Այո, մենք այդ պայմանաւորուածութիւնը ձեռք ենք բերել, վերահաստատել ենք, բայց այս պահի դրութեամբ, իրագործուած չէ այն, ու ոչ` մեր մեղքով: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբէն Ռուբինեանը՝ պատասխանելով հարցին, որ պէտք է արդէն երրորդ անձանց համար Մարգարայի անցակէտը, սահմանը բացուած լինէր, բայց յապաղում կայ, ինչո՞ւմն է խնդիրը:
«Այսինքն, մենք մեր կողմից համախատասխան քայլերն արել եք, Մարգարայի անցակէտը վերանորոգել ենք, ամէն ինչ արել ենք եւ սպասում ենք թուրքական կողմից այդ պայմանաւորուածութեան իրագործմանը:
Ընդհանուր առմամբ, կարգաւորման գործընթացը շարունակւում է. հայկական կողմը պատրաստ է հէնց վաղն ունենալ բաց սահմաններ, հաստատուած դիւանագիտական յարաբերութիւններ»,- ասաց նա:
Իսկ թէ ինչու քայլ չի արւում, Ռուբինեանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, մէզ համար յստակ է, որ մենք ձեռք ենք բերել պայմանաւորուածութիւներ եւ յոյս ունենք, որ այդ պայմանաւորուածութիւնները կը կատարուէն»։
Հարցին էլ՝ հնարաւո՞ր է՝ այդ պայմանաւորուածութիւններն իրականացուէն հայ-ադրբեջանական պայմանագրի հաստատումից յետոյ, Ռուբինեանն արձագանքեց, որ թուրք դիւանագէտի հետ հաստատել են՝ պայմանաւորուածութիւններն առանց նախապայմանների են։
Նա նաեւ նշեց, որ Հայաստան-Թուրքիա կարգաւորման գործընթացը եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան գործընթացը երկու տարբեր գործընթաց է: «Արդյօք կարող են դրանք փոխազդել միմեանց վրայ, կարող են: Ես կարծում եմ՝ Հայաստան-Թուրքիա գործընթացում առաջընթացը մեծապէս կնպաստի Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան գործընթացին:
Ընդհանրապէս մենք խօսում ենք երկրների մասին, որոնք նոյն տաշրածաշրջանում են եւ, բնականաբար, ազդեցութիւն լինում է, բայց դա երկու տարբեր գործընթաց է»,- ասաց ԱԺ փոխխօսնակը: