Դաշնակիցներ՝ նախ երկրի ներսում

Դաշնակիցներ՝ նախ երկրի ներսում

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Մենք սխալմամբ կարծում ենք, թէ մեր հիմնական վտանգը դրսից է, ուրիշ երկրից։ Մենք սրանով ճակատագրական սխալ ենք թոյլ տալիս։
Բաց ենք թողնում ամենածանր պրոցեսը՝ պետութեան կազմաքանդումը ներսից։ Այսօրուայ մեր անասնական բարքերը, համակեցութեան կանոնների բացակայութիւնը, ներքին ագրեսիան, անհատի եւ հասարակութեան անկումը, համատարած յուսալքութիւնը մէզ քանդում են ներսից, ու գալու է մի պահ, որ մեր պետութիւնը կազմաքանդելու համար արտաքին ագրեսիայ պէտք չի լինելու։ Հարեւան պետութիւնները, ի տարբերութիւն մէզ, սա շատ լաւ հասկանում են։
Մեզնից ուզում են ոչ թէ զիջումներ, սահմանադրութեան փոփոխութիւն, ճանապարհ եւ այլն. մէզնից ուզում են ստանալ սպանուած հասարակութիւն, անասնական հօտ, որն ամէն ինչ կը տայ ինքնակամ։ Ու նրանք այս հարցում արդէն ահագին ճանապարհ անցել են։
Չկայ «լիդերային» գիտակցումն այն բանի, որ հէնց սա պէտք է կասեցնել։ Բոլոր համակարգերում, սակայն, կան մարդիկ, ովքեր հասկանում են, թէ ուր է տանում այս ընթացքը։
Ներքին այլասերումից, ներքին կազմաքանդումից պէտք է սարսափել ու կասեցնել այդ ընթացքը։ Վստահ եմ՝ այդպէս են մտածում ընդդիմադիր համակարգերում շատերը, պետական համակարգում՝ մի զգալի շերտ, ուժայիններում՝ նոյնպէս, նոյնիսկ իշխանական թեւում ոմանց մօտ կայ այդ անհանգստութիւնը։ Սա ներքին երկխօսութեան հնարաւորութիւն է ստեղծում։ Այս հնարաւորութիւնը պէտք է օգտագործել։
Իրավիճակը մէզ ուղղակի պարտադրում է դուրս գալ ստանդարտ մտածողութեան թակարդից։ Հիմա ստանդարտ լուծումներ չկան ու առաջիկայում չէն լինելու։ Պետք է պատրաստ լինել կարեւոր հարցերի նայել այլ տեսանկիւնից։ Սա պահանջում է զսպուածութիւն եւ սթափ միտք։ Սա պահանջում է միտք՝ առաջին հերթին։
Մեր երկիրը վերցնելու են՝ մէզ որպէս հասարակութիւն ոչնչացնելուց յետոյ։ Այսօր մեր հասարակութիւնն արդէն ոչ մի բանից չի վիրաւորւում։ Նորմալ, սօլիդ իշխանութեան պայմաններում, սակայն, ընդամէնը մի քանի ամսում այդ վիճակը կփոխուի։ Ամոթ ու զարմանք կզգանք՝ գիտակցելով, թէ ինչի էինք վերածուել։ Բայց որպէսզի ունենանք այդ նոր իշխանութիւնը, հասարակական փոփոխութիւններ են պէտք։ Հաւի- ձուի դիլեման է դառնում, բայց պէտք է գոնէ մինիմալ կէտից սկսել։ Ի՞նչ անել, որպէսզի հասարակութիւնը նորից սովորի գոնէ ամաչել եւ վիրաւորուել։ Այստեղ կարեւոր է ընդգծել, որ խօսքը անհատների մասին չէ, խօսքը հասարակութեան մասին է՝ իր իւրայատուկ կառուցուածքով, իր առանձին խմբերով, իր դրսեւորումներով։ Ի՞նչ է պէտք անել, որպէսզի հասարակութիւնն ամաչի եւ վիրաւորուի իր հետ կատարուողից, պահանջի ու իրականացնի խոշոր փոփոխութիւններ։ Սա գոռալով չի լինելու, կոչերով չի լինելու, կիսատ-պռատ քայլերով չի լինելու։ Պետք է նախ հասկանալ՝ այդ հասարակութիւնն ինչ է։ Պետք է հասկանալ. եթէ, ըստ սոցհարցումների, 75 տոկոսը չի վստահում ոչ մէկին, ապա արդյօք դա նշանակում է, որ 75 տոկոսը չի վստահում պետութեան ապագայի՞ն։ Պետք է հասկանալ՝ իրականում ի՞նչ տոկոս է կազմում «մեծարգոների ենթամշակոյթը» , եւ էլ ուրիշ ի՞նչ ենթամշակոյթներ կան։ Պետք է հասկանալ՝ ի՞նչը կազդի այդ խմբերի քնած զգացմունքների վրայ, եւ արդյօք դրանք իրօք քնա՞ծ են, թե՞ մենք պարզապէս նրանց չենք հասկանում։
Պետք է հասկանալ, թէ իրականում հասարակութեան կազմաքանդման ո´ր աստիճանին ենք հասել, եւ մեր հանրային նեարդի ո´ր կէտէրն են դեռ կենդանի եւ պիտանի՝ հետն աշխատելու համար։
Հայ հասարակութեան քանդումից մինչեւ հայկական պետութեան քանդում գուցէ նոյնիսկ կէս քայլ չէ։ Սա պէտք է զգաստացնի բոլոր նորմալ մարդկանց, եւ եթէ կան իշխանութեան մէջ այնպիսիք, որոնք չէն ուզում իրենց վրայ վերցնել պետութեան գերեզմանափորի դերը, պիտի օգտագործեն այսօրուայ գուցէ վերջին խաղաղ պահը՝ լուծումներ փնտրելու համար։ Իշխանութեան ներսում թէ իշխանութիւնից դուրս, պետական համակարգում թէ քաղհասարակութեան…
Ներքին հաշտութեան, երկիրը պահելու հարցի շուրջ ներքին երկխօսութեան, հանրային համաձայնութեան գաղափարը շատ կարեւոր է՝ վատագոյն սցենարներից խուսափելու համար։

Share