Արմէն Ռուստամեան. Սահմանազատման յանձնաժողովը ի՞նչ իրաւունքով է իրականացրել սահմանադրութեամբ իրեն չը վերապահուած լիազօրութիւններ

Արմէն Ռուստամեան. Սահմանազատման յանձնաժողովը ի՞նչ իրաւունքով է իրականացրել սահմանադրութեամբ իրեն չը վերապահուած լիազօրութիւններ

Պետական սահմանի մասին 5-րդ օրէնքի համաձայն պետական սահմանի տեղորոշումը եւ փոփոխութիւնը կատարւում է  ՀՀ միջազգային պայմանագրերով եւ ՀՀ օրէնքով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նիստում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման կանոնակարգի վաւերացման հարցի վերաբերեալ Մհեր Գրիգորեանի կողմից զեկուցման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը:

«Ըստ յայտարարութիւնների՝ արդէն տեղորոշուած է 12 կմ միջպետական սահման, ի՞նչ իրաւունքով է դա արուել, ո՞ր միջազգային պայմանագրերով եւ Հայաստանի ո՞ր օրէնքով: Երկրորդ հարցս հետեւեալն է՝ սահմանազատման յանձնաժողովը ի՞նչ իրաւունքով է իրականացրել  սահմանադրութեամբ իրեն չը վերապահուած հանրային, իշխանական լիազօրութիւններ, օրինակ պետական սահմանի մաս կազմող արձանագրութիւնը, որը պէտք է ընդունի ձեր յանձնաժողովը:  Երրորդ հարցս այն  է, թէ ինչու է պարտադիր համարուել ԱԺ-ի կողմից վաւերացումը, այն ըստ կանոնակարգի պարտադիր չէ»,-ասաց Ռուստամեանը:

Մհեր Գրիգորեանն արձագանքեց, որ իրաւական հիմքերի դէպքում պէտք է  հաշուի առնել պետութեան ինստիտուտների գնահատականները. «Ես չեմ կիսում այն գնահատականը, թէ ինչ-որ գործողութիւններ անօրինական են եղել: Ես կարծում եմ, որ ՀՀ-ն ունի սահմաններ ու դրանք պէտք է տեղորոշել: Սահմանների փոփոխութիւն ըստ էութեան տեղի չի ունեցել, Տաւուշում իրականացուել է 12 կմ սահմանագծի վերականգնում  ու այն, ինչ վերականգնուել է  մեր օրինական սահմանն է»:



Share