Գզրոցներից հանուած փաստաթղթերն ու իշխանութիւնների կողմից իջեցուած հրահանգը

Գզրոցներից հանուած փաստաթղթերն ու իշխանութիւնների կողմից իջեցուած հրահանգը

Ռոբերտ Մարգարեան

Թաթուլ Յակոբեանին պատկանող «ԱՆԻ կենտրոն»-ն իր կայքում հրապարակել է Քի Վեսթի փաստաթղթի կապակցութեամբ ՀՅԴ Բիւրոյի 2001 թուականի ապրիլի 16-ին յղած 55-րդ շրջաբերականը:

Յիշեալ կայքը 55-րդ շրջաբերականը հրապարակել է յղում կատարելով «Առաւօտ» օրաթերթի 2001 թուականի յունիսի 9-ի համարին, որտեղ առաջին անգամ լոյս է տեսել այդ փաստաթուղթը:

Անկախ նրանից թէ ներքին շրջանառութեան մէջ դրուած շրջաբերականը, որի «բովանդակութիւնը ամէն պարագայի պէտք է մնայ խորհրդապահական » ինչպէս եւ ինչ նպատակով էր ամիսներ անց յայտնուել «Առաւօտ» օրաթերթի էջերում, այս պահին մեզ առաւել պիտի հետաքրքրի այն հարցը, թէ Թաթուլ Յակոբեանն ու նրա գլխաւորած «ԱՆԻ կենտրոն»-ը պեղելով իրենց գզրոցներն ինչո՞ւ են յատկապէս հիմա որոշել կրկին հանրութեան ուշադրութեանը յանձնել 21 տարի առաջ յղուած ՀՅԴ ներքին շրջաբերականը:

Ինչ վերաբերում է շրջաբերականին, դա ոչ միայն արտառոց որեւէ բան չի պարունակում, այլ ընդհակառակը հիմք ընդունելով դրա բովանդակութիւնը կարելի է մի քանի հետաքրքիր արձանագրում կատարել:

Նախ այն, որ Նախագահ Ռոբերտ Քոչարեանը գաղտնի գործարք չի կնքել ու բանակցութիւնների բովանդակութեան մասին նախապէս տեղեակ է պահել իր գործընկեր ՀՅԴ-ին, որն էլ իր հերթին այդ մասին տեղեակ է պահել իր սփիւռքեան բոլոր կառոյցներին: Ի տարբերութիւն Նիկոլ Փաշինեանի որդեգրած ընթացքի ըստ որի նոյնիսկ նրա կուսակցութեան անդամներն ու պատգամաւորները լիարժէքօրէն տեղեակ չեն այն փաստաթղթի բովանդակութեան մասին, որի շուրջ այս պահին բանակցուում է Ադրբեջանի հետ:

Շրջաբերականը նաեւ հերթական անգամ ապացուցում է ՀՅԴ-ի շարքերում որոշումների ընդունման խիստ ժողովրդավարական ընթացքը, երբ վերադաս մարմինն անկեղծօրէն եւ առանց կաշկանդումի իր տարբեր շրջանների կառոյցների հետ կիսուում է իրեն փոխանցուած փաստաթղթի բովանդակութեամբ եւ ներկայացնում է թէ շրջանառութեան մէջ դրուած փաստաթղթի եւ թէ դա ընդունելու կամ մերժելու դրական ու բացասական հետեւանքները եւ կոչ անում փաստաթուղթը լուրջ քննարկման առարկայ դարձնել ու արդիւնքի մասին տեղեակ պահել:

Յիշեալ շրջաբերականը նաեւ մէկ անգամ ապացուցում է, որ Քի Վեստի փաստաթղթի համաձայն Մեղրին չէր փոխանակուում Արցախի դիմաց: Արցախը կցուում էր Հայաստանին,  իսկ դրա դիմաց վերադարձուում էին եօթ տարածքները եւ Ադրբեջանը Նախիջեւանին միացուում էր Արաքսի երկայնքով տրամադրուող «8 Մետր» (ոչ թէ 8 կիլոմետր, այլ ընդամէնը «8 ՄԵՏՐ») լայնք ունեցող ճանապարհով (ի դէպ, այս փաստն անգամներ հաստատել է նոյն ինքը Թաթուլ Յակոբեանը):

Վերադառնանք քիչ վերը ներկայացուած հարցին: Ինչո՞ւ այս փաստաթուղթը կրկին գզրոցներից հանուում ու հրապարակ է նետուում յատկապէս հիմա:

Կարծում եմ հարցի պատասխանը դժուար չէ գտնել:

Կարծում էք պարզ ընթերցողներից քանիսը՞ «հաւես» կանի մանրամասնօրէն ընթերցել շրջաբերականը կամ հասկանալ դրա իմաստն ու նպատակը:

Պարզ ընթերցողին հետաքրքրում է ընդամէնը խորագիրը: «Քի Վեստ» (որն իշխանութիւնների ջանքերով հաւասարուում է այսպէս կոչուած «Մեղրին յանձնելու» հետ), «ՀՅԴ» եւ դրանց միջեւ կապը:

«ԱՆԻ կենտրոն»-ն այսքանով չի բաւարարուել ու մէկ այլ գրառմամբ փորձել է զուգահեռներ անցկացնել 1996 թուականի Լիսաբոնեան եւ 1999 թուականի Ստամբուլեան փաստաթղթերի միջեւ ընդգծելով, որ «1996 թուականին Լեւոն Տէր-Պետրոսեանը վէտօ է կիրառել «տարածքային ամբողջականութիւն» ձեւակերպման վրայ, իսկ 1999 թուականին Ռոբերտ Քոչարեանը, ըստ էութեան, ընդունել է այն»:

Դա ի տես այն բանի, որ ինչպէս Ռոբերտ Քոչարեանն էլ բացատրել է վերջին հարցազրոյցի ժամանակ դա բացարձակ սուտ է: Ինչպէս յստակ նշուած է Ստամբուլեան փաստաթղթում Արցախին վերաբերող բաժնում ոչ մի նշում չկայ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մասին:

Յիշեալ հրապարակումների տրամաբանական պատճառը կարելի է գտնել «Փաստ» թերթի ապրիլի 16-ի համարում:

«Փաստ» թերթի տեղեկութիւններով, հաշուի առնելով վերջին օրերին Նիկոլ Փաշինեանի ու նրա պատգամաւորների ելոյթները խորհրդարանում, որոնք առաւել ակնյայտ էին դարձնում Հայաստանին ու Արցախին սպասուող նոր փորձանքները, ինչպէս նաեւ դրա հետ կապուած ընդվզման ալիքի ուժգնացումն ու, անկախ կուսակցական եւ անձնական մօտեցումներից, բաւական մեծ կոնսոլիդացիայի եւ նոր՝ առաւել հուժկու հանրահաւաքների հաւանականութիւնը, իշխանութեան «վերին էշելոններից» յանձնարարական է իջեցուել՝ այս օրերին առաւել մեծ թափով վարկաբեկման արշաւ սկսել ընդդիմադիրների դէմ եւ մանիպուլեացիոն նոր թէզեր շրջանառել»:

Ակնարկուած գրութիւնների ամբողջաանը տեսնել «Անի Կենտրոնի» կայքում, այստեղ՝

Share