Ներգաղթի խնդիրով թեկնածուները զերծ մնացին հիմնարար առաջարկներ ներկայացնելուց

Ներգաղթի խնդիրով թեկնածուները զերծ մնացին հիմնարար առաջարկներ ներկայացնելուց

Քամալա Հարիսի ու Դոնալդ Թրամփի հեռուստաբանաւէճի ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածուների մօտեցումները հակասում էին բազմաթիւ հարցերում՝ տնտեսական, ուկրաինական պատերազմին վերաբերող եւ այլն։ Բայց ներգաղթի հարցում նրանց դիրքորոշումները յատկապէս տարբեր էին։

Հարիս-Թրամփ հեռուստաբանաւէճի ժամանակ ներգաղթի հարցը զբաղեցրեց առանցքային տեղ։ Դիտորդների աչքից չվրիպեց, որ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը շրջանցեց ԱՄՆ-Մեքսիկայ սահմանը հատող ապօրինի միգրանտների մասին հարցը, իսկ Միացեալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կրկնեց քննադատութեան չդիմացող իր դիրքորոշումը, թէ երկրում յանցագործութեան աճի եւ ապօրինի միգրանտների մեծացող թուի միջեւ ուղղակի կապ կայ:

«Միլիոնաւոր մարդկանց են ներս են թողել։ Ամբողջ աշխարհում յանցագործութիւնը անկում է ապրում, բացի այստեղից»,- ասել է Թրամփը։

Չնայած հանրապետական գործչի նման պնդմանը, հետազօտութիւնները վկայում են, որ ներգաղթեալները համեմատաբար աւելի քիչ են կանգնած յանցագործութիւնների հետեւում, քան ԱՄՆ-ում ծնուած մարդիկ:

Սակայն իր ելոյթներում Թրամփը շարունակում է առաջ տանել ներգաղթի հարցում կոշտ դիրքորոշումը՝ խոստանալով վերընտրուելու դէպքում կեանքի կոչել այն:

«Եթէ յաղթեմ, ապա հէնց առաջին օրը կը սկսենք ԱՄՆ պատմութեան մէջ արտաքսման ամենամեծ գործողութիւնը»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Սակայն ներգաղթի գծով փորձագէտները հարցեր ունեն։

«Ինչի՞ մասին է խօսքը։ Արդեօ՞ք բոլորի դռան մօտ կը յայտնուէն ոստիկաններ եւ ներգաղթի ծառայութեան սպաներ՝ խնդրելով բնակիչներին ցոյց տալ փաստաթղթերը»,- հարց է բարձրացնում Immigration Research Initiative-ի ներկայացուցիչ Դեւիդ Դեսիգադ Քալիքը։

Երբ Քամալա Հարիսին հարցրեցին սահմանի ապօրինի հատումների մասին, որոնց թիւը աճել է Բայդենի վարչակազմի օրօք, չնայած նախորդ ամիսներին սկսել է նուազել, ԱՄՆ նախագահի դէմոկրատների թեկնածուն մեղադրեց Թրամփին՝ նշելով, որ հէնց նա էր դէմ, որպէսզի Կոնգրեսում հանրապետականները կողմ քուէարկէն ներգաղթի բարեփոխումների մասին օրինագծին:

«Թոյլ տուէք ասել, որ Միացեալ Նահանգների Կոնգրեսը, ներառեալ Միացեալ Նահանգների Սենատի ամենապահպանողական անդամներից մի քանիսը, հանդէս եկան սահմանային անվտանգութեան օրինագիծով, որը ես պաշտպանեցի: Եւ այդ օրինագիծը թոյլ կտար գործի անցնել սահմանային լրացուցիչ 1 500 սպաների»,- ասել է Հարիսը։

Փորձագէտները շեշտում են՝ առանց Կոնգրեսի հաւանութեան ներգաղթի ուղղութեամբ իրական բարեփոխումներն անհնար են:

«Նրանցից ոչ մէկը չխօսեց Կոնգրեսի կարեւորութեան մասին: … Թէ ով կը լինի [ԱՄՆ] նախագահը, հսկայական տարբերութիւն կստեղծի: Նախագահը շատ բան կարող է անել, բայց նրա լիազօրութիւնները սահմանափակ են»,- ասել է Դեւիդ Դեսիգադ Քալիքը։

Արիզոնայում կայացած հանրահաւաքի ժամանակ Հարիսը ընդգծեց՝ ԱՄՆ նախագահ ընտրուելու դէպքում ստորագրելու է ներգաղթի մասին օրինագիծը:

«Գիտենք, որ մեր ներգաղթի համակարգը շարքից դուրս է եկել, եւ մենք գիտենք, թէ ինչ է անհրաժեշտ անել՝ համապարփակ բարեփոխում, որը ներառում է ուժեղ սահմանային անվտանգութիւն եւ վաստակած ուղի դէպի քաղաքացիութիւն»,- ասել է Հարիսը:

Այսօր քիչ հաւանական է հմարւում, որ Հարիսն ու Թրամփը կրկին բանաւիճէն, եւ ներգաղթի հարցերով հետաքրքրութիւն ցուցաբերող ընտրողները, փաստօրէն, պէտք է ուշադիր լինէն թեկնածուների ծրագրերին։

VOA

Share