազմաթիւ կազմակերպութիւններ բարձրաձայնել են Ադրբեջանում քաղբանտարկեալների, ազատազրկուած լրագրողների, խօսքի ազատութեան կոպիտ ճնշումների մասին, սակայն հայ գերիների մասին խօսք անգամ չկայ, ասաց, որ երբ ՀՀ վարչապետի պաշտօնը զբաղեցնողը ՄԱԿ-ի ամբիոնից խօսում է ամէն ինչից, բացի հայ ռազմագերիներից, բոլոր աշխատանքերը, որ այդ ուղղութեամբ իրականացւում են ամբողջ աշխարհում,ե թէ չէն արժեզրկւում, ապա գոնէ կիսով չափ հաստատ արժեզրկւում են եւ անարդիւնաւետ են դառնում։

«Խնդիրն այն է, որ հիմա Հայաստանի Հանրապետութիւնից պաշտօնական մակարդակով աշխարհի միակ սուբյեկտից, ումից պէտք է այդ մասով բարձրանար աղմուկը՝ դա տեղի չի ունենում։ Խոսում են Լիբանանի փախստականներից, օրինակ խօսուոմ են Իսրայելի գերիներից, խօսում են ուկրաինական ճգնաժամից, որովհետեւ այդ պետութիւնների ղեկավարները ամէն յարմար առիթով խօսում են այդ նարատիւներով, այդ թեմաներն են բարձրաձայնում։ Եւ անպայման գտնւում է որեւէ թերթ կամ որեւէ այլ պաշտօնեայ, որը դա կրկնում է։ Հիմա եթէ Հայաստանի պաշտօնական տեսակէտից դա չի հնչում, մենք չպէտք է զարմանանք նրանից, որ չկան   թերթեր կամ միջազգային խոշոր պարբերականներ, որոնք դա կկրկնէն՝ դա է մեր գլխաւոր խնդիրը, դա է պատճառը, դա է անկիւնաքարը ու ելակէտը»,-ասաց Քրիստինէ Վարդանեանը։

Share