Իրաւունք չունենք դաւաճանելու

Իրաւունք չունենք դաւաճանելու

Ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետութեան ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինեանի ելոյթը բացայայտեց ՀՀ օրուայ իշխանութիւնների կողմից վարուող քաղաքականութիւնն ու հեռանկարը ադրբեջանաղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ։ Այդ քաղաքականութիւնը մինչ այժմ աղէտալի հետեւանքներ է ունեցել հայ ազգի եւ Արցախի համար: Պարզօրոշ է, որ նման քաղաքականութեան շարունակութեան դէպքում Արցախի հայաթափումը անխուսափելի է լինելու։ Վարչապետի կողմից բացայայտուած այս քաղաքական ուղեգիծը անընդունելի է իւրաքանչիւր պատուախնդիր հայի եւ յատկապէս Արցախի ժողովրդի համար։

Ղարաբաղեան խնդրի կարգաւորման իւրաքանչիւր փուլում Արցախի ժողովրդի կողմից ընտրուած իշխանութիւնների մասնակցութիւնը միշտ էլ կարեւորուել է հայկական պատուիրակների կողմից: Այդ սկզբունքից ելնելով՝ միայն ՀՀ եւ Ադրբեջանի Հանրապետութեան յարաբերութիւնների շրջանակում չպիտի դիտարկել խնդրի կարգաւորման գործընթացը: Այդ կարեւոր հանգամանքը բազմիցս շեշտուել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների կողմից: Նախքան 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխութիւնը՝ համանախագահների այցը Ստեփանակերտ վկայում է Արցախեան կողմի մասնակցութեան մասին:

Միջազգային հանրութիւնը՝ ի դէմս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի մանդատով օժտուաժ ԵԱՀԿ Մինսկի խմբի, տիրապետելով հակամարտութեան խորքային մանրամասներին՝ մշակել է իր մօտեցումները Արցախեան խնդրի կարգաւորման վերաբերեալ, որտեղ ամրագրուած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը։ Ժողովրդի կամքի ոտնայարմամբ Արցախի բռնակցումն Ադրբեջանին աներկբայ յանգեցնելու է Արցախի կործանմանը։

Արցախի Հանրապետութիւնը՝ որպէս հայկական անկախ պետականութիւն, հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման եւ համախմբման ջահակիրն է։ Արցախի անկախ պետութիւնն իր հիմնադրման օրուանից հայ ազգի պարծանքն ու յաղթանակի խորհրդանիշն է եղել, իսկ նրա անկումը հայ ժողովրդի համար դառնալու է բարոյական եւ պատմական անդառնալի կորուստ:

ՀՀ խորհրդարանի դահլիճում հնչող պարտուողական եւ բարոյազուրկ մօտեցումներն այլ բան չէն, քան դասալքութիւն:

Նիկոլ Փաշինեանի դրածոների կողմից վերջերս արուած արտայայտութիւնները միտուած են սեփական անկարողութիւնը քօղարկելուն եւ իրենց յանցաւոր մօտեցումները ժողովրդի վրայ բարդելուն։

Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այդ հարցի շուրջ որեւէ քննարկում անթոյլատրելի է։

Մենք իրաւունք չունենք դաւաճանելու մեր հայրենի պետութեանը, Արցախի պետականութիւնը կերտած հազարաւոր հաեորդիների թափած արեանն ու քրտինքին։

«Ապառաժ»-ի խմբագրական,
17 ապրիլի, 2022թ.

Share