Ռուբէն Վարդանեանին հարցաքննել են Բաքուի բանտում՝ Փաշինեանի յայտարարութեան կապակցութեամբ

Ռուբէն Վարդանեանին հարցաքննել են Բաքուի բանտում՝ Փաշինեանի յայտարարութեան կապակցութեամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնից յետոյ ադրբեջանական բանտում հարցաքննել են Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբէն Վարդանեանին։

Ընդ որում՝ համաձայն այսօր նրա գրասենեակի տարածած յայտարարութեան, Վարդանեանն, ադրբեջանցի քննիչներից տեղեկանալով իր վերաբերեալ Հայաստանի վարչապետի յայտարարութիւնների մասին, դրանց իսկութեանը չի հաւատացել եւ ընտանիքի հետ հեռախօսազանգի ժամանակ փորձել է ճշտել՝ իսկապե՞ս Փաշինեանն իր մասին նման բաներ է ասել։

Իսկ Հայաստանի վարչապետն, օրերս պատասխանելով հարցին՝ արդյօք Ադրբեջանի նախագահին հարցրե՞լ է, թէ ինչու Ռուբէն Վարդանեանին եւ միւս գերիներին ազատ չէն արձակում, ինքն էր մի շարք հարցադրումներ արել․ – «Ինչպե՞ս ստացուեց, որ Ռուբէն Վարդանեանը հրաժարուեց Ռուսաստանի քաղաքացիութիւնից, ո՞վ նրան խորհուրդ տուեց կամ յանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց Հայաստան, գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ խոստումներով»։

Ընտանիքի հետ հեռախօսազանգի ընթացքում ստանալով հաստատում, որ Հայաստանի վարչապետն իսկապէս նման յայտարարութիւն է արել, Ռուբէն Վարդանեանը խնդրել է փոխանցել իր խօսքը։

«Առաջին հերթին՝ իւրաքանչիւր մարդ ուրիշի գործողութիւնների մասին դատում է՝ ելնելով իր կեանքի մոդելներից եւ սկզբունքներից: Երկրորդը՝ եթէ վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ունէր, նա հնարաւորութիւն ունէր դրանք ինձ ուղղելու 2022 թուականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաեւ պետնախարարի պաշտօնն էի զբաղեցնում: Ամէն դէպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարաւորութիւնների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի», – ասել է Արցախի նախկին պետնախարարը:

Ռուբէն Վարդանեանը վարչապետին նաեւ յիշեցրել է, որ 2018-ի գարնանը, երբ առաջին անգամ գործընկերներով հանդիպել են պաշտօնը նոր ստանձնած Փաշինեանին, նրան երեք կէտ է ներկայացրել, որոնք պահպանել է ու շարունակում է պահպանել։ Նախ, որ չի ցանկանում եւ չի միջամտի Հայաստանի քաղաքականութեանը: Երկրորդ, որ զբաղւում են բարեգործութեամբ՝« անկախ Հայաստանի իշխանութիւնների նկատմամբ վերաբերմունքից, քանի որ դա անում են ժողովրդի համար»: Եւ երրորդ՝ միակ բանը, որ կարող է փոխել իր այդ մօտեցումը, Արցախի ճակատագիրն է:

«2020 թուականի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակուող սպառնալիքը ինձ համար շրջադարձային եղան, ինչի մասին ես բազմիցս բաց ու հետեւողականօրէն յայտարարել եմ: Այդ ժամանակից ի վեր իմ բոլոր գործողութիւնները թելադրուած էին Արցախի եւ նրա ժողովրդի ճակատագրի նկատմամբ մտահոգութեամբ: Հիմա մեր ժողովուրդն ապրում է իր պատմութեան ամենաբարդ ու ծանր շրջափուլերից մէկը, բայց ես շարունակում եմ հաւատալ, որ չնայած դժուարութիւններին ու տարաձայնութիւններին, մենք կը կարողանանք յաղթահարել այս փուլը եւս ու կառուցել խաղաղ ու լուսաւոր ապագայ», – ասել է Վարդանեանը։

Վարչապետն առայժմ չի արձագանքել Բաքուի բանտից իրեն ուղղուած Ռուբէն Վարդանեանի յայտարարութեանը ու Փաշինեանի ցանկացած հարցին պատասխանելու առաջարկին։ Նրա խօսնակը չի պատասխանում «Ազատութեան» հեռախօսազանգերին։

Ի դէպ, վարչապետ Փաշինեանն իր վերջին ասուլիսում հարցնելով, թէ «ո՞վ է գործուղել Ռուբէն Վարդանեանին Արցախ եւ ի՞նչ նպատակով», առանց անուններ տալու, նաեւ հարցնում էր, թէ «աւելի ուշ՝ կալանաւորուելուց յետոյ, այդ ո՞վ էր շեշտում, որ Վարդանեանն այլ երկրի քաղաքացի է»։

Իսկ այն, որ Ռուբէն Վարդանեանը հրաժարուել է Ռուսաստանի քաղաքացիութիւնից, մէկ տարի առաջ ասել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ հարցրել էին, թէ արդյօք Մոսկուան քայլեր ձեռնարկո՞ւմ է Վարդանեանին ազատ արձակելու ուղղութեամբ։

«Նա հրաժարուել է Ռուսաստանի քաղաքացիութիւնից։ Մենք միշտ ենք դա արել եւ անում ենք։ Ինչ վերաբերում է նախկին ղեկավարներին, չեմ ուզում մանրամասների մէջ մտնել, բայց ինչպէս հասկանում եմ, նրանց Երեւանում չէն էլ ուզում տեսնել», – ասել էր ՌԴ նախագահը։

2022-ի դեկտեմբերի 22-ին Վլադիմիր Պուտինի հրամանագրով բաւաւարուեց Ռուսաստանի քաղաքացիութիւնից հրաժարուելու մասին գործարար Ռուբէն Վարդանեանի դիմումը: Օրեր անց՝ նոյեմբերի 4-ին, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Յարութիւնեանի հրամանագրով Ռուբէն Վարդանեանը նշանակուեց Արցախի պետնախարար: Նա այդ պաշտօնը չորս ամիս զբաղեցրեց, իսկ Արցախի տեղահանութեան օրերին ձերբակալուեց Հայաստան գալու ճանապարհին։ Ադրբեջանում նրան ծանր մեղադրանքներ են ներկայացուել՝ «ահաբեկչութեան ֆինանսաւորումից մինչեւ ապօրինի զինուած կազմաւորումների ստեղծում»։

Արդեօք Փաշինեանի յայտարարութիւնների կապակցութեամբ Բաքուի բանտում հարցաքննուած Վարդանեանին նոր մեղադրանք կը ներկայացուի՝ պարզ չէ։ Ադրբեջանական աղբիւրները դեռ ոչինչ չէն հաղորդում։

azatutyun.am

Share