Փաշինեանն ու Էրդողանը Նիւ Եորքում բանակցելու են

Փաշինեանն ու Էրդողանը Նիւ Եորքում բանակցելու են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի շրջանակներում կը հանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Իրանի առաջնորդ Մասուդ Փեզեշքիանի հետ, յայտնում է Sabah թերթը։

«Էրդողանը երկկողմ հանդիպումներ կ’անցկացնի աշխարհի բազմաթիւ առաջնորդների հետ եւ նրանց մեծ մասին կ’ընդունի Նիւ Եորքի թուրքական դիւանագիտութեան խորհրդանիշը հանդիսացող թուրքական տանը (շէնքը գտնւում է Նիւ Եորքում գտնուող ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց)»,- գրում է հրատարակութիւնը։

Աւելի վաղ «Anadolu» գործակալութիւնը յայտնել էր, որ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում Թուրքիայի ղեկավարի ելոյթի հիմնական թեման լինելու է Գազայում տիրող իրավիճակը։Թերթի տուեալներով՝ Էրդողանը կը հանդիպի նաեւ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիայ Ալ Սուդանիի, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆի, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտօնիու Գուտէրեշի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Քւուեյթի թագաժառանգ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ- Սաբահի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։Յիշեցնենք, որ համաշխարհային մի շարք առաջնորդներ, ինչպէս նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը գտնւում են Նիւ Եորքում, որտեղ մասնակցելու են ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային։

Ինչպէս աւելի վաղ յայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը տիկնոջ՝ Աննայ Յակոբեանի հետ, սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացեալ Նահանգներ:

Share