Թուրքական թէզերի «թաւշեայ փաթեթաւորումը»

Թուրքական թէզերի «թաւշեայ փաթեթաւորումը»

Արման Աբովեան

Հայաստանում գործող իշխանութեան ելոյթները վերլուծելիս առաջանում է այն հաստատուն զգացողութիւնը, որ գործ ունենք ոչ թէ պարզապէս «թաւշեայ յեղափոխականների» քարոզչամեքենայի, այլ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներն առաջ մղող «փաթեթաւորման» տեղեկատուական ծառայութեան հետ։

Ընդ որում, երկրի ապամոնտաժման անհրաժեշտութիւնը քաղաքացիների գիտակցութեան մէջ մտցուում է «խաղաղութիւն և բարգաւաճում» կարգախօսներով։ Բայց հիմա հետաքրքիր է հետևել թուրքամէտ նարատիվների «փաթեթաւորման գործընթացի» տեխնոլոգիական բաղադրիչին։ Այն հետևեալ տեսքով է․ նախ, ադրբեջանական կողմը հրապարակաւ ինչ-որ բացարձակ աննորմալ, հակահայկական և հակապետական պահանջ է առաջ քաշում, օրինակ՝ Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութիւն։ Իշխանութեան կողմից այդ պահանջն առաջին փուլում բանաւոր մերժուում է։ Կառավարող խմբի ներկայացուցիչներն ամէն յարմար առիթով սկսում են ասել, որ Սահմանադրութեան փոփոխութիւնը Հայաստանի ներքին գործն է։

Այնուհետև սկսուում է ամենահետաքրքիրը, այն է՝ սոցցանցերում, հարցազրոյցներում, բոլոր մեդիահարթակներում՝ թուրքական տեղեկատուական հինգերորդ շարասեան և իշխանամետ մեդիառեսուրսների կողմից (ի դէպ, դրանք յաճախ մէկ ամբողջութիւն են) Հայաստանի քաղաքացիների ուղեղների զուգահեռ լուացումը։

«Փաթեթաւորման» երկրորդ փուլն այն է, որ իշխանամետ ռեսուրսները շանտաժ, վախ ու բարդոյթներ են առաջացնում հայ հասարակութեան մէջ՝ զուգահեռ ասպարէզ նետելով թէզեր, թէ «Սահմանադրութեան փոփոխութեան մէջ ոչ մի սարսափելի բան չկայ», և ամէն ինչ արուում է յանուն «խաղաղութեան»։

Այնուհետև, ադրբեջանական պահանջները «փաթեթաւորելու» եզրափակիչ ակտում հանդէս է գալիս անձամբ ինքը՝ Փաշինեանը՝ մէջբերելով յաճախ բացարձակ անհեթեթ և միաժամանակ չափազանց պարզ «փաստարկներ»՝ որ «եթէ Հայաստանի Սահմանադրական դատարանը հաշտութեան պայմանագիրը ճանաչում է հակասահմանադրական, ուրեմն պէտք է փոխել երկրի Սահմանադրութիւնը»։ Ու վե՛րջ, Հայաստանի ոչնչացման հերթական ակտը «փաթեթաւորուած» է Հայաստանի հպարտ քաղաքացիների գիտակցութեան մէջ՝ որպէս ընդունելի գործողութիւն։

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ իշխանութիւնը ոչ միայն նպաստում է Հայաստանի Հանրապետութեան կազմաքանդմանը, այլև հանդէս է գալիս որպէս Հայաստանի տարածքում «Արևմտեան Ադրբեջան» ստեղծելու գործընթացում Թուրքիայի և Ադրբեջանի շահերի անմիջական կատարող։

Ի դէպ, փաշինեանական իշխանութեան կողմից «փաթեթաւորման» հմտութիւնները հասել են այն մակարդակի, որ Հայաստանի ինքնիշխանութեան կորուստը նրանք անուանում են «պայքար յանուն ինքնիշխանութեան», Հայաստանի անկախութիւնից փաստացի հրաժարուելը՝ «պայքար յանուն անկախութեան», իսկ Հայաստանի պետական շահերի անտեսումը՝ «պայքար յանուն պետականութեան»։

Ահա այսպէս, յամառօրէն, լկտիաբար, խաբելով սեփական քաղաքացիներին, նրանք կառուցում են «իրական Հայաստան», որն իրականում «Արևմտեան Ադրբեջանի» ձևաւորման սկիզբն է։

Share