«Սրբազան պայքար» շարժումը բողոքի ակցիա է անց կացրել ՀՀ Գլխաւոր դատախազութեան առջեւ

«Սրբազան պայքար» շարժումը բողոքի ակցիա է անց կացրել ՀՀ Գլխաւոր դատախազութեան առջեւ

Ակցիայի մասնակիցները պահանջել են քրէական գործեր յարուցել Փաշինեանի եւ ՀՀ ՍԴ-ի դէմ

հոկտեմբերի 9-ին, «Սրբազան պայքար» շարժման աջակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդութեամբ ՀՀ Դատախազութեան շէնքի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել:

Նրանք պահանջում էին երկու քրէական գործ յարուցել, մէկը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի, միւսը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման դէմ։

«Հայաստանի իշխանութիւնները չեն պաշտպանում մեր հայրենակիցների իրաւունքները, որոնք գտնւում են Բաքւի բանտերում։ Մենք պահանջում ենք նրանց ազատել ու վերադարձնել Հայաստան»,- ակցիայի ժամանակ յայատարարել է Բագրատ Սրբազանը:

«Հայաստանի Հանրապետութիւնը պարտաւորութիւն էր ստանձնել լինել Արցախի Հանրապետութեան երաշխաւորը, սակայն իշխանութիւնը որեւէ քայլ չի արել այդ պարտաւորութիւնները կատարելու ուղղութեամբ»,-ասել է Սրբազանը։

Նրա խօսքով՝ երկրում յանցագործութիւնների շղթան շարունակւելու է այնքան ժամանակ, քանի դեռ այն չի կանխւել ու գնահատական չի տրւել։

Ակցիա մասնակիցները պահանջել են, որ ՀՀ գլխաւոր դատախազ վայր իջնի եւ դէմ առ դէմ հանդիպի նրանց հետ ու պատասխանի նրանց յուզող հարցերին: Դատախազութիւնից սակայն, տեղեկացրել են, որ համակարգի ինչ-որ ներկայացուցիչ պատրաստ է ընդունարանում հանդիպել ակցիայի մասնակիցների ներկայացուցիչների հետ:

Արձագանգելով ՀՀ Դատախազութեան պատասխանին, Բագրատ Սրբազանն ասել է.  «Թոյլ տւէք չծիծաղել։ Սա ձեւ չէ շփման: Այս մարդիկ երես առ երես հանդիպելու դժւարութիւն ունեն, որեւէ պաշտօնեայ առաջին հերթին կոչում ունի իր կեանքն ապահովող քաղաքացիների գումարներից ստացած հասոյթով հանդերձ այդ քաղաքացիներին պատասխան տալու»,- յայտարարեց Սրբազանը՝ ընդգծելով որ գործերն այսպէս թէ այնպէս ընդունարանում են յանձնելու ու այնտեղ որեւէ մէկի կարիքը չկայ։

Սրբազանը յաւելեց, որ այսօրւայ ընդունարանն այն տեղն է, որտեղ այս պահին բողոքի ակցիա է անցկացւում, իսկ ընդունողն էլ իրենք են։

«Հետեւաբար, եթէ պաշտօնեայի, ծառայողի գիտակցութիւնն ունէք, ուրեմն վար իջէք ու պատասխանը տւէք այն հարցրերի, որոնք մենք այստեղ ներկայացրել ենք։ Այս գործերն ուղղւած են հէնց ՀՀ գլխաւոր դատախազին, ու նա հէնց պէտք է պատասխանի։ Մենք սպասում ենք հենց նրան»,- յայտարարել է Բագրատ Սրբազանը։

Ոստիկանները խլել են Փաշինեանի խրտւիլակը

Բողոքի ակցիայի ժամանակ, ակցիայի մասնակիցները փորձել են այրել կալանաւորի հագուստով Նիկոլ Փաշինեանի խրտւիլակը, սակայն ոստիկանները միջամտել եւ թոյլ չեն տւել:

Բողոքող քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ քաշքշոց է տեղի ունեցել: Ի վերջոյ, ոստիկաններին յաջողւել է խլել Փաշինեանի խրտւիլակը:

Ներկաները ոստիկանների ուղղութեամբ վանկարկել են «ամօթ, դաւաճաններ»:

Բագրատ Սրբազանը ոստիկանութեանը կոչ է արել. «Էդքան մի տանջւէք, տղէ՛րք, էս մարդը ձեզ էլ է յանձնելու, ինչպէս յանձնեց Արցախի ձեր գործընկերներին»։

Ցուցարարներն իրենց հետ ունեցել են նաեւ մետաղադրամներ, որոնց մի կողմում Նիկոլ Փաշինեանի պատկերն է եղել, միւսում՝ Իլհամ Ալիեւինը: Նրանք մետաղադրամները նետել են ոստիկանների ուղղութեամբ:

Share