Ամերիկայի ձայնի հաղորդմամբ Սեպտեմբերի 26-ին Նիւ Եորքում ՄԱԿ Գլխաւոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում ամերիկեան կողմի նախաձեռնութեամբ եւ մասնակցութեամբ կայացաւ ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքենի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Ի տարբերութիւն նախորդ եռակողմ հանդիպումների, այս անգամ հանդիպման մեկնարկին ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնը հանդէս չի եկել հրապարակային բացման խօսքով:
Ինչպէս տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարութիւնը՝ հանդիպման արդիւնքում «կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամկէտում կնքման ուղղութեամբ։»
ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրութեան համաձայն՝ «կողմերը շնորհակալութիւն են յայտնել ԱՄՆ պէտքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար։»
Հանդիպման վերաբերեալ նոյնանման հաղորդագրութիւն է տարածել նաեւ ադրբեջանական կողմը: Հանդիպման շուրջ այլ մանրամասներ չէն հաղորդւում:
Հանդիպումից յետոյ ԱՄՆ պէտքարտուղարութեան խօսնակ Մեթյու Միլերը տարածեց ամերիկեան կողմի հաղորդագրութիւնը հանդիպման վերաբերեալ, ուր, մասնաւորապէս, ասուած է.
«Այսօր Նիւ Եորքում ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի Բարձր մակարդակի համաժողովի ընթացքում պէտքարտուղար Էնթօնի Ջ. Բլինքէնը եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյեանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Պետքարտուղար Բլինքէնն իր գոհունակութիւն է յայտնել երկու արտգործնախարարներին այն առաջընթացի կապակցութեամբ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը արձանագրել են կայուն եւ արժանապատիւ խաղաղութեան հաստատման ուղղութեամբ եւ յորդորել շարունակել առաջընթացի գրանցումը երկու երկրների կողմից՝ հնարաւորինս շուտ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար: Պետքարտուղարն ընդգծել է, որ խաղաղութեան համաձայնագիրը տարածաշրջանին կը բերի աւելի մեծ կայունութիւն եւ բարգաւաճում»,- ասուած է Մեթյու Միլերի տարածած հաղորդագրութեան տեքստում:
Յիշեցնենք, որ ամերիկեան նախաձեռնութեամբ եւ ամերիկեան հարթակում վերջին հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ ԱՄՆ-ի պէտքարտուղարի մասնակցությմամբ տեղի էր ունեցել այս տարուայ յուլիսին Վաշինգտօնում ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակում: Այդ ժամանակ «կողմերը նշել են խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման վերաբերեալ պատմական պայմանագրի կնքման ուղղութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից գրանցուած առաջընթացը եւ համաձայնել են շարունակել աշխատանքները»: