Դուբլինում ընթացող ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի աշնանային նստաշրջանում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ընտրուել է վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցութեան՝ սոցիալիստների եւ սոցիալ-դէմոկրատների խմբակցութեան /SDSP/ փոխնախագահ:
Նա այս մասին յայտնել է ֆեյսբուքեան իր էջում, նշելով, — Շատ պարտաւորեցնող է․ շարունակելու եմ միջազգային հարթակներում եւ յատկապէս սոցիալիստների մեծ ընտանիքում ներկայացնել ու պաշտպանել Հայաստան-Արցախի շահը։
Լիլիթ Գալստեանը ելոյթ է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողւում եւս մէկ անգամ հնչեցնելով Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի հարցը։
«Յարգելի գործընկերներ,
Փաստը, որ բնապահպանութեան եւ մարդու իրաւունքների ոլորտում վատագոյն ցուցանիշներ արձանագրած Ադրբեջանն ընդունելու է COP29-ը, շատերին ցնցեց: կլիմայի փոփոպութեան խնդիրներին նուիրուած այս կարեւորագուն հաւաքը Բաքւում հրաւիրելու որոշումն ընդունուեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական վայրագ ագրեսիայից յետոյ, որն հարկադրեց Արցախի 120,000 հայ ազգաբնակչութեանն անուէրադարձ հեռանալ հայրենիքից:
Ադրբեջանի կողմից ողջ հայ բնակչութեան բռնի տեղահանումն ըստ էութեան սահմանւում է որպէս էթնիկ զտում, որը յանցագործութիւն է մարդկութեան դէմ։
Ակնյայտ է, Ադրբեջանն օգտագործելու է բնապահպանական այս հաւաքը՝ սրբագրելու սեփական հեղինակութիւնը, մինչդեռ իրականում ռեժիմը շարունակում է Հայաստանի նկատմամբ ռազմատենչ վարքագիծը, ոտնահարելով սեփական ժողովրդի բոլոր հիմնարար իրաւունքները։
ներկայումս Բաքուի բանտերում են հայ ռազմագերիները եւ կալանաւորուած այլ անձինք, որոնցից շատերը գերեւարուել են զանգուածային տեղահանման ժամանակ։ Նրանց թւում են 2023 թ․ սեպտեմբերին անօրինական ձերբակալուած եւ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարները։
Այս անձանց դատավարութիւնները զուտ քաղաքական հետապնդումներ են, որոնք օրինականութեան եւ արդարութեան հետ ոչ մի աղերս չունեն: Առանց որեւէ ապացոյցի կամ պատշաճ ընթացակարգերի կամայական կալանաւորումը միջազգային բոլոր նորմերի՝ ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ Հելսինկեան եզրափակիչ ակտի բացայայտ ոտնահարում են։
Թեեւ Կանադան, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան բազմիցս կոչ են արել անուէրապահօրէն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ բոլոր կալանաւորուածներին, սակայն ոչ մի վճռական գործողութիւններ չէն ձեռնարկուել միջազգային իրաւունքի սկզբունքների պահպանումն ապահովելու համար:
Փոխարէնը, COP29 կլիմայական գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ տասնեակ պատգամաւորների մուտքը երկիր։
Սրանք այն պատգամաւորներն էին, որոնք ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատուիրակութեան լիազօրութիւնների սահմանափակման կողմ էին քուէարկել։
Յարգելի գործընկերներ,
Հնարաւոր չէ կլիմայական արդարութիւն ապահովել առանց համարդկային արդարութիւն:
Ի վերջոյ, մեր կազմակերպութիւնը հիմնուած է այն համոզմունքի եւ արժէքների վրայ, որ բոլոր մարդիկ եւ ազգերը հաւասար են իրենց իրաւունքների եւ պարտականութիւնների մէջ:
Միջազգային հանրութիւնը ձախողել է Արցախի խնդրի հանգուցալուծումը, թոյլ տալով ցեղասպանական գործողութիւն իրականացնել նրանց դէմ։ Սա նոր անարդարութիւնների եւ անպատժելիութեան ճանապարհ է բացում այլոց համար։
Կոչ եմ անում իմ գործընկերներին ակտիւացնել ջանքերը, տէր կանգնել այս մոռացուած պատերազմի զոհերին, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանաւորուած բոլոր քաղբանտարկեալների եւ գերիների անյապաղ եւ անուէրապահ ազատ արձակումը։
Սա միայն հայ ժողովրդի նկատմամբ արդարութեան խնդիր չէ։
Սա արդարութիւն է ողջ մարդկութեան համար»։