Ռազմական համալսարանի դասախօս, հրետանաւոր, փոխգնդապետ Աշոտ Շեկիկեանը մեր լրատուականի տաղաւարում 2020-ի յունուարի 28-ին՝ Բանակի օրուայ առիթով հետաքրքիր յուշեր էր պատմում: Սպայի խօսքից մի յուզիչ դրուագ եմ յիշում. Արցախեան առաջին գոյապայքարի տարիներին, երբ ազատագրւում էր հարաւը՝ Արաքսի հովիտը, հրետանաւոր Շեկիկեանը անցնում է Արաքսի ողջ երկայնքով, եւ ողջ ընթացքում Փոլադ անունով ադրբեջանցի մի սպայ առջեւից «ուղեկցում է» Շեկիկեանին:
Հասնելով Հորադիզի կողմերը՝ սպաները «բաժանւում են». Շեկիկեանը՝ Փոլադից, որին «ճանապարհում է» Բաքու, Փոլադը՝ հայոց Արցախ նահանգի Սիսական-ի-Կոտակ գաւառից: Արցախի դաւադիր յանձնումով մենք կորցրինք նաեւ շուրջ 120 կմ Արաքս, եւ այն փառքի ճամփան, որն անցել են Շեկիկեանի պէս նուիրեալները…Ճակատագրի բերմամբ այս լուսանկարի երեք սպաները մեր լրատուականին հարցազրոյց տալուց 5 ամիս անց նոյն աւտոմեքենայում էին, երբ այրուեց այն:
Ողբերգութեան զոհ դարձաւ Վ. Սարգսեանի անուան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի աւագ դասախօս, 57-ամեայ փոխգնդապետ Հովիկ Քոսակեանը (լուսանկարում՝ ձախից առաջինը), իսկ նոյն համալսարանի դասախօսներ, փոխգնդապետ Աշոտ Շեկիկեանը եւ գնդապետ Պաւել Թոփչեանը (լուսանկարում՝ կենտրում) ծանր վիրաւորուեցին:
Յ.Գ. Օրերս Մեղրի-Ագարակում էինք, Արաքսի ափին, երգելով հռչակաւոր «Արաքսի արտասուքը»՝ յիշեցի կրկին փոխգնդապետ Շեկիկեանի եւ միւս հայորդիների յաղթական երթը Արաքսի ափով…
ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ
Ռաֆայէլ Պատկանեան
Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գընում եմ,
Հին-հին դարուց յիշատակ
Ալեաց մէջը պըտրում եմ։
Բայց նօքայ միշտ հեղհեղուկ,
Պըղտոր ջրով եզերքին
Դարիւ-դարիւ խըփելով
Փախչում էին լալագին։
Արա՛քս, ինչո՞ւ ձըկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած՝
Սըգաւոր ես ինձ նըման։
Ինչո՞ւ արցունք ցայտում են
Քու սէգ, հըպարտ աչերից,
Ինչո՞ւ արագ փաղչում ես
Այդ հարազատ ափերից։
Մի՛ պըղտորիլ յատակրդ,
Հանդարտ հոսէ՛ խայտալով,
Մանկութիւնը քու կարճ է՝
Շուտ կը հասնիս դէպի ծով։
Վարդի թըփեր թոյ՛ղ բըսնին
Քու հիւրընկալ ափի մօտ,
Սոխակները նոցայ մէջ
Երգէն մինչեւ առաւօտ:
Մըշտադալար ուռիներ
Սառ ծոցի մէջ քու ջըրին,
Ճկուն ոստըն ու տերեւ
Թող թաց անէն տապ օրին։
Ափերիդ մօտ երգելու
Հովիւք թոյ՛ղ գան համարձակ,
Գառն ու ուլը քու վըճիտ
Ջուրը մըտնին միշտ արձակ։
Մեջքը ուռցուց Արաքսը,
Փրփուր հանեց իր տակից,
Ամպի նըման գոռալով,
Էսպէս խօսեց յատակից.
— Խիզա՜խ, անմի՛տ պատանի,
Նիրհըս ինչո՜ւ դարեւոր
Վրդւում ես, նորոգում
40Իմ ցաւերը բիւրաւոր։
Սիրելիի մահից հետ
Ե՞րբ ես տեսել, որ այրին
Ոտից գըլուխ պըճնուի
Իր զարդերով թանկագին։
Որի՜ համար զարդարուիմ,
Որի՜ աչքը հրապուրեմ,
Շատէրն ինձ են ատելի,
Շատէրին՝ ես օտար եմ…
Իմ ազգակից գիժ Քուռը,
Թեեւ այրի ինձ նըման,
Ըստրկօրէն կրում է
Գայթակղիչի կուռ շղթան։
Բայց նա ինձ չէ օրինակ,
Ես հայ՝ հայիս կըճանչնամ,
Օտար փեսայ չուզելով,
Ես միշտ այրի կըմնամ։
Կար ժամանակ, որ ես էլ,
Շըքեղազարդ հարսի պէս,
Հազար ու բիւր պըչրանքով
Փախչում էի ափերես։
Յատակըս պարզ ու վըճիտ,
Կոհակներըս ոլորուն,
Լուսաբերը մինչեւ այգ
Ջըրիս միջին էր լողում։
Ի՞նչըս մընաց էն օրից,
Ո՞ր ջըրամօտ գեղերըս,
Ո՞րը իմ շէն քաղաքից,
Ո՞ր բերկրալի տեղէրըս։
Տուրքը ջըրի ամէն օր
Իր սուրբ ծոցէն Արարատ
Մայրախընամ ինձ սընունդ
Պարգեւում է լիառատ։
Բայց ես այն սուրբ ջըրերով,
Սուրբ Ակոբի աղբիւրին,
Պիտի ցօղեմ արտորա՞յք
Իմ ատելի օտարին…
Մինչ իմ որդիք,— ո՞վ գիտէ —
Ծարաւ, նօթի, անտէրունչ
Օտար աշխարհ հածում են
Թոյլ ոտքերով կիսաշունչ…
Հեռո՜ւ, հեռո՜ւ քըշեցին
Բընիկ ազգըն իմ Հայկեան,
Նորայ տեղը ինձ տըվին
Ազգ անկըրոն, մոլեկան։
Դոցա՞ համար զարդարեմ
Իմ հիւրընկալ ափերը,
Եւ կամ՝ դոցա՞ հրապուրեմ
Ճըպռոտ, պըլշած աչերը։
Քանի որ իմ զաւակունք
Այսպէս կու մընամ պանդուխտ՝
Ինձ միշտ սըգուոր կը տեսնեք,—
Այս է անխաբ իմ սուրբ ուխտ…
Էլ չի խօսեց Արաքսը,
Յորձանք տուեց ահագին,
Օղակ-օղակ օձի պէս
Առաջ սողաց մոլեգին։