Մենք կարողացանք տրամադրութիւններ փոխել, մեր քայլերի շնորհիւ կարողացանք հասարակութեանը արթնացնել եւ հիմա էլ «Սրբազան պայքարը» կանգնել է բոլորի կոկորդին. այս մասին այսօր «Սրբազան Պայքարի» աջակիցների իրաւունքների զանգուածային խախտումները» թեմայով հրաւիրուած ասուլիսի ժամանակ յայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներից Գառնիկ Դանիելեանը։
Նա նշեց, որ իշխանութիւնները, եթէ ասում են, որ այս շարժումը մարել է, ապա ինչու են ամէն օր «Սրբազան պայքարի» ակտիւ համակիրների ու աջակիցների նկատմամբ բռնութիւններ կիրառւում։
«Էս մարդիկ ստեղծել են յանցաւոր խմբեր, որոնք առանց պատճառի կանգնեցնում են մարդկանց մեքենաները, ահաբեկչի գործելաոճով մարդկանց տանում են ոստիկանական բաժանմունքներ եւ կտտանքների ու հալածանքների ենթարկում։ Եթէ ամէն ինչ նորմալ է, շարժումը մարած է, ապա այս ճնշումներն ինչի՞ համար են»,- ասաց Դանիելեանը։
Ըստ նրա՝ շարժման քայլերը քննադատում են այն մարդիկ, ովքեր Արցախի անկման ժամանակ մատը մատին չէն խփել, ստատուս են գրել․
«Խոստովանում ենք նաեւ, որ այս կարճ ժամանակահատուածում իշխանութեանը հեռացնել չի ստացուել, բոլորս վճռական ենք պայքարը շարունակելու հարցում»։
Գառնիկ Դանիելեանը յայտարարեց, որ Փաշինեանի հեռանալը ժամանակի հարց է. «Նա իր իշխանութիւնը պահում է բռնութիւնների, ռեպրեսիաների եւ միջազգային տարբեր հովանաւորների միջոցով», — նշեց Դանիելեանը։